Հայոց ազգային-ազատագրական պայքարի հառաջապահ սերմնացանը
Ուղիղ 169 տարի առաջ, հոկտեմբերի 21-ին ծնվել է հայ ազգային-ազատագրական պայքարի տեսագաղափարական հիմնասյուներից Մկրտիչ Փորթուգալյանը: Մարդ, ով իր ազատախոհական գաղափարներով ու անսակարկ անձնվիրությամբ ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի երկարդարյա բռնատիրությունից շղթայազերծման գործին` արժանանալով հայկական հեղափոխության առաջապահ դրոշակրի բարձր պատվին: Մարդ, ում կյանքի բոլոր տարիները դարձան մաքառման ու նվիրումի, նոր սերնդին նորովի ու ազատագրական ոգով դաստիարակելու եւ հեղափոխական սերունդ կոփելու առաքելությունը:
Մկրտիչ Ռափայելի Փորթուգալյանը ծնվել է Կ. Պոլսում 1848-ի հոկտեմբերի 21-ին: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, այնուհետեւ իր ողջ կյանքում զբաղվել ինքնակրթությամբ: Դեռ երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում իր ըմբոստ եւ ազատատենչ բնավորությամբ եւ անմասն չէր մնում ժամանակի առաջադիմական շարժումներից, ինչը չէր կարոդ վրիպել թուրքական իշխանությունների ամենատես աչքից:
Տարբեր կեղծանուններով զանազան պարբերականներում տպագրված թղթակցություններում, այնուհետեւ «Մասիս»-ի իր գրած խմբագրականներում Փորթուգալյանը մերկացնում ու դատապարտում էր թուրքական իշխանությունների հարստահարությունները կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների եւ, հատկապես, հայերի նկատմամբ, կոչ անում ողջ հայ մտավորականությանը ջանք ու եռանդ եւ նյութական միջոցներ չխնայել Արեւմտյան Հայաստանում լուսավորություն տարածելու համար: Նա ժամանակի պոլսահայ առաջադեմ մտավորականների հետ հիմնեց Արեւմտյան Հայաստանի բոլոր գավառներում ու գաղթօջախներում ուսմնական գործը կարգավորելուն կոչված «Արարատյան ընկերություն հայոցը»: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի եւ Բեռլինի վեհաժողովի հուզումնալից օրերին Փորթուգալյանը շրջեց Հայաստանի եւ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրեց «Մշակ», «Մասիս» եւ այլ պարբերականներում ու ամբողջ հայ ժողովրդին կոչ արեց թուրքական բռնապետության դեմ դուրս գալ զինված պայքարի:
Փորթուգալյանի խորհրդով եւ անմիջական մասնակցությամբ Վանում ստեղծվեց «Սեւ Խաչ» ազատագրական կազմակերպությունը: Արեւմտահայաստանի շատ գավառներում եւ, հատկապես Վանում հիմնեց վարժարաններ եւ միություններ, որոնք դարձան ազգային գիտակցության զարթոնքի հնոցներ: Այս առումով առանձնապես կարեւորվում են Վարժապետանոցն ու հատկապես 1881-ին Վանում հիմնած Հայկազյան Կենտրոնական վարժարանը, որի դարբնոցում կոփվեց մի սերունդ, ով իր ուսերին կրեց հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծողի եւ հետագա տարիներին հայրենիքի զոհասեղանին մատաղվելու դժվարին ու պատվավոր առաքելությունը:
1884-ին Մ. Փորթուգալյանը Կենտրոնականի 12 շրջանավարտների հետ հիմնադրում են «Գործակցական Միությունը», որը փաստորեն հանդիսացավ ապագա Արմենական կուսակցության կազմակերպական կորիզը: Թուրքական իշխանությունները չներելով նրա հեղափոխական այդ գործունեությունը` Փորթուգալյանին աքսորեցին Կ. Պոլիս: Խուսափելով մոտալուտ ձերբակալությունիցՙ 1885-ի կեսերին Փորթուգալյանը ծածուկ հեռացավ Թուրքիայից եւ հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում ու ձեռնամուխ եղավ «Արմենիա» թերթի հրատարակությանը: Թերթ, որը հայ քաղաքական լրագրության առաջնեկներից էր ու զգալի դեր խաղաց մեր ժողովրդի մեջ ազատասիրական ձգտումներ սերմանելու գործում` դառնալով յուրահատուկ դարբնոց, որի քուրայից դուրս թռած կայծերի ազդեցության ներքո շուտով Վանում ծնվեց ու հասակ առավ Արմենական կուսակցությունը: Թերթ, որը դարձավ խոսափողը ազատական գաղափարների եւ հայելին` արդարության սպասող հարստահարյալ արեւմտահայության վիճակին:
Փորթուգալյանը վախճանվեց 1921թ. Մարսելում «Արմենիայի» գրաշարական սեղանի առջեւ, ծայրահեղ աղքատության մեջ, մինչեւ վերջին շունչը ծառայելով հայ ժողովրդի ազատագրության վեհ գաղափարին: Անշահախնդիր եւ անձնուրաց ծառայության տիպար գործիչը որեւէ խոչընդոտի առջեւ երբեք չընկրկեց, երբ հարցը վերաբերում էր իր ժողովրդի եւ հայրենիքի գերագույն շահերին:
XIX դարի վերջին, դար, որի քաղաքական բարոյականությունը Գ. Արծրունու պատկերավոր արտահայտությամբ սահմանվում էր. «Ես ապստամբում եմ, ուրեմն ես կամ», հայ ժողովուրդը սթափվելով դարավոր ընդարմացումիցՙ ոտքի ելավ ազգային-ազատագրական պայքարի: Դարավերջին հայ ժողովրդի քաղաքական կացությունը, ազգային պայքարի նպատակն ու ազատագրական ծրագրերը համանմանություն ունեին Եվրոպայի մի շարք ժողովուրդների նույնատեսակ պայքարի հետ: Այն նոր ազգայնականության դրսեւորումն էր, որը մարմնավորում էր անձի ազատության ու քաղաքական իրավունքների բուռն ցանկությունը: Շարժում, որն հայրենասեր անհատների ոգեշնչված եւ ոգեշնչող արձագանքն էր: Այն անհատների, որոնց պատգամների եւ գործունեության շնորհիվ հայ ժողովուրդը զարթոնք ապրեց եւ ձգտում էր այդ իդեալներից հասարակական իրողություն ստեղծել:
Ռոմանտիկայի շրջանն այլեւս անցած էր, եւ ազգային-ազատագրական պայքարն ստանում էր շեշտված սոցիալական, ապա նաեւ քաղաքական բնույթ: Օգտագործելով եվրոպական փորձը` 80-ականների հայ առաջադեմ մտածողները պայքար ծավալեցին ազգային ինքնագիտակցության նորովի դրսեւորման համարՙ այդ գործում առավելագույնս կարեւորելով գաղափարախոսական ազդակի դերը: Ծավալվեց քարոզչություն, դպրոցաշինություն` նպաստելով ազգի լուսավորման եւ ինքնագիտակցության բարձրացման գործին: Աննախադեպ վերելք ապրեցին դեմոկրատական մշակույթը, գրականությունն ու մամուլը, որոնք ունեին թե՛ սոցիալ-քաղաքական պարարտ հող ժամանակակից կյանքում եւ թե՛ թռիչքի համար հարմար պատվանդան, նույնպես հայ իրականության մեջ:
Իրենց ջանքերի օբյեկտիվ բովանդակությամբ եւ արդյունքներով 80-ականներին պայքարի դուրս եկածները եղան իսկական հեղափոխականներ, որոնց կյանքի իմաստը ճնշված հայ ազգը իր քաղաքակրթության մակարդակին բարձրացնելն էր, պայքարի գաղափարախոսության մշակումը եւ ազատաբաղձ սերունդ դաստիարակելը: Պայքարի առաջամարտիկներից էր Մ. Փորթուգալյանն իր «Արմենիա» թերթով: Թերթը, եվրոպական միջավայրում հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությունը տարածելով, Եվրոպայի հայության եւ եվրոպական հասարակության միջեւ առաջին գաղափարական կամրջողներից եղավ եւ նոր մակարդակի բարձրացրեց հայ քաղաքական միտքը:
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ արդի հայ քաղաքական շարժումների ու հասարակական մտքի համար խիստ կարեւոր եւ սկզբունքային նշանակություն ունի սեփական դիրքորոշումների ու քայլերի հայաստանակենտրոն մեկնակետի հստակեցումը: Իսկ դա պահանջում է ապագային միտված ազգային-քաղաքական ծրագրերը կառուցել հայրենաբնակ հայության շահերի առաջնության հաշվառման սկզբունքի վրա, որը համահունչ է նաեւ անվտանգության համազգային տեսլականին: Ուստիՙ «Արմենիա»-ի ու նրա խմբագրի հայաստանակենտրոն մտածողության լավագույն ավանդույթների հաշվառումն իրատեսական քաղաքականության որդեգրման կարեւոր պայման է նաեւ մեր օրերում եւ արժանի բարձր գնահատանքի:
Միեւնույն ժամանակ, անչափ կարեւոր է, որ Մ. Փորթուգալյանի ու նրա թերթի գործունեության լուսաբանումը նպաստում է նաեւ XIX դարի վերջին քառորդի ու XX դարասկազբի հայ քաղաքական մտքի սայթաքումների լիարժեք ընկալմանը, քանի որ դեռեւս Վանում ունեցած գործունեության ընթացքում նա իրեն դրսեւորել էր որպես իրապաշտ (ժողովրդին ոգեւորելու նպատակով նա երբեմն «մոռանում էր» դրա մասին) եւ լայնախոհ մտավորականի, ում արեւմատահայության ազատագրության ուղղությամբ քաղաքական մտածողության մեջ ուրվագծվել էր իրատեսական մարտավարության տեսլականը: Պատահական չէ, որ նրա սաների կողմից Վանում ստեղծված Արմենական կուսակցության որդեգրած մարտավարությունն ու ռազմավարությունը իրատեսական էին, խոստումնալից եւ առավել արդյունավետ, քանի որ հայոց ազատագրության հնարավորությունը նախ եւ առաջ տեսնում էին սեփական ուժին ապավինելու, հայության համախմբման եւ հիմնավոր նախապատրաստվելու մեջ:
Մ. Փորթուգալյանն իր «Արմենիայով» նպաստեց հայոց մեջ քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանն ու զարգացմանը, այն մշակույթի, որ այլախոհության պայմաններում մատնանշում է հանդուրժողականության ոգին, որովհետեւ դա ծնվում է հայոց քաղաքական ապագան ավելի լավ տեսնելու, քան սեփական ամբիցիաների հենքի վրա:
«Արմենիայի» գաղափարախոսությունը կարող է կարեւոր դեր խաղալ նաեւ մեր օրերում լայն տարածում գտած օտարամուտ քաղաքական շարժումների ու գաղափարական հոսանքների հանդեպ ճշգրիտ ու առարկայական դիրքորոշում որդեգրելու եւ նրանց բերած աշխարհաքաղաքացիական հովերից ազգային նվիրական նպատակները պաշտպանելու գործում, ինչն ամենեւին էլ չի բացառում ազգային ու համամարդկային արժեքների համադրության անհրաժեշտությունը:
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո վախենալով այստեղ էլ տարածքային կորուստներ ունենալուց ու հատկապես հայ ժողովրդին անբարեհույս համարելով` իշխանությունները որդեգրեցին վայրենի բռնաճնշումների քաղաքականություն: Դրան անմիջական հետեւանք ու պատասխան, ինչպես նաեւ ազգային զարթոնքի, սեփական հայրենիքն ու ժողովրդին ազատ եւ քաղաքակիրթ ազգերի շարքում տեսնելու ցանկությունն իրականացնելու նպատակով հայ ժողովուրդը ոտքի ելավ ազատագրական պայքարի, որի սկզբնական փուլը դրսեւորվեց մտավոր զարթոնքի եւ կրթալուսավորական շարժման տեսքով: Այդ գործում նշանակալի դերակատարություն ունեցավ Մ. Փորթուգալյանը:
Եթե բացառենք Վանի վարժապետանոցի նախկին սան Պ. Թորոսյանի Փորթուգալյանի 40-ամյա գործունեությանը եւ, նույն առիթով ժամանակի նշանավոր մտավորականների հեղինակած հոդվածների փաստառատ ժողովածուն, Մ. Փորթուգալյանի մասին այլ աշխատություն գրված չէ: Սակայն Փորթուգալյանին ու նրա հոգեզավակ թերթին իրենց հուշագրություններում հիշատակել են Հմ. Արամյանցը, Գ. Ղարաջյանը, Սապահ-Գյուլյանը, Խանազատը, Ռուբենը, Մ. Վարանդյանը, Ա. Եկարյանը, Ա. Դարբինյանը, Մ. Տամատյանը: Իրենց ուսումնասիրություններում Փորթուգալյանին անդրադարձել են քննության առարկա ժամանակաշրջանին անդրադարձած բոլոր նշանավոր պատմագետները` Լեոն, Մ. Ներսիսյանը, Ռ. Հովհաննիսյանը, Լ. Խուրշուդյանը, Հ. Վարդանյանը, Ա. Համբարյանը, Հ. Ղազարյանը, Է. Կոստանդյանը, Ջ. Կիրակոսյանը եւ այլ հեղինակներ: Մ. Փորթուգալյանին գնահատելի տողեր են նվիրել նաեւ սփյուռքահայ մեծ թվով հեղինակներ` Պ. Տեփոյանը, Հ. Վարդիվառյանը, Գ. Ահարոնյանը, Մ. Ճիզմեչյանը, Ս. Իզմիրլյանը եւ ուրիշներ:
«Արմենիայի» որդեգրած քաղաքական ուղղությունը, նպատակներն ու հիմնական ասելիքը դրսեւորվել են նրա խմբագրականներում, որոնց հեղինակը Մ. Փորթուգալյանն էր: Նա թերթի գլխավոր տեսաբանն էր, ուղղություն տվողն ու անփոփոխ ղեկավարը: Նա էր հաղթահարում բոլոր գործնական ու կազմակերպչական դժվարությունները, խմբագրում նյութերի մեծ մասը, ապահովում կապը թղթակիցների հետ, երբեմն էլՙ շարում տեքստերը: Օսմանյան գաղտնի ծառայությունների մշտական խոչընդոտները, Ռուսաստանի հակասական վերաբերմունքը եւ, ի վերջո, ֆինանսական սուղ միջոցները դժվարհաղթահարելի պատնեշներ էին ընդդեմ «Արմենիա»-ի: Մ. Փորթուգալյանն այս խոչընդոտները հաղթահարելու համար դրսեւորեց աներեր վճռականություն, անկոտրում կամք, արիություն ու անսասան հավատ եւ կյանքի կոչեց իր հոգեզավակ «Արմենիա»-ն: Այնպես որ հանգիստ խղճով կարելի է արձանագրել` Մ. Փորթուգալյան ասելով հասկանում ենք «Արմենիա» թերթ, իսկ «Արմենիա» ասելովՙ Մ. Փորթուգալյան, այսինքն` Մ. Փորթուգալյան գործիչն ու «Արմենիա»-նՙ մշտապես եղել են մեկ ամբողջություն եւ փոխպայմանավորել միմյանց:
Ամփոփելով նշենք, որ հայոց վերազարթոնքի ակունքներում կանգնած Փորթուգալյանը մեր ազտախոհական մտքի ռահվիրաներից է: Մեծ վերափոխիչը նաեւ արեւմտահայ ու արեւելահայ ազատագրական շրջանակների առաջին կամրջողը եղավ: Նա նույն դերակատարությունն ունեցավ արեւմտահայ իրականությունում, որպիսին ունեցավ Գրիգոր Արծրունին արեւելահայ շրջանակներում: Սակայն, ցավոք, ցայսօր հայրենիքում ըստ արժանվույն նա չի գնահատվել:
Նկար 1. Յուղանկար, գործ` Սուքիաս Թորոսյանի