Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Insider-AGBU)
Ինչպես Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նվաճեց համացանցը
Մարդու ներշնչման աղբյուրները տարբեր են լինում: Ալեքսիս Օհանյանի համար ներշնչման աղբյուր է ծառայել լոնդոնյան Հայդ պարկը, մասնավորապես այնտեղ մշտական գործող ազատ խոսքի ամբիոնը կամ հանրահայտ «Սփիքըրզ Քոռնըրը»: Դեռ ուսանողական տարիներին այնտեղ գտնվելով եւ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի ետեւից մարդիկ «ամբիոն» (հնամաշ մի արկղիկ) բարձրանում եւ վերամբարձ ոճով խոսում, իսկ հետագայում ներկաները քննարկում թեման, նա մտածել է այդ ամենը տեղափոխել համացանց եւ մեծացնել հաղորդակցման հնարավորությունները:
Երկու տարի անց, քոլեջը հազիվ ավարտած, նա իր դասընկեր Սթիվ Հաֆմանի հետ իրականություն է դարձնում իր մտահղացումը: Ծախսելով 12 հազար դոլար նրանք երեք շաբաթվա ընթացքում նոր կայք են բացում եւ սպասում, թե ինչպես կընդունեն բաժանորդները: Արձագանքներն աննախադեպ են լինում: Տասնութ ամիս անց Conde՛ Nast հրատարակչատունը ձեռք է բերում կայքը եւ Ալեքսիսը 23 տարեկանում դառնում է միոիոնատեր:
Եթե չեք լսել Reddit-ի մասինՙ նշենք, որ առցանց հավաքավայրը (ֆորումը) թույլ է տալիս բաժանորդներին դրական (այո) կամ բացասական (ոչ) «քվեարկել» առաջադրված կամ քննարկման ենթակա որեւէ թեմայի առնչությամբ, ընձեռելով կարծիքների փոխանակման լայն հնարավորություն: Reddit-ն այսօր շատ մեծ ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում: Ունի ամսական ավելի քան 300 միլիոն այցելու: Դրա շնորհիվ Օհանյանը համարվում է «Սիլիկոն վալիի» ամենահեղինակավոր եւ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Երեսունչորսամյա նորարար-ձեռներեցը այլ պատճառ էլ ունի հանրածանոթ դառնալու: Նա սիրահարվել է թենիսի գերաստղ Սերենա Ուիլյամսին, որ վերջերս նրան երեխա է պարգեւել: Հայկական բարեգործական ընդհանուր միության «The Insider» պարբերականին տված իր հարցազրույցում նա խոսել է ինչպես իր, այնպես էլ իր կարիերայի մասին:
Ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք): Միակ զավակն է իր հայ հորՙ Քրիսի եւ գերմանացի մորՙ Անկեյի: Մանուկ հասակում խոսել է գերմաներեն, բայց հիշողության մեջ վառ է մնացել Վերա տատիկը, որ ժամանակ առ ժամանակ իր հետ առանձնանալով փորձել է բացատրել, թե ինչ է նշանակում հայ լինելը: «Դա պետք է որ իմ տարեդարձի (ապրիլի 24-ին) օրերին լիներ, որովհետեւ նա խոսում էր մեր ընտանիքի անցյալի կորուստների եւ ցեղասպանությունից մազապուրծ լինելու մասին, խորհուրդ էր տալիս օգտվել ինձ տրված հնարավորություններից», վերհիշել է նա:
Նա հիշել է նաեւ, որ տանը միշտ գտնվել է «AGBU News Magazine» պարբերականը, եւ երբ ընտանիքը տեղափոխվել է Մերիլենդի արվարձանային Էլիկոտ քաղաքը եւ հայտնաբերել, որ միակ հայերն են այդ տարածքում, ծնողները մտահոգված են եղել, որ ինք կկորցնի կապը իր արմատների եւ մշակույթի հետ, եւ որոշել են Ալեքսիսին ուղարկել ՀԲԸՄ-ի ամառային «Նուբար» ճամբարը, շփվելու իր տարեկից հայ երիտասարդների հետ: «Դա նպաստեց կարգավորելու իմ հայկականությունը: Ես միայն հորս կողմից եմ հայ, բայց միշտ հպարտ հայ եմ զգացել ինձ, բացատրելով իմ շրջապատի մարդկանց, թե ովքեր ենք մենք եւ ինչ անցյալ ունենք: Ճամբարն ինձ ավելի հայ դարձրեց», խոստովանում է Ալեքսիսը: Դպրոցում «Պասկալ» ծրագրի հետ ծանոթանալուց հետո, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել համակարգչային ծրագրերի կազմության նկատմամբ եւ մասնակցել մի շարք հատուկ կուրսերի զարգացնելու համար իր ունակությունները: Ծնողները մեծապես խրախուսել են նրան գնելով նրա առաջին «486 SX» համակարգիչը, որ բավականին թանկ է արժեցել: «Նրանք չգիտեին, թե ինչպես եմ ես գլուխ հանելու դրանից, բայց վստահեցին ինձ եւ ես քանդեցի այն ու դարձյալ հավաքեցի, ինքնուրույն սովորելով, թե ինչ հզոր տեխնոլոգիա էր դա», շարունակում է անկեղծանալ Ալեքսիսը:
Տարիներ անց, երբ «Reddit-ն» էր փորձարկում, մոր մոտ հայտնաբերել են ուղեղի քաղցկեղ եւ որոշ ժամանակ անց նա մահացել է, բայց Ալեքսիսը հասցրել է նրան տեղեկացնել, որ «Reddit»-ը հաջողությամբ վաճառել են (2006-ին) եւ որ նրա եւ հոր խրախուսանքներն ի զուր չեն վատնվել:
«Reddit»-ի վաճառքից հետո Օհանյանը ձեռքերը ծալած չի նստել: Ղեկավարել է ընկերությունը, որ շուտով այնպիսի աճ է արձանագրել, որ համակարգչի ճանաչված անձնավորություններ եւ քաղաքագետներ, ինչպիսիք են Սթիվն Կոլբերտն ու Բարաք Օբաման ցանկություն են հայտնել մասնակցելու «Reddit»-ի «Ինչ ուզում ես հարցրու ինձ» (Ask Me Anything) ծրագրին:
Օհանյանը անընդհատ մտածում է տեխնոլոգիական նորարարությունները սոցիալական բարեփոխումներին ծառայեցնելու մասին: 2010-ին նա Երեւան է այցելել Կիվա միջազգային ոչ-շահութաբեր ընկերության հետ վարկերի միկրոֆինանսական ցանց ստեղծելու նպատակով: «Դա հրաշալի փորձառություն էր, եւ ես երախտապարտ եմ դրա համար», նշում է նա:
Վերջին տարիներին նա ստեղծել է «Հիպմանկ» (Hipmunk) շրջապտուտային որոնման կայքը: Նա նաեւ հրատարակել է իր հաջողությունների մասին մի գիրք «Without Their Permission: How the 21st Century Will Be Made, Not Managed» (Առանց նրանց թույլտվության: Ինչպես է 21-րդ դարը ձեւավորվելու, ոչ թե կառավարվելու) վերնագրով: Քաղաքական ակտիվություն ցուցաբերելով նա մասնակցել է համացանցի բովանդակությունը կարգավորելու խնդիրների լուծմանը: Նրա այդ արշավը այնքան հաջողություն է գտել, որ ԶԼՄ-ները նրան «Համացանցի քաղաքապետ» են հռչակել: Նախագահ Օբաման գովասանքով է արտահայտվել համացանցը ազատ եւ թափանցիկ դարձնելու նրա ջանքերի մասին: Ալեքսիսը նաեւ դեմ է արտահայտվել նախագահ Թրամփի ներգաղթի արգելքի կամ սահմանափակման որոշմանը, կոչելով այն «խորապես անամերիկյան», եւ «անսահմանադրական»: Որպես անփաստաթուղթ գերմանացի ներգաղթյալի զավակ եւ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականի թոռ, նա կոչ է արել Մ. Նահանգներում ընդունել ե՛ւ ներգաղթողներին, ե՛ւ փախստականներին: «Մենք ի վերջո ներգաղթյալների ազգ ենք: Առանց նրանց, ոչ ես կլինեի այսօր, ոչ էլ Reddit-ը: Չմոռանանք, որ հենց նրանց միջոցով է, որ մենք բարգավաճել ենք», նշել է նա:
Նրա նպատակը աշխարհն ավելի լավ դարձնելն է:
Հաջողություն մաղթենք վերջերս հայր դարձած մեր հայրենակցին: