ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսելում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Նախորդ շաբաթ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական տարածքը դարձյալ շրջափակվեց մետաղյա փշալարերով, բայց այս անգամ ոչ թե իսլամական ահաբեկչական պայթյունների պատճառով, այլ Եվրոմիությունում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի գերանվտանգությունն ապահովելու միտումով:
Նոյեմբերի 24-ի վաղ առավոտից Եվրոմիության Շուման հրապարակն ու հարակից փողոցները կիլոմետրեր ձգվող շառավիղով ամբողջովին «զարդարված էին» երկաթյա պատնեշներով ու փշալարերով: Արգելված էր մեքենաների երթեւեկությունը, փակվել էր անգամ Եվրոմիության կից մետրոյի Շուման կայարանը, ինչն ակամայից հիշեցնում էր նախորդ տարվա ահաբեկչության հաջորդող օրերն ու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի այցը: Անշուշտ, ամենից վեր, Եվրոպայի համար առաջնայինը անվտանգության գերակայությունն է, սակայն ամեն անգամ նման գագաթաժողովներից կամ բարձրաստիճան այցելություններից հիմնական տուժողը դարձյալ հասարակ քաղաքացին է, ով աշխատավայր հասնելու համար հարկադրված է ոտքով կիլոմետրեր շրջանցել:
Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովին մասնակցում էին ԵՄ 28 անդամ պետությունների եւ Արեւելյան գործընկերներ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի պատվիրակներ:
Ժամանման սրահում յուրաքանրյուր երկրի պատվիրակ կարմիր գորգով անցնելիս չէր անտեսում լրագրողներին եւ չնայած ժամանակի սղությանը, այնուամենայնիվ մոտենում էր լրագրողներին եւ դիվանագետին հարիր, հաճելի ժպիտով պատասխանում հարցերին: Ինչ խոսք դիվանագիտական ճկունությունը միջազգային ատյաններում հաջողության գրավականն է, սակայն տարիներ ի վեր հայաստանյան դիվանագետները Եվրոպայից չընդօրինակեցին գոնե դիվանագիտական կեցվածք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրեց լրագրողներին չմոտենալ, այլ միայն հեռվից բազմանշան հայացքով արտաբերեց «հետո»:
Ժամանման սրահում առանձնակի աշխուժություն նկատվեց հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերի, Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Ուկրաինայի նախագահ Պ. Պարաշենկոյի, ներկայությունից:
Գագաթաժողովին հավատարմագրված էին 1300 լրագրողներ, որոնց համար ստեղծված էին աշխատանքային բոլոր պայմաններ, սակայն ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու հնարավորությունը խստիվ սահմանափակ էր: Եվրոմիության լրատվական կենտրոնում դեռեւս գագաթաժողովի նախօրեին բացի Հայաստանից, Արեւելյան գործընկերության բոլոր անդամ երկրների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն էր ներկայացված, բայց Հայաստանի վերաբերյալ ոչ մի ծանուցում չկար: Մեր հարցմանը, թե ինչու են անտեսել Հայաստանին եւ արդյոք սա խտրականություն չէ, մեզ ասացին, որ թերացումը հայկական կողմից է , քանի որ մինչ այդ ժամի դրությամբ ոչ մի տեղեկություն մամուլի կենտրոնին դեռ ներկայացված չէ : Համառոտագրության թերթիկը մեզ հաջողվեց ունենալ գագաթժողովի օրը, համաժողովը սկսվելուց ժամեր անց միայն:
Հայաստանի համար գագաթաժողովն ուներ առանձնակի նշանակություն, քանի որ սպասվում էր Արեւելյան գործընկերների համատեղ հռչակագրի ընդունումն ու ԵՄ- Հայաստան նոր համաձայնագրի ստորագրւմը :
Հիշեցնենք, որ Հայաստանը 2013-ին հրաժարվեց ստորագրել Եմ- Հայաստան Ասոցիացման համաձայնագիրը եւ հայտնվեց տարատեսակ քննադատությունների թիրախում: Շատերն այն կարծիքին էին, որ Եվրոպան այլեւս կսառեցնի Հայաստանի հետ հարաբերությունները: Բայց, ստացվեց հակառակը, Եվրոպան գործի դրեց դիվանագիտական հմտությունն ու համոզմունք հայտնեց, որ այդ ձախողման հետեւում Ռուսաստանի ճնշումներն են: Բելգիայի արտգործնախարար Դիդի Ռանդերսն այդ օրերին «ԱԶԳ»-ի հետ զրույցում հաստատակամ շեշտեց, որ «Եվրոմիությունը Պուտինին հասկացնելու է, որ ԵՄ-ն համագործակցելու է Հայատանի հետ եւ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները չեն խանգարելու ռուս – հայկական հարաբերություններին: Եվ թեՙ չի կարելի կտրուկ ասել կա՛մ Ռուսաստան, կա՛մ ԵՄ: Պուտինը պետք է հասկանա, որ կարելի է համագործակցել ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի հետ»:
Տարիներ ի վեր տարբեր հարթակներում բազմիցս շրջանառվել էր ԵՄ- Հայաստան համաձայնագրի կարեւորությունն ու անհրաժեշտությունը, եւ 2013-ի դառը փորձից մտավախություն կար, թե Հայաստանն այս անգամ եւս կարող է հրաժավել: Թեպետ դեռեւս այս տարվա հոկտեմբեր ամսից Եվրոմիության հավաստի աղբյուրներից նախապես տեղեկացված էի, որ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Մեր աղբյուրների կարծիքով, եթե նույնիսկ որեւէ պատճառով նոյեմբերի 24-ին դարձյակ չստորագրվեր, միեւնույնն էր, այն հետո, առանց հանդիսավորությունների էր ստորագրվելու:
Ինչեւէ, երկարատեւ, հետեւողական եւ համբերատար բանակցությունների վերսկսման արդյունքում, Բրյուսելում կյանքի կոչվեց Արեւելյան գործընկերության համատեղ հռչակագիրը, ապա նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը:
Համատեղ ընդունված հռչակագրում թերեւս վիճարկելի է երկրորդ կետը, ուր նշվում է, որ ԵՄ-ը մնում է հավատարիմ իր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Սա նշանակում է Ադրբեջանին հիմք տալ դարձյալ պնդելու տարածքային ամբողջականության իր հարատեւ սկզբունքը:
Բայց, վեցերորդ կետում ընդհանրական ասվում է, որ միջազգային իրավունքի, նորմերի եւ օրենքների հիման վրա գագաթաժողովի մասնակիցները պետք է միավորված ջանքեր գործադրեն տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հատկանշականն այն էր, որ գագաթաժողովում լրագրողները պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ մանրամասն տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունեին: Այդ իսկ պատճառով պատվիրակությունների պաշտոնյաներն իրենք էին գալիս լրագրողների սրահ, ճեպազրույց անցկացնում, մեկնաբանություններ տալիս եւ պատասխանում հարցերին: Սակայն հայաստանյան լրագրողներն այդպես էլ անտեսված մնացինՙ նույնիսկ մեր իսկ պատվիրակության կողմից: Շատ հարցերի պատասխաններ մնացին բաց: Մինչդեռ սա ընձեռված պահ էր եւ կարելի էր հարթակն օգտագործել նաեւ միջազգային լրագրողներին որոշ մանրամասներ ներկայացնելու…
Մինչ մամուլի կենտրոնում լրագրողները սպասում էին ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման պաշտոնական տեղեկատվությանը, հարակից դահլիճում կայացավ Եվրոմիության Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի , Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեյի մամուլի ասուլիսը :
Դոնալդ Տուսկը նշեց, որ կցանկանար հռչակագիրը լիներ ավելի հստակ որակումներով, սակայն մասնակից պետությունները կարեւորել են միասնականության սկզբունքը: Նա կրկին դատապարտեց Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, նշելով, որ ԵՄ-ն շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:
Եվրոմիության գլխավոր հանձնակատարի խոսքերից կարելի էր ենթադրել, որ Ռուսաստանի դեմ հակատրամադրվածությունն էր հիմք հանդիսացել հռչակագրի երկրորդ կետի ամրագրումը, առ այնՙ ԵՄ-ը հավատարիմ է իր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Սա հստակ ուղերձ էր Ռուսաստանին եւ բխում էր նաեւ Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի շահերից, իսկ Հայաստանի համարՙ միանշանակ վիճարկելի:
Ասուլիսում հարցեր տալու հնարավորությունը եւս սահմանափակ էր. միայն երեք հարց հնչեց, որոնք կարելի է ասել այնքան էլ չէին առնչվում գագաթաժողովին եւ տպավորություն էր, որ հարցերը նախապես համաձայնեցված են:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի ստորագրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որում նշվում է, որ Եվրոմիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Ի դեպ, Գագաթաժողովից օրեր առաջ Եվրոխորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ էր ընդունել, որում հստակ ընդգծված էին տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման դրույթները: Սակայն գագաթաժողովում ընդունված փաստաթղթում հանված էր ինքնորոշման իրավունքի կարեւորագույն կետը:
Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց նաեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որը կխթանի ավիափոխադրումները, կապահովի նոր եվրոպական ավիափոխադրողների մուտքը Հայաստան:
Այսպիսով տարիներ շարունակ ակնկալվող համաձայնագիրն ի վերջո կյանքի կոչվեց, մնում է գործնական առումով այն կիրառելի դարձնել եւ ակնկալել դրական տեղաշարժեր, որոնք հնարավորինս շուտ տեսանելի լինեն:
Գագաթաժողովի վերջում մեր պատվիրակությունից ոչ ոք այդպես էլ հարկ չհամարեց մոտենալ յրագրողներին: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս գագաթաժողովի սկզբին, ընդունելության սրահում հստակ արտասանել էր «հետո» բառը, սակայն, այդ «հետոն» այդպես էլ չեկավ: