Ադրբեջանին հիշեցրին, որ նա իրենց ռազմավարական ծրագրերում է
2017թ. նոյեմբերի 1-ին Թեհրանում տեղի ունեցած դեպքերը հավանաբար մեկնակետ կդառնան: Թվարկենք երեք կարեւոր գործոն:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրորդ անգամ ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ ԶԼՄ-ների, նրանք հանդիպեցին ոչ միայն որպես պետությունների ղեկավարներ, այլեւ որպես զորքերի գլխավոր հրամանատարներ:
Նույն օրը Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հանդիպեց եւ բանակցեց իրանցի պաշտոնակից Մոհամմադ Բեգերիի հետ: Իրանցի քաղաքական գործիչների խոսքերով, նրանք քննարկել են արդիական պաշտպանական խնդիրներ:
Երրորդ գործոնն այն է, որ վերջին տարիներին առաջին անգամ այաթոլլահ Ալի Խամենեին ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվին: Դատելով իրանական կիսապաշտոնական աղբյուրների հաղորդումներից, բանակցությունների թեմաները այնքան էլ հաճելի չեն եղել Ադրբեջանի համար: Հետեւություններն արվում են Խամենեիի նոյեմբերի 2-ին արած հայտարարությունների հիման վրա. «Անհրաժեշտ է հակազդել Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների հակառակորդների ձեռնարկումներին»:
Նախագահների հանդիպումն ավարտվեց համատեղ հայտարարության հրապարակմամբ, որը տարածվեց տարբեր երկրների ԶԼՄ-ներում: Փաստաթղթից երեւում է, որ Իրանն ու Ռուսաստանը Ադրբեջանին տեղ են հատկացնում իրենց ռազմավարական ծրագրերում, մասնավորապես տրանսպորտային ծրագրերում: Խոսքը հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասին է, այլ ոչ թե չինական «Մետաքսի նոր ճանապարհի» երթուղիերի մեջ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը ընդգրկելու Բաքվի մտադրության մասին: Ադրբեջանն ընդգրկվում է նաեւ նավթի-գազի ու նավթաքիմիական ոլորտների ընդլայնման, նավթամթերքների հումքի տեղափոխման եւ էներգետիկ համագործակցության ծրագրերում: Նախատեսվում է նաեւ միավորել Ռուսասատանի, Ադրբեջանի եւ Իրանի էլեկտրոցանցերը եւ կազմակերպել էլեկտրաէներգիայի առեւտուր:
Ռուսաստանը եւ Իրանը ըստ կարեւորության առանձնացնում են հետեւյալ կետերը: 1. Կասպից ծովի իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ նավահանգստային վարչակազմերի համագործակցությունը, ծովային նավագնացությունը եւ զբոսաշրջությունը, ջրային կենսառեսուրսների եւ շրջական միջավայրի պահպանությունը, էներգետիկան, առեւտուրը, տնտեսությունը, գիտական հետազոտությունները, ջրագրությունը, օդերեւութաբանությունը, անվտանգությունը եւ ռազմական համագործակցությունը, արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու կանխումը: 2. Տարածաշրջանում չկարգավորված բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցովՙ միջազգային նորմերի եւ դրանց հիման վրա ընդունված բանաձեւերի ու փաստաթղթերի համաձայն: 3. Համատեղ հակազդել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, վերազգային կազմակերպված հանցավորությանը, զենքի ու թմրանյութերի անօրինական շրջանառությանը, մարդկանց առեւտրին եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործություններին:
Ըստ փաստաթղթերի, Թեհրանի եւ Մոսկվայի համար Կասպից ծովում իրենց շահերին հակասող Բաքվի ջանքերի չեզոքացումը ավելի կարեւոր է, քան Անդրկովկասի չկարգավորված հակամարտությունները եւ Սիրիայում ու Իրաքում Իրանի եւ Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին օժանդակելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Մոսկվան եւ Թեհրանը նախագահ Ալիեւին հերթական անգամ նախազգուշացրեցին, որ իրենք չեն հանդուրժի Արցախի խնդիրը մեկ անգամ եւս պատերազմի հանգեցնելու Բաքվի փորձերը:
Սկզբունքորեն հասկանալի է, թե ինչու Մոսկվան ու Թեհրանը առանձնապես Բաքվի կարիքը չեն զգում հակաահաբեկչական պայքարում, այս կապակցությամբ արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը: Արդեն հաղորդվել է, որ Իրաքի բանակը եւ շիա աշխարհազորայինները փաստորեն վերահսկողության տակ են առել երկրի հյուսիս-արեւմուտքը, որը սահմանակից է Սիրիային ու Թուրքիային: Իսկ Սիրիայում վերջնականապես ազատագրվել է Դեր Զորի շրջանը: Թեհրանում ստորագրված փաստաթղթերում առկա է նաեւ Ալիեւի ստորագրությունը, որը Ադրբեջանին պարտավորեցնում է դատել կամ արտահանձնել Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղականների շարքերում կռված իր քաղաքացիներին:
Ալիեւի վրա ներգործելու մնացյալ մասը ստանձնեց այաթոլլահ Ալի Խամենեին: Իրանի գերագույն առաջնորդը մասնավորապես հայտարարեց, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններն ունեն հակառակորդներ, եւ հարկավոր է դիմակայել նրանց քայքայիչ գործողություններին: ԱՄՆ-ը եւ Իսրայելը չեն թաքցնում, որ Ադրբեջանն Անդրկովկասում իրենց հատուկ ծառայությունների յուրօրինակ հենակետն է:
Խամենեին Ալիեւին հիշեցրեց, որ Ադրբեջանի ժողովուրդը իրանցիների պես շիա մահմեդականության հետեւորդ է: Այդպիսով նա, արեւելյան իմաստնությունը գործի դնելով, Ալիեւին հասկացրեց, որ ժամանակն է երես թեքել ԱՄՆ-ից ու Իսրայելից եւ դեմքով շրջվել դեպի Իրանն ու Իրաքը:
Ինչ վերաբերում է Պուտին-Խամենեի բանակցություններին, դրանց վերաբերյալ իրանական լրատվամիջոցները քիչ են տեղեկացնում: Խամենեին մասնավորապես ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիային առնչվող ռուս-իրանական բանակցությունները վկայում են, որ երկու երկրները կարող են հասնել իրենց ընդհանուր նպատակներին: Պուտինն ասել է, որ հարկավոր է բոլոր բնագավառներում զարգացնել երկկողմ հարաբերությունների դրական փորձը: Խամենեին ընդգծել է, որ «Սիրիայում ահաբեկիչներին աջակցող ամերիկյան կոալիցիայի պարտությունն անվիճելի փաստ է: Սակայն ամերիկացիները շարունակում են դավեր նյութել, ուստի Սիրիայի խնդրի լուծումը պետք է շարունակվի»:
Իրանցի առաջնորդը նշել է, որ Սիրիայում խռովարարների եւ ահաբեկիչների դեմ Ռուսաստանի եւ Իրանի համատեղ պայքաը շատ կարեւոր է եւ Ռուսաստանին ազդեցիկ գործոն դարձրեց Արեւմտյան Ասիայում: Սիրիայի ժողովուրդը ինքը պետք է լուծի երկրի ապագայի հարցը: Օտար երկրները չպետք է ճնշում գործադրեն երկրի կառավարության վրա: «Մենք կարող ենք վերացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները, դրանք մեկուսացնել տարբեր եղանակներով, ինչպիսին է դոլարի փոխարինումը ազգային արժույթներով երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում», նշել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը:
Վերջին տարիներին շրջանառությունից դոլարը հանելու մասին խոսում են ոչ միայն Իրանը ու Ռուսաստանը, այլեւ Չինաստանն ու Հնդկաստանը, եւ նույնիսկ Ճապոնիան:
Կարելի է ենթադրել, որ Խամենեին եւ Պուտինը քննարկել են նաեւ այլ հարցեր: Հավանաբար խոսվել է նաեւ Անդրկովկասի եւ մերձկասպյան տարածաշրջանի, թերեւս նաեւ Կենտրոնական Ասիայի մասին: Քանի որ կողմերը հավաստում են Սիրիայում եւ Իրաքյան Քրդստանում ամերիկյան կոալիցիայի պարտությունը, ապա բացառված չէ, որ ամերիկացիները կփորձեն քաոսային իրավիճակ հրահրել Անդրկովկասում, մերձկասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում: Համատեղ հայտարարության այն կետում, որտեղ խոսվում է Իրանի միջուկային ծրագրի մասին, երեւում է, որ Թեհրանն ու Մոսկվան պատրաստվում են իրադարձությունների առավել դրամատիկ շրջադարձին եւ Վիեննայի 2015թ. համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալուն, հետեւաբար նաեւՙ Վաշինգտոնի հետ էլ ավելի լուրջ առճակատմանը:
Պատահական չէր, որ ՌԴ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի այցը համընկավ երեք նախագահների հանդիպմանը: IRNA գործակալության տվյալներով, Իրանի գլխավոր շտաբի պետը եւ նրա ռուս պաշտոնակիցը ընդգծել են Սիրիայում Դիմադրության շարժմանը աջակցելու կարեւորությունը: Երկու բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները ընդգծել են պաշտպանական փոխգործողության կարեւորությունը, ներառյալ անվտանգության, արդյունաբերության, գիտական հետազոտությունների եւ կրթության հարցերը:
Ենթադրվում է, որ Բագերի-Գերասիմով հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի լայն շրջանակի հարցեր, քան նախագահների հանդիպման ժամանակ: