Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ԲԱՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԱՐԱԾԻՑ»

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրուցեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Անցած տարվա հունվարի 1-ից գործում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: Այս 14 ամսվա ընթացքում հիմնադրամը հավաքագրած միջոցներից կատարել է 39 հատուցում` 425 մլն դրամի չափով, որից 360 մլն-ը միանվագ հատուցումներն են, մնացածն` ամսական վճարները: Հիմնադրամը զոհված զինվորի ընտանիքներին եւ վիրավոր զինվորներին միանվագ փոխհատուցումներից բացի` 2 մլրդ դրամի պարտավորություն է վերցրել` 20 տարվա ամսավճարների հատուցման վերաբերյալ:

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնադրամի խորհրդի անդամների, Պաշտպանության նախարարի, ԿԲ նախագահի, հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել` ամփոփելով եւ գնահատելով հիմնադրամի տարուց ավելի աշխատանքը: Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր եւ հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ էր համարել երկրի անվտանգության ոլորտում ՙ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հայտնի է , որ Կենտրոնական բանկի աշխատակիցներն են հասարակական հիմունքներով իրականացնում հիմնադրամի իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները:

«Ազգի» հարցազրույցը հիմնադրամի գործադիր տնօրեն, ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի հետ:


– Հիմնադրամի աշխատանքի ու աշխատաոճի վերաբերյալ ի՞նչ առաջարկներ արեց նախագահը:

– Առաջարկը միակն է` շարունակել աշխատել: Ինձ համար հանրապետության նախագահի երկու ուղերձն էին կարեւոր. առաջինն այն էր, որ մեր զինծառայողները պետք է իմանան` եթե նրանց հետ, Աստված չանի, որեւէ դժբախտ դեպք պատահի, հասարակությունը կանգնած է նրանց ու նրանց ընտանիքների կողքին: Դա բարձրագույն արժեք է իմ կարծիքով, եւ հասարակության` զինծառայողի կողքին կանգնած լինելը երաշխավորում է առաջին հերթին Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը: Եւ նաեւ այն գիտակցումն է կարեւոր, որ մենք բոլո՛րս ենք պաշտպանում մեր սահմանը, ոչ միայն զինծառայողն ու նրա ընտանիքն են պաշտպանում, այլեւ բոլորս: Հիմնադրամի աշխատանքով այս գաղափարն է նյութականանում: Սա կարեւորագույն մեսիջ է, ես սա եմ ընկալել: Երկրորդն այն է, որ հասարակական կարծիքը, նախագահի գնահատականով, ընդհանուր առմամբ դրական է այս նախաձեռնության նկատմամբ, եթե նույնիսկ կան հասարակությունում փոքր խմբեր (նաեւ` հաճախ ագրեսիվ), որոնք այս կամ այն կերպ բացասաբար են անդրադառնում հիմնադրամի գաղափարին, պետք է հաշվի առնել նաեւ նրանց կարծիքը, բայց ընդհանուր առմամբ` հասարակությունը մեր աշխատանքը կարեւոր ու գնահատելի է համարում, նախագահն այդպես գնահատեց եւ կոչ արեց շարունակել աշխատանքը:

– Իսկ Դուք անձամբ ի՞նչ խնդիրներ եք տեսնում, ի՞նչ կուզեիք փոխել հիմնադրամի աշխատանքում այս մեկ տարվա փորձառությունից հետո:

– Կան մտորումներ աշխատանքն ավելի բարելավելու ուղղությամբ, դրանք դեռեւս խորհրդում չենք քննարկել, ու ճիշտ չէ առանց քննարկման դրանց մասին խոսելը: Բոլոր մտորումները մեր ստեղծման օրից մեզ ներկայացած թիվ մեկ մարտահրավերին` մեր գործունեության թափանցիկությանն ու հրապարակայնության ապահովմանն են վերաբերում, մեր հիմնադրամի հեղինակության բարձրացմանը, որը կբերի նաեւ նվիրաբերությունների աճին, ու հայությունը ոչ միայն Հայաստանից, այլեւ Սփյուռքից եւ Արցախից նվիրաբերություններ կանի: Հիմա նվիրաբերությունների գումարը կազմում է 102 մլն դրամ` աշխարհի 20 երկրից, որի առյուծի բաժինը Հայաստանից է:

Այս 14 ամիսների ընթացքում 7 մլրդ դրամից մի փոքր ավելի ենք հավաքագրել, որի 6,8 մլրդ դրամը մեր քաղաքացիների վճարած 1000-ական դրամներից է գոյացել, իսկ նվիրաբերությունները, որոնց ընդհանուր գումարն արդեն նշեցի, 1 դոլարից մինչեւ 15 հազ. դոլարի սահմաններում են եղել, եւ դրանց գերակշիռ մասը նույնպես Հայաստանի նվիրատուներն են կատարել: Միջոցները մենք կառավարում ենք` ներդնելով արժեթղթերում, ավանդներում, պարտատոմսերում, եւ այդ ներդրումներից ստացել ենք 156 մլն դրամ եկամուտ, որը նույնպես կուտակվել է հիմնադրամի հաշվին: Ասեմ, որ այն հենանիշները, որ սահմանել է խորհուրդը` ներդրումների միջոցով եւս եկամուտ հավաքագրելու, դրանցից զգալիորեն ավելի բարձր ցուցանիշներ ենք ապահովել:

Եւ մեր հիմնական մարտահրավերը` վստահության, թափանցիկության, հեղինակության բարձրացման առումով` իմ կարծիքով իրագործել ենք, դրա ցուցիչն է նվիրաբերությունների ոչ վատ ցուցանիշն այդքան կարճ ժամկետում: Ընդ որում` ցանկացած տեղեկատվություն` նվիրաբերողների եւ մնացած բոլոր գումարների վերաբերյալ մեր կայքում (1000plus.am) կգտնեք` հրապարակային է: Այդ մարտահրավերի ուղղությամբ անընդհատ պետք է աշխատենք` հասարակությանը մշտապես հասանելի դարձնելով մեր գործունեության արդյունքները:

– Այս առումով միգուցե ավելի ճիշտ է որոշ ծառայություններ անվճար չիրականացնել` ջանքերը գուցե կրկնապատիկ կլինեն: Թե այդ մոդելն, այնուամենայնիվ, աշխատող մոդել է` գոնե հայության համար զգայուն հարցերում:

– Հիմնադրամի անձնակազմը եւ խորհուրդը բացառապես անվճար են աշխատում, ավելին` հիմնադրամն իր հավաքագրած գումարից որեւէ այլ ծախս չի իրականացնում: Գաղափարի շուրջ հավաքվել են հասարակության տարբեր ներկայացուցիչներ, որոնք բոլորը կամավորության սկզբունքով են աշխատում, ԿԲ-ի աշխատակիցները հանձնառել են անվճար աշխատել, մյուս կողմից` առեւտրային բանկերն են անվճար սպասարկում, ՀԿ-ների ներկայացուցիչներն են կամավորության սկզբունքով խորհրդում աշխատում: Այս բոլորը ցույց է տալիս, որ հասարակության տարբեր շերտեր կարող են համախմբվել մի գաղափարի շուրջ, աշխատել ի բարօրություն սահմանը պահող մեր զինվորների եւ նրանց ընտանիքների: Սա կարեւոր ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ եթե լինեն համազգային այլ նախագծեր, այդ մոդելը կիրառելի կարելի է դարձնել նաեւ այլ ոլորտներում:

– Չեն դադարում քննադատություններն առ այն, որ այդ խնդիրները կարելի էր իրականացնել Հայաստանի բյուջեի համապատասխան հատկացումներով, նաեւ հասցեական պետական տուրքի հավաքագրման գաղափար իրականացնելով, առանց հիմնադրամ ստեղծելու…

– Տեսեք` ամենակարեւոր արգումնենտներից մեկն ինչ է` որ սա պետք է լինի հարկային մուտքերից առանձնացված հավաքագրում, հիմնադրամում կուտակվի, կարողանանք պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել եւ դրանից առավելագույն եկամտաբերություն ապահովելով` ավելացնել ու մեծացնել հիմնադրամի միջոցները: Այդ անում ենք` համագործակցելով մասնավոր կառույցների, օրինակ` առետրային բանկերի հետ, ինչը պետական կառուցվածքում հազիվ թե հնարավոր լիներ:

– Իսկ ինչո՞վ են մոտիվացվում անվճար աշխատողները…

– Գաղափարո՛վ: Որ իրենք զինվորի կողքին են կանգնած: Երկրի սահմանը պաշտպանողի շարժառիթն էլ գաղափարն է, չէ՞: Այսպես մտածող մարդիկ շատ են, հավատացեք: Մենք շատ ավելի պակաս բան ենք անում սահմանին կանգնած զինվորի արածից: Մենք 14 ամսվա ընթացքում 39 հատուցում ենք արել, գրեթե բոլորին այցելել ենք, բոլոր մարզերում, նաեւ` Արցախի հանրապետությունում: Տեսել ենք, որ մարդիկ զգում են, որ հասարակությունը, պետությունն իրենց կողքին կանգնած են. սա է գերագույն երախտիքը, երբ զգում ես, որ զինվորն ու իր ընտանիքն իրեն պաշտպանված են զգում: Այսօր ժամը չորսին ունենք հիմնադրամի խորհրդի նիստ (հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 14-ին-Մ.Խ.), ու պաշտպանության նախարարության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում` եւս վեց հատուցման որոշում ենք այսօր ընդունելու: Ի դեպ` մենք եռօրյա ժամկետում արձագանքում ենք փաստաթղթերով ամրապնդված հայտերին, օրենքով է այդ կարգը սահմանված, հատուցումների վերաբերյալ բոլոր որոշումները հրապարակված են մեր կայքում: Որոշման կայացման օրը անվճար սպասարկող մեր երեք գործընկեր բանկերը («Կոնվերս», «Հայբիզնեսբանկ», «Արցախ» բանկերը), նայած որն է ըստ բնակավայրի մոտիկ գտնվում հատուցման հասցեատիրոջը, հասցեատիրոջ համար բացած հաշվեհամարներով փոխանցումներ են անում:

Առաջին կարգի հաշմանդամներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին մենք միանվագ փոխանցում ենք 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամներին` 5 միլիոն դրամ, ինչպես նաեւ փոխանցում ենք առաջին ամսվա ամսական վճարը, որը առաջին կարգի հաշմանդամի եւ զոհված զինծառայողի համար տատանվում է 200-300 հազար դրամի սահմաններում, եթե երեք եւ ավելի երեխաներ ունի` լրացուցիչ 100 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամի պարագայում այդ գումարը 100-200 հազարի սահմաններում է: Եւ դրանից հետո այդ մարդիկ քսան տարի ամեն ամիս այդ ամսական գումարը ստանալու են: Զոհված զինծառայողի ընտանիքի համաձայնությամբ գումարը կարող է բաժանվել մի քանի հաշվեհամարների, կամ մեկ հաշվեհամարի` իրենց ներքին համաձայնության խնդիրն է: Եթե մարդիկ չեն կարող այցելել բանկ, ապա բանկն է մարդկանց այցելում-գումարները տալիս: Այս պաին մենք արդեն արել ենք 425 մլն դրամի հատուցում, որից 360 մլն միանվագ հատուցումներն են, մնացածն` ամսական վճարները: Բայց նաեւ մենք ունենք 2 մլրդ դրամի պարտավորություն` քսան տարվա ամսավճարների համար:

– Հետագայում, երբ հիմնադրամի միջոցներն առավել ստվարանան, հնարավորություն կլինի՞ վերանայել օրենքը` թեկուզ 2016 թվականի ապրիլին զոհվածների ու վիրավորների համար փոխհատուցման պատուհան բացելով:

– Մեր խորհրդի վերջին նիստում մենք հատուցման 4 որոշում ենք կայացրել, որոնք վերաբերում են 2016 դեկտեմբերի 29-ին եւ 30-ին վիրավորված, բայց արդեն անցած տարվա հունվարին մահացած զինծառայողներին: Հիմնադրամի խորհուրդը նախորդ նիստերից մեկում արդեն իսկ որոշել էր, որ եթե տարին ամփոփելիս միջոցներ գտնվեն` ապա այդ դեպքերի համար էլ փոխհատուցում կարվի, եւ այժմ այդ հնարավորությունը կար, հատուցումներն արվեցին: Ասենք, որ այդ ընտանիքները գումարներ ստացել են նաեւ այլ հիմնադրամների հաշվին, մենք միայն ամսական վճարները պետք է անենք առաջիկա տարիների: Ինչու եք 2016 թվականի ապրիլի դեպքերի մասին խոսում միայն, վերջին մի քանի տարին նույնպես վիրավորներ ու զոհեր ենք ունեցել: Օրենքով կարգավորում ունենք, որ երբ հավաքագրված միջոցները հնարավորություն տան խորհրդին` անրդրադառնալ նաեւ նախորդ դեպքերին` դա հնարավոր լինելու է հետագայում: Ֆինանսական հզորությունից է կախված լինելու, հատկացումների չափն էլ դրանից է կախված լինելու:Դրան անդրադառնալը ֆինանսական առումով դեռ վաղ է, միգուցե եկող տարի հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ: Ֆինանսական հնարավորությունը, առաջին հայացքից, սուբյեկտիվ բան է` օբյեկտիվություն ապահովելու համար մաթեմատիկական հաշվարկներ են պետք:

– Հանրության մեջ անվստահությունը բոլոր տեսակի հիմնադամների նկատմամբ, այնուամենայնիվ կա, ինչպե՞ս անել, որ մեր 10 միլիոնանոց Սփյուռքը այս մի հարցում գոնե ավելի ակտիվ լինի: 100 միլիոն դրամ նվիրատվությունն, իհարկե, վատ չէ, բայց սահմանը պաշտպանող զինվորին աջակցելու գաղափարի առումով եւ Սփյուռքի ներուժի համեմատությամբ` չնչին է: Միգուցե իրազեկման պակաս ունի Սփյուռքը, կամ ուղղակի իշխանության հանդեպ անվստահությունը նաեւ հիմնադրամի վրա է տարածվում:

– Որ մեզ չեն վստահում` միգուցե ճիշտ են անում, այդ չվստահելը մեզ համար դառնում է ավելի լավ աշխատելու ռեսուրս: Եթե չհաշվենք բանսարկությունների եւ բամբասանքի մակարդակը` առողջ քննադատությունն ու հարցադրումները, որ ստանում ենք, մեզ մղում են, որ լրացուցիչ ջանք գործադրենք իրազեկման բարձրացման ու վստահության ամրապնդման գործիքներն ընդլայնելու առումով: Մեր կայքը թափանցիկ է, մեր գործունեության յուրաքանչյուր մանրամասն կգտնեք այնտեղ` չորս լեզվով: Երկրորդը` որպես հիմնադրամի տնօրեն կարծում եմ, եւ մեզ համար դա շատ կարեւոր է, որ մարդը թեկուզ շատ փոքր նվիրաբերություն անի, մեր մշտական նվիրատուն դառնա: Մենք ունենք նվիրատուների 35 տոկոսանոց կրկնություն, երբ նույն մարդիկ ամեն ամիս են նվիրատվություն անում: Մենք թիրախ ունենք հասնելու 60 տոկոսի, որը սովորաբար աշխարհի լավագույն բրենդների մակարդակն է: Եթե այդ տեսակետից նայեք` մշտական նվիրատուների ներկա պատկերը հուսադրող է:

– Իսկ մեծահարուստներն ակտի՞վ են:

– Մեծահարուստներն էլ են նվիրատվություններ անում: Օրինակ` Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը որոշեց պատգամավորական մեկ տարվա աշխատավարձը նվիրել հիմնադրամին: Առեւտրային բանկերի բաժնետերերն են նվիրատվություններ անում: 102 միլիոնից 86 միլիոնը Հայաստանից է, մենք ունենք Կիպրոսից մեկ մեծ նվիրատվություն` 10 հազար դոլարի, երկու նվիրաբերություն Ֆրանսիայից, էլի մեկ անձից, դրանք անհատական նվիրաբերություն են: Նայեք ցանկը, հրապարակված է: Սփյուռքի ներուժը ավելին է, Սփյուռքը պետք է ակտիվանա: Մենք համենայնդեպս այդ ուղղությամբ իրազեկման հարցերը լուծում ենք` կայքով, սոցիալական ցանցերում, հարցազրույցներ ենք տալիս Սփյուռքի ԶԼՄ-ներին, Armenian Mirror-Spectator-ը մեկ տարի է, ինչ մեր գովազդն ամեն շաբաթ տպագրում է: Մենք աշխատում ենք հայաստանյան եւ սփյուռքյան բազմաթիվ կառույցների հետ, որոնք նվիրաբերություններ են հավաքագրում: Սփյուռքից շատ գումարներ, իհարկե, տարբեր հիմնադրամների գալիս են, մենք նաեւ այդ առումով ենք մրցակցության մեջ:

– ՊՆ-ն հոսքերը համակարգելու խնդիր չի դնո՞ւմ:

– Դե նախարարը բազմիցս դա հայտարարել է, զինծառայողներին ու նրանց ընտանիքներին օգնել ցանկացողներին բազմիցս մատնացույց է արել բոլորին հավասար, արդար սկզբունքով օգնող մեր հիմանդրամը, բայց ուղղակի, այսինքն առանց հիմնադրամի, ընտանիքներին օգնել ցանկացողներին ոչ ոք չի կարող սահմանափակել: Մեր հիմնադրամն այդպիսի պատվեր չի կատարում` նվիրատուների կոնկրետ հասցեական ցանկություններն իրականացնելու: Առիթն օգտագործեմ ու ասեմ, որ հիմնադրամի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, որ բոլորը հավասար հատուցում ստանան: Երբ օրենքն ընդունվում էր` ասում էին հավաքագրումը պարտադիր մի արեք, թողեք կամավորության սկզբունքով լինի: Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ աշխարհից այդ ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների համար տասնմեկ, թե տասներկու միլիոն դոլար հավաքագրվեց, հիմա մենք մի տարում տասներկու միլիոն դոլար ենք հավաքում պարտադիր հավաքագրումների հաշվին: Կամավորության սկզբունքով մարդիկ, այո, տալիս են, գլուխ ենք խոնարհում ամեն նվիրատուի առաջ, բայց պետք է հիշել, որ հիմնադրամը քսան տարվա խոստում է ստանձնել զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների առջեւ, պարտավոր ենք այդ գումարը տալ: Աստված տա` հատուցման անհրաժեշտության ենթակա անձանց թիվն այլեւս չմեծանա:

Մենք հաշվարկել էինք, որ ամսական կես միլիարդ դրամ պարտադիր հավաքագրումներից ստանալու ենք, միջինում դա ստանում ենք:

– Ի՞նչ նոր գործիքներ պետք է ներդնեք հիմնադրամի աշխատանքում:

– Մի շատ լավ ծրագիր է հաստատել մեր խորհուրդը, կոչվում է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագիր: Փաթեթը պատրաստ է վեց-յոթ լեզուներով: Իմաստն այն է, որ Սփյուռքում գտնենք մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց համայնքներում իրականացնել հիմնադրամի քարոզչություն` կամավորության սկզբունքով: Այդ մարդիկ կկոչվեն հիմնադրամի դեսպաններ: Նրանց համար տեղեկությունների, հաճախ տրվող հարցերի պատասխանների փաթեթը պատրաստ է, շուտով կլինի կայքում: Այդ մարդկանց պետք է գտնենք, կապ հաստատենք, որ նրանք իրազեկեն, դասախոսություններ կարդան հիմնադրամի մասին, իսկ նրանց մասին էլ մենք կպատմենք մեր կայքում:

– Ամփոփելով…

– Կուզեի ընդգծել այն միտքը, որ մերը ապահովագրական հատուցում է, ոչ թե օգնություն, հավասար ու արդար ապահովագրումն ենք իրականացնում` անկախ նրանից, հարուստ են, թե՞ աղքատ, Երեւանում են ապրում, թե՞ գյուղում` նույն չափով ենք հատուցում: Մենք բարեգործական հիմնադրամ չենք, այլ զինվորին ու նրա ընտանիքին ապահովագրող կառույց: Օգնության մեջ սուբյեկտիվիզմ կա, ապրիլյան պատերազմից հետո շատերն են օգնություն ստացել, տարբեր ասեկոսեներ կան, որ ընտանիք է եղել` մինչեւ հարյուր հազար դոլար օգնություն է ստացել, իսկ ընտանիք է եղել` ոչինչ էլ չի ստացել, ասենք` հեռավոր գյուղում ապրող ընտանիք, եւ մամուլը նրա մասին չի գրել: Մենք այս խնդիրը լուծել ենք, անկախ նրանից` ո՞վ է զինծառայողը, հարուստ է, աղքատ է, ինչ ազգի է` եթե սահման է պահել ու վիրավորվել է, մենք նրա կողքին կանգնած ենք հավասարության սկզբունքով: Սա ամենակարեւր սկզբունքն է ապահովագրական հատուցումների:

Պետությունը ստեղծել է մի խողովակ, ներգրավել պրոֆեսիոնալների, եւ թափանցիկ, հավասարություն ապահովող համակարգով երաշխավորում է, որ նվիրաբերված հարյուր դրամն անգամ կգնա-կհասնի հասցեատիրոջը: Եթե ուզում եք օգնել հայրենիքի պաշտպանությանը մասնակցած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, սա ամենահուսալի խողովակն է, որը երաշխավորում է, որ ձեր նվիրաբերած մեկ դոլարն անգամ կհասնի անգամ ամենահեռավոր գյուղը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՄՆ ԱՅՑԻՆ ԲԱՔՎԻՑ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է… ԹՈՒՐՔԻԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՆ ՈՒՐԱԽ Է, ԻՍԿ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՏԽՐԻ, ԵԹԵ ՄԵՐԿԵԼԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՉԸՆՏՐՎԵՐ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՆ ՈՒՐԱԽ Է, ԻՍԿ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՏԽՐԻ, ԵԹԵ ՄԵՐԿԵԼԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՉԸՆՏՐՎԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական