Ամփոփեցՙ Հ.Ծ.
Այս վերնագրի ներքո «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 23-ի իր հերթական խմբագրականում Երվանդ Ազատյանը գրում է, որ թշնամական, անբարենպաստ պայմանների տակ տառապած ժողովուրդները հակված են առավել զգայուն լինելու այլ ժողովուրդների տառապանքների հանդեպ: Օրինակ բերելով հրեաներին, որոնք որտեղ գաղթում են` առատորեն նվիրատվություններ են կատարում ինչպես իրենց ազգային կառույցներին, այնպես էլ կրթական, առողջապահական եւ մշակութային օտար կազմակերպություններին, որոնք կապ չունեն իրենց էթնիկական մտահոգությունների հետ, նշում է, որ մինչ օրս հայերը թերացել են այդ ասպարեզում:
Բայց լավ լուրն այն է, շարունակում է նա, որ որոշ ազգասեր մարդիկ սկսել են տեսնել լույսը եւ վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես ակնկալում ենք, որ նրանք վերաբերվեն մեզ: Այսինքն բարեգործության ոգին նեղ ազգայինից նրանք տեղափոխել են մի նոր, միջազգային հարթակ: Այդ իմաստով նա մատնանշում է երկու բացառիկ խմբավորումների, որոնք պատվով են կատարում իրենց առաքելությունը:
Մեկը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է, որի Բեռլինում վերջերս կայացած միջազգային երկխոսությունների մասին «Ազգ»ը մանրամասնորեն գրել է թերթի դեկտեմբերի 22-ի համարում: Մյուսըՙ Հրանտ Դինքի անվան հիմնադրամն է, որը ծնունդ առավ 2007-ին, «Ակօս» թերթի խմբագրի եղեռնական սպանությունից հետո: Դինքը պայքարում էր քրդերի եւ մյուս փոքրամասնությունների իրավունքների համար եւ շատ թանկ վճարեց դրա համար: Իր սպանությունից հետո կինըՙ Ռաքել Դինքը հիմնեց ամուսնու անվան մարդասիրական հիմնադրամը, որի մրցանակները շնորհվում են մարդկանց (ոչ անպայմանորեն հայ), որոնք պայքարում են հանուն բռնություններից, ռասիզմից եւ խտրականությունից զուրկ աշխարհի: Անցյալ տարվա մրցանակներն, օրինակ, շնորհվել են մարդու իրավունքի պաշտպաններ Էրեն Քեսքինինՙ Թուրքիայից եւ Այի Ուեյուեյինՙ Չինաստանից:
Ինչպես «Ավրորայի» դեպքում, այս հիմնադրամն էլ արժանացել է միջազգային ճանաչման: Իր տասնամյակի առթիվ հիմնադրամը Փարիզում պարգեւատրվել է «հակամարտությունների կանխարգելման Շիրաք մրցանակով»: Պարգեւը հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքին է հանձնել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իր խոսքում նա նշել է, որ Շիրաք հիմնադրամը ստեղծվել է 2008-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրաքի կողմից եւ նրա առաքելությունն է սատարել հակամարտությունների կանխարգելմանը, ծավալել երկխոսություններ տարբեր մշակույթների միջեւ եւ բարելավել առողջապահական ծառայությունների մատակարարումը:
Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են եղել հիմնադրամի ժյուրիի անդամները, մարդու իրավունքների պաշտպան բարձրաստիճան անձնավորություններ եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներ:
Իր շնորհակալական խոսքում Ռաքել Դինքը նշել է, որ իր հիմնած հիմնադրամի նպատակն է շարունակել Հրանտի ջանքերը նվազեցնելու համար լարվածությունները, որպեսզի դրանք չվերածվեն հակամարտությունների: «Ռասիստական մտածողությունը նոր պատնեշներ է կառուցում, նոր թշնամանք սերմանում: Բավական չե՞ն արդյոք վերքերն ու արցունքները: Չպե՞տք է մենք ցավը մեղմելու միջոցներ որոնենք արդյոք: Չէ՞ որ Աստված մեզ շնորհել է ոչ թե վախի, այլ սիրո եւ ինքնատիրապետման ոգին: Որպես հայի, խորը ցավ է պատճառում ինձ տեսնել այսօր հազարավոր տեղահանվածների: Պետությունները պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները եւ երկխոսությունների միջոցով խաղաղություն հաստատել: Հպարտ եմ, որ մեր հիմնադրամը հայերի, թուրքերի, քուրդերի, մահմեդականների եւ քրիստոնյաների հետ համագործակցելով պայքարում է հանուն մարդու իրավունքների վերահաստատմանը ամբողջ աշխարհում», ասել է նա: