Հայաստանը դարձյալ հայտնվել է արեւելք-արեւմուտք պատերազմի թոհուբոհում: 2013-ին, Եվրոմիության հետ երկար բանակցություններից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծակի ընդհատեց երկխոսությունը այդ կառույցի հետ եւ կտրուկ շրջադարձ կատարելով համաձայնագիր ստորագրեց Մոսկվայի ղեկավարությամբ ստեղծված եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:
Մինչ օրս, պաշտոնական ոչ մի բացատրություն չի տրվել, թե ինչու նախագահը անձնական որոշմամբ ընտրեց երկիրն առաջնորդել բոլորովին այլ ուղղությամբ: Բայց պատճառներն ակնհայտ են: Մոսկվան ճնշում էր գործադրել:
Եվրոմիությունը որեւէ հակընդդեմ գործողություն չծավալեց: Փոխարենըՙ շարունակեց աջակցել Հայաստանին եւ շարունակեց նրան ու ռուսական ազդեցության տակ գտնվող մյուս երկրներին սիրաշահելու իր ջանքերը: Մոսկվան, տարված իր տարածաշրջանային եւ գլոբալ շահերով, անհրաժեշտություն չտեսավ հոգալու Հայաստանի տնտեսական կարիքները, բաց թողնելով դուռը Հայաստանի առաջ, որ շարունակի գործակցել արեւմուտքի հետ:
«Eurasia.net» բլոգը կասկածները փարատելու համար նշում է, որ ռուսական լրատվամիջոցները ձայնակցում են Կրեմլի ջանքերին: Պետական ֆինանսավորմամբ գործող «Sputnik» լրատվական ծառայությունը անցյալ շաբաթ Եվրասիական տնտեսական միությունը բնութագրել էր որպես հնարավորություն Հայաստանի համարՙ վերականգնելու խորհրդային ժամանակաշրջանի բարգավաճ վիճակը:
Նման նախաձեռնությունը հնչում է արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման ջանքերի նախօրեին: Նախագահ Սարգսյանը նոյեմբերին մասնակցելու է Բրյուսելում կայանալիք Եվրոմիության գագաթաժողովին, որին ներկա են գտնվելու նաեւ Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:
Սա Ռուսաստանին մեկուսացնելու արեւմոտքի համապարփակ ծրագրի մի մասն է: Մոսկվան, զիջողականություն դրսեւորելով, կարող է չպատժի Հայաստանին, որը միակը չէ, որ դեպի արեւմուտք է թեքվում:
Հայաստանի խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությունից երկիրը դուրս բերելու մի բանաձեւ ձախողության մատնվեց հենց սկզբից, հավանաբար Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառման վախից դրդված:
Այս անգամվա Հայաստանի մերձեցումը Եվրոմիությանը իր մեջ կոմպրոմիսային մի կետ է ներառում, որը կարող է վանել ռուսական կողմի մտահոգությունները, միաժամանակ Հայաստանին ընձեռելով երկու կողմերի միջեւ նշանակալի դերակատարություն ունենալու հնարավորությունը: Այն ներառում է քաղաքական բարեփոխումների սկզբնական ձեւակերպումները, որոնք երաշխավորում են, որ Եվրոմիությունն ու Հայաստանը միեւնույն ժողովրդավարական արժեքներն են դավանում: Հատուկ մի պարբերություն թույլ է տալիս Հայաստանին համագործակցել Եվրոմիության հետՙ պահպանելով հանդերձ Եվրասիական տնտեսական միության կանոններին հավատարիմ մնալու խոստումը:
Այսպիսով, Ռուսաստանը թուլացրել է սանձերը Հայաստանի նկատմամբՙ հավատ ընծայելով, որ վերջինս շատ հեռու չի գնա: Հայաստանի զգուշավոր հաստատակամությունն, իր հերթին, այլ դիվիդենտներ էլ է տվել. Մոսկվան հավելյալ 100 միլիոն դոլար է վարկ տվել գնելու արդիական զինտեխնիկա:
Բացի եվրասիական միությունից, Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է նաեւ ՀԱՊԿ-ում, որտեղ հատկապես երկու անդամներՙ Բելառուսն ու Ղազախստանը անպատիժ ոտնահարում են Հայաստանի շահերը: Հայաստանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վերջապես կոշտացնելով դիրքորոշումը հանդիմանեց իր բելառուս գործընկերոջըՙ Բոլեսլավ Պիրշտուկինՙ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ասելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է միջազգային հարթակներում պաշտպանեն միմյանց, եւ ոչ թե հանդես գան հայտարարություններով, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից:
Մինչ Ռուսաստանը թույլ չի տալու, որ իր ռազմավարական դաշնակիցները շատ հեռու գնան, նա նաեւ միաժամանակ փորձելու է հմայել մեկ այլ նախկին խորհրդային հանրապետությանՙ Ադրբեջանին միանալու ԵԱՏՄ-ին, որպես արդեն տարածաշրջանային մարտավարություն. վերջերս այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը միանա ԵԱՏՄ-ին, նախագահ Պուտինի եվրասիական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազիեւը նշեց, որ Ադրբեջանի անդամակցության հարցը պետք է որոշեն բոլոր անդամները, «բայց տվյալ դեպքում Հայաստանի որոշումը վճռական կարող է լինել, քանի որ նա կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը»:
Մոսկվան հավատացած է, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը նպաստելու է տարածաշրջանային կայունությանը եւ տնտեսական առաջընթացին: Իհարկե, Հայաստանն օգտվելու է տարածաշրջանի այդ տնտեսական առաջընթացից, բայց հանուն ինչի՞ նա պետք է հրաժարվի վետոյի իր իրավունքից: Այդուհանդերձ այդ կառույցում Ադրբեջանին ներգրավելու Մոսկվայի ձգտումը դրական արձագանք գտավ Հայաստանի խոհրդարանում, երբ իշխող Հանրապետական կուսակցության անդամները նշեցին, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը «կնվազեցնի թշնամանքի վերսկսման հնարավորությունը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վաղուց արդեն հույսը կորցրել է, որ ԵԱՀԿ-ը կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը եւ դրանով հնարավորություն կունենա անդամակցելու Եվրոմիությանը: Բայց կարծես Բաքուն չի էլ շտապում այդ հարցում: Հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը շատ արդյունավետ չէր: Երկու երկրների արտգործնախարարների համատեղ հաղորդագրությունը նշում էր, որ «հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական մթնոլորտում: Համանախագահներն իրենց գոհունակությունը արտահայտեցին երկար ընդմիջումից հետո այս անմիջական երկխոսության առթիվ: …Որպես հաջորդ քայլ, համանախագահները աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու նախարարների հետ մոտ ապագայում»:
Միայն նախագահ Սերժ Սարգսյանը հակիրճ եւ զգուշավոր արտահայտություն արեց, մինչ ադրբեջանական կողմը լուռ մնաց: Նրա մարտավարությունը Հայաստանին թուլացնելն է եւ սպասել, որ երկիրը պարպվի իր բնակչությունից:
Հայաստանի վճռական կեցվածքին նպաստում է Չինաստանի գործոնը: Չինաստանը շատ առատաձեռն է եղել Հայաստանի հանդեպ, չնայած վերջինիս փոքրությանը: Այդ առատաձեռնությունը կարող է շատերի զարմանքն առաջացնել, բայց Չինաստանի գլոբալ փառասիրությունների պրիզմայով դիտարկելիս նման հարաբերությունների հարցը շատ ավելի տրամաբանական է թվում:
Միայն արեւմուտքը չէ, որ Ռուսաստանին պարփակելու քաղաքականություն է վարում: Չինաստանը հավասարապես մտահոգ է Ռուսաստանի հետագա քայլերի առնչությամբ, չնայած ներկայիս երկու պետությունները համահունչ են գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերում: Պեկինը տնտեսական զարգացման շատ հանդուգն ու գլոբալ ծրագիր է մշակում, նպատակ ունենալով վերականգնել նախկին «Մետաքսի Ճանապարհը», որտեղ Հայաստանն էլ իր ներկայությունն է ունեցել Քսենոփոնի ժամանակներից սկսած: Չինաստանի Մետաքսի ճանապարհը շրջանցում է Ռուսաստանի տարածքը, բայց հասնում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունները եւ ձգվում դեպի Եվրոպա: Պեկինը պնդում է, որ ծրագիրը շահեկան է բոլոր կողմերի համար եւ առաջ է տանում այն առանց քաղաքական դոգմատիզմի, ինչպես նախկին Խորհրդային Միությունն ու Ամերիկան են մինչ օրս գործել:
Մինչ Չինաստանը տնտեսական զարգացման հիման վրա է մշակում իր ծրագրերը, Թուրքիան հակադիր պահանջներ եւ ընդարձակվելու նկրտումներ ունի այդ նույն տարածքների հանդեպ: Թուրքիայի պան-թյուրքական ծրագրերը ներառում են ղուրանը, մադրասաները, իսլամական ծայրահեղությունը եւ լեզվական միասնությունը, որոնք հակասում են Չինաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին եւ անպայմանորեն բախվելու են միմյանց: Դրանից օգտվողը Հայաստանն է լինելու:
Թուրքիան Չինաստանին վրդովեցնում է նաեւ Ույղուր բնակչության շրջանում էթնիկական խլրտումները վառ պահելու իր նկրտումներով: Նախագահ Էրդողանը Չինաստանի ղեկավարներին մեղադրել է Ույղուրների դեմ «ցեղասպանություն» գործելու համար:
Այսպիսով Արեւմուտք-Ռուսաստան տնտեսական եւ ռազմական մրցակցությունն ու Չինաստանի վերհառնումը որպես մեր օրերի գերհզոր պետություն բախվում են միմյանց կովկասյան տարածաշրջանումՙ թույլ տալով Հայաստանին խուսանավելու իր արտաքին քաղաքականության բնագավառում:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)