ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում: Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է բարոթերապիա` հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում երեխաների մոտ գրանցվել է դրական դինամիկա: Բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատում են բավարար: Նրանք այսօր դուրս կգրվեն բուժհաստատությունից. գրում է «Ժողովուրդը»։
Նշենք, որ մեկ շաբաթում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում շմոլ գազից թունավորման երկրորդ դեպքն է: Օրեր առաջ` նոյեմբերի 5-ին հոսպիտալացվել էր նաև 10 քաղաքացի` 7 երեխա և 3 մեծահասակ:
Ստանալով համապատասխան բուժօգնություն նրանք բավարար վիճակում դուրս էին գրվել համալսարանական հիվանդանոցից:
Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթում գրանցված դեպքերի թիվը, համալսարանական մասնագետները մեկ անգամ ևս հորդորում են ուշադիր լինել գազախողովակներին, գազով աշխատող սարքերին, դրանց օգտագործմանը, տեսնել արդյոք լիարժեք ապահովո՞ւմ են արտանետումը, թե ոչ, քանի որ շատ դեպքերում խնդիրը հենց դրա հետ է կապված լինում, ինչպես նաև տեղադրել ազդանշանային սարքեր:
Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, որտեղ գազօջախն անընդհատ վառվում է, լինել զգոն: