ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձել է նոյեմբերի 5-ի հանրահավաքի թեմային.
«Ինչու՞ հանրահավաք
Ստեփանակերտի հանրահավաքից հետո, առ այսօր Ադրբեջանը ուշքի չի գալիս ու տեղեկատվական վայնասունը չի կտրվում: Որովհետև, ամբողջ աշխարհի համար բացահայտվեց թուրք-ադրբեջանական մի մեծ կեղծիք:
Աշխարհը տեսավ,
որ Արցախում ապրող և պայքարը շարունակող հայության մեծ բազմություն կա,
որ Արցախյան հարցը ադրբեջանական ձևով փակելն ու Հայաստանին ծնկաչոք խեղդելն այդքան էլ հեշտ գործ չի,
որ, Արցախում բնակվող հայությունն անկոտրուն է և չի նահանջելու իր ինքնորոշման արդարացի պահանջից:
Ստեփանակերտի հանրահավաքն օգնեց Ռուսաստանին` Սոչիում քննարկել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ և պետք է թողնել ապագային: Հանրահավաքը նույնիսկ կապիտուլյանտ Նիկոլին շանս տվեց, Սոչիում ՌԴ խաղաղապահների առաքելության ժամկետը երկարաձգելու հարց բարձրացնել: Ստեփանակերտյան հանրահավաքը Իրանին լրացուցիչ հիմքեր տվեց Ադրբեջանին սաստելու և Հայաստանի հետ կապերը խորացնելու համար: Կեցցե՜ն արցախահայությունը, ովքեր նորից կանգնած են քաղաքական պայքարի հարթակում:
Վաղը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Երևանում ևս պետք է տեղի ունենա ոչ սովորական հանրահավաք: Որովհետև հայ ժողովուրդն աստիճանաբար սթափվում է հետպատերազմյան շոկից և նորից տեր է կանգնելու իր Հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին:
Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը պետք է դիտարկել որպես Ստեփանակերտի հանրահավաքի շարունակություն, բարոյական ու քաղաքական աջակցություն: Եթե կապիտուլյանտ իշխանությունները մի փոքր խելք և հայրենասիրություն ունենան, ապա արտաքին հարաբերություններում կարող են օգտվել այդ հանրահավաքի ուղղերձներից:
Հայաստանը հայության մայրաքաղաքում ասելու է,
որ Արցախը երբեք չի կարող լինեն Ադրբեջանի կազմում,
որ հայ ժողովրդի տասնամյակների պայքարն ու բազում զոհերն ապարդյուն չեն եղել,
որ Հայաստանի ապագան չի կարող որոշվել օտարներին հարմար եղանակով, և հայ ժողովրդի թիկունքի հետևում,
որ Հայաստանում ապրում են երկրի արժանապատիվ տերերը, ոչ թե ճակատագրի հեգնանքին հարմարվող զանգվածներ:
Ուրեմն, հարգելի հայրենակից, վաղը՝ ժամը 15:00-ին, Ֆրանսիայի հրապարակում բռունցքվելով, մեր միասնական ուղղերձը հղենք աշխարհին` հանուն մեր երկրի ու նրա սերունդների:
Իսկ շաբաթօրյակն ու ծատատունկը մեկ շաբաթ էլ կարող են սպասել»։
Նշենք, որ իշխանությունները հենց նոյեմբերի 5-ին հայտարարել են շաբաթօրյակ ու ծառատունկ, իսկ ընդդիմությունը այս նախաձեռնությունը համարում է խանգարիչ հանգամանք, որպեսզի հանրահավաքին հնարավորիս քիչ մարդ մասնակցի։