Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼՍԱՐԱՆՙ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

Գ. Մ.

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հովանավորությամբ կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում (Գյումրի) բացվեց համակարգչային անվճար ուսուցման լսարան: Սա լավ նվեր կարող է լինել տեղի հատկապես երիտասարդությանը, թեեւ լսարանի ընձեռած հնարավորությունից օգտվել ցանկացողների համար տարիքային սահմանափակում նախատեսված չէ:

Ինչպես նշեց մարզային գրասենյակի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , այստեղ կազմակերպվելու է տարբեր մակարդակների ուսուցումՙ սկսնակների խմբերից մինչեւ պրոֆեսիոնալներ, զարգացման ծրագրեր, նաեւ ալգորիթմների տեսություն ու ծրագրավորման լեզուներ: Ընդսմին ծրագիրը ժամանակավոր չէ եւ լինելու է մշտապես գործող:

ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը բացման ժամանակ տեղեկացնելով, որ լսարանի գաղափարը ծնվել է տեղում երիտասարդների հետ կազմակերպվող հանիպումների ժամանակ, եղել է նրանց ցանկությունը, հավաստիացրեց. նման ձեռնարկների լավ արդյունքի դեպքում կիրականացվեն նաեւ այլ ծրագրեր:

ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի շնորհալի աղջիկների քառյակի կատարմամբ ազգային սքանչելի երգեցողության երկու-երեք համարները զարդարեցին բացման համեստ հանդիսությունը:

Տեղեկացնենք այս առիթով, որ ՌԱԿ ԿՎ-յան ջանքերով վերջին մեկ տարվա ընթացքում Եղվարդ եւ Սեւան քաղաքներում նույնպես գործում են համակարգչային անվճար ուսուցման լսարաններ, իսկ Սիսիանումՙ հրացանաձգության եւ Երեւանի Նորք թաղամասումՙ պատանեկան շախմատի դպրոցներ: