Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ուսհամբույր

Սոչի այցելության ժամանակ, մինչեւ ՌԴ նախագահ Պուտինի հովանոցի տակ մտնելը, ՀՀ վարչապետ Փաշինյանը չհամբուրեց իր ռազմավարական գործընկերոջը: Բայց Սոչիից հետո Թեհրան այցելելիս, Իրանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպմանը, Փաշինյանի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ  ողջագուրում համբույրի տեսքով: Սակայն, դատելով տեսանյութից, համբույրների մեջ փոքր-ինչ  կաշկանդվածություն կար: Ինչեւէ:

Ընդհանրապես, համբույրը ջերմ զգացմունքներ՝ երախտիք, շնորհավորանք, սեր, բարեկամություն եւ նվիրվածություն արտահայտելու ձեւ է: Բայց այն մեզ շրջապատող ժողովուրդների մոտ տարբեր կերպ է ընկալվում.

Իրանցիների համար ձեռք համբուրելը վերադաս-ստորադաս հարաբերություններում հնազանդությունն ի ցույց դնելու միջոցներից է եղել: Դարեր շարունակ Պարսից արքաներն ու խաները ձեռք են մեկնել իրենց ենթականերին ոչ թե օգնության, այլ նվաստացուցիչ համբույրներ ստանալու համար: Այնուամենայնիվ, ձեռնահամբույրի սովորույթը, երկրում գիտակցության մակարդակի բարձրացմանը զուգընթաց, գնալով կորցնում է իր նախկին նշանակությունը եւ բարձրանում այդ երեւույթի նկատմամբ արգահատանքի աստիճանը:

Իրանում ձեռնահամբույրից բացի կա նաեւ ՈՒՍ ՀԱՄԲՈՒՐԵԼՈՒ ավանդույթը, որի վառ օրինակներից է 2009 թ. վերընտրված ԻԻՀ նախագահ Ահմադինեժադի լիազորությունները հաստատելու արարողության ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի  հետ տեղի ունեցած «ողջագուրումը»: Այդ արարողության ժամանակ նախագահ Ահմադինեժադը ցանկանում է նախորդ ընտրություններին հաջորդած նմանօրինակ արարողության պես համբուրել իր վերադասի ձեռքը, սակայն Առաջնորդը, մեկ քայլ նահանջելով՝ կանխում է ձեռնահամբույրը, որից հետո Ահմադինեժադը, Առաջնորդի համաձայնությամբ համբուրում է վերջինիս ուսը:

Սակայն, ուս համբուրելու սովորույթի շրջանառումը վերագրվում է  նախապատմական շրջանի Պարսից միապետ Աժդահակին: Իրանական ավանդապատումը վկայում է, որ Ահրամանը մոլորեցնում է Մարդասի որդի Պարսից միապետ Աժդահակին եւ, որպես հնազանդության դրսեւորում, թույլտվություն խնդրում համբուրելու միապետի ուսերը, որի հետեւանքով Աժդահակի ուսերին օձեր են բուսնում, եւ նախկինում արդարադատ արքայի համբավ ունեցող  միապետը դառնում է չարագործ գահակալ: 

Իսկ թուրքերի մոտ ձեռք համբուրելը անձնական հարցեր լուծելու եւ հարաբերություններ կարգավորելու նպատակ ունի. Թուրքական ասացվածքի համաձայն` «եթե չես կարող կտրել քեզ հարվածող ձեռքը, համբուրիր ու դիր գլխիդ»: Ճիշտ է, ասացվածքի շարունակությունը քողարկված է՝ «…հետո հարմար պահին կտրիր նրա ձեռքը գլխի հետ մեկտեղ»:

Հայերն էլ ունեն ձեռնահամբույր, բայց միայն երախտագիտության ու սիրո արտահայտության համար: Ձեռնահամբույրը, որ նաեւ աջահամբույր (աջհամբույր) է կոչվում, «զանազան ծիսակատարությունների ժամանակ հոգեւորականի ձեռքը համբուրելու համար տրվող դրամ» իմաստով էլ է օգտագործվում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ