Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ տիկին Զարուհի Փոստանջյանը ամենեւին էլ թեթեւ մրսած չէ եւ Բեյրութում է: Ավելի վաղ տիկին Փոստանջյանը Լոս Անջելեսում էր, իսկ էլ ավելի վաղՙ Մոսկվայում: Ընդ որում, Զարուհի Փոստանջյանը ոչ թե հանգստանում է Հայաստանից դուրս, առավել եւսՙ Հայաստանից, այլ լուրջ աշխատանք է տանում հանուն Հայաստանի: Մոսկվայում, Լոս Անջելեսում, հիմա էլՙ Բեյրութում, վաղըՙ Աստված գիտի, թե ուր, տիկին Փոստանջյանը մեկնել է, ուշադրությունՙ համահայկական ընդվզման իրազեկման այցով : Դե այսինքն Երկիր Ծիրանի կուսակցությունից զանգահարում են ինչ-որ հայաշատ երկիր կամ քաղաք ու հարցնումՙ դուք ուզո՞ւմ եք համահայկական ընդվզման մասը կազմել, եթե այո, ապա ձեզ մոտ է գալիս Ծիրանագույն թագուհին: Կարելի է ենթադրել, որ հայ համայնքներում ուզում են համահայկական ընդվզմանը մասնակցել, միայն թե իմանան, թե ո՞վ է Ծիրանագույն թագուհին: Այնպես որ բոլոր համայանքները համաձայնվում են, եւ Զարուհի Փոստանջյանը մեկնում էՙ իրազեկելու:
Ես անկեղծ ասած չգիտեմ, թե կոնկրետ ում հետ է հանդիպել տիկին Փոստանջյանը Մոսկվայում կամ Լոս Անջելեսում, ապա նաեւ Բեյրութում, չնայած ըստ որոշ աղբյուրներիՙ կոնկրետ Բեյրութում նախատեսվում է Փոստանջյանի հանդիպումըՙ Արամ Ա-ի հետ, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, թե ինչ է նշանակում համահայկական ընդվզում: Ո՞ւմ դեմ, հանուն ինչի՞, օրինակ Բեյրութի հայն ու Լոս Անջելեսի հայը, գումարած Մոսկվայի հայն ու երեւանցին պետք է միասի՞ն ընդվզեն: Կա՞ նման համահայկական նպատակ… Այստեղ մի գաղտնիք կա, բանն այն է, որ միասին ընդվզելու համար նախ եւ առաջ պետք է միասնանալ, ինչի կոչն, ի դեպ, հիմնադրման օրից անում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ապարդյուն: Հիմա, եթե համահայկական միասնությունը հնարավոր չէ, ապա ինչպե՞ս է հնարավոր համահայկական ընդվզումը, ու սա այն պարագայում, երբ միասին ընդվզելու համար ավելի շատ փող է պետք, քան պարզապես միասին լինելու: Զարուհի Փոստանջյանն այդքան գումար ունի՞, հազիվ թե: Եթե ունենար, կնստեր Երեւանում ու Լոս Անջելեսից ու Մոսկվայից իր մոտ կգային, բայց ինքն է գնում չէ՞… Ի դեպ, մի լավ միտք ունեմ, տիկին Փոստանջյանին առաջարկում եմ Բեյրութից հետո մեկնել Ուրուգվայ, Մալդոնադո նահանգ, Պունտա դել Էստե հանգստարանային քաղաք, որի հենց կենտրոնում բացվել է Հայաստան անունով հրապարակ: Կանգնել այդ հրապարակում ու համահայական ընդվզման կոչ անել, զուգահեռաբար վայելել հարավային կիսագնդի ջերմ եղանակը ու Ֆեյսբուքում լիքը նկարներ տեղադրելՙ էկզոտիկ Ուրուգվայից, մանավանդՙ Հարավային Ամերիկայի Մոնտե Կառլոյից: Առհասարակ առաջարկում են հանգստի մեկնելը զուգակցել համահայկական ընդվզման իրազեկմամբ: Ընդ որում պարտադիր չէ միայն հայաշատ վայրերում: Հիմա ի՞նչ կարեւոր է ընդվզման մասնակիցների ազգությունը, երբ կարեւորը դրա թվաքանակն է ու մասշտաբները:
Իրականում համահայկական ընդվզումը հնարավոր է միայն համահայկական միասնությամբ, իսկ համահայկական միասնություն չի եղել, չկա ու չի լինելու նույնիսկ Հայաստան-Սփյուռք 106-րդ համաժողովից հետո: Այստեղ, սակայն, մի իրավական խնդիր կա. եթե մասնագիտությամբ իրավաբան տիկին Փոստանջյանը չգիտի, ապա ասեմ, որ Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեյրութում,… ապրող հայերի մեծ մասը ՀՀ քաղաքացիներ չեն, ու հետեւաբար նրանք չեն կարող ընդվզել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ ընդվզում են հպատակները (ստրուկները):
Հուսանք տիկին Փոստանջյանին այս մասին կիրազեկեն: