Արդի աշխարհում ի՞նչ է վճռում Թուրքիան
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Վառնայում անցկացված Եվրոմիություն-Թուրքիա գագաթաժողովը կատարել է իր խնդիրըՙ հաստատելով, որ Թուրքիան փակել է իր սահմանը դեպի ԵՄ ձգտող գաղթականների համար: Միեւնույն ժամանակ, Անկարայի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունեցող առավել սուր խնդիրները մնացել են չլուծված:
Գագաթաժողովից առաջ Բուլղարիան խոստացել էր երաշխավորել Եվրոմիության արտաքին սահմանի անվտանգությունը եւ կատարեց այդ խնդիրը: Գագաթաժողովի արդյունքների հիման վրա Բուլղարիայի վարչապետը հայտարարեց, որ գաղթականների հետ կապված համաձայնագիրը կշարունակի գործել:
Եվրոմիությունը Թուրքիային լիակատար աջակցություն հայտնեց գաղթականների հոսքի կասեցման հարցում: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր հերթին հայտարարեց, որ տվյալ հարցի քննարկումը կշարունակվի հունիսին կայանալիք հերթական հանդիպման ժամանակ:
Ըստ որում, գագաթաժողովի մասնակիցները Թուրքիայի հետ փոխզիջման չհասան Կիպրոսի եւ Սիրիայի առնչությամբ: Դոնալդ Տուսկի խոսքերովՙ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցում առաջընթացը հնարավոր է միայն հիշյալ խնդիրների լուծման պայմաններում: Միեւնույն ժամանակ Տուսկն արտահայտվեց Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու օգտինՙ ընդսմին ընդգծելով, որ Անկարան մնում է Բրյուսելի կարեւոր գործընկերը: Տուսկը ընդգծեց, որ գագաթաժողովում ԵՄ-ը մտահոգություն է արտահայտել Աֆրինի իրադրության, ինչպես նաեւ մի կողմից Թուրքիայի եւ մյուս կողմից Կիպրոսի, Հունաստանի ու Իտալիայի միջեւ Կիպրոսին մերձակա ծանծաղուտում գազի արդյունահանման շուրջ ծագած վեճերի կապակցությամբ: Մտահոգություն է արտահայտվել նաեւ Թուրքիայի կողմից երկու հույն սահմանապահների կալանավորման առնչությամբ:
Հունվարին թուրքական ռազմանավերը շրջափակել էին իտալական Eni ընկերությանը պատկանող գազահորատման Saipem 12000 հարթակը, որը պետք է հետախուզական աշխատանքներ իրականացներ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Ավելի վաղ, Նիկոսիան իտալական ընկերությանը տրամադրել էր ածխաջրածինների հետախուզման ու մշակման արտոնագիր: Թուրքական կողմը մտահոգություն էր արտահայտել Կիպրոսում իտալական էներգետիկ ընկերության գործունեության առնչությամբՙ գտնելով, որ այդ աշխատանքները հակասում են Անկարայի շահերին:
Փետրվարի 5-ին Իտալիա այցելելուց հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրք լրագրողներին հայտարարել էր, որ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի եւ վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ժամանակ ինքը բարձրացրել է Eni ընկերության հարցը եւ նախազգուշացրել, որ Թուրքիան այդ շրջանում գազի արդյունահանումը վտանգ է համարում ինքնահռչակ Հյուսիային Կիպրոսի Թուրքական Հանրապետության համար, եւ գտնում է, որ իտալական ընկերության ընտրությունը սխալմունք է: Տվյալ իրավիճակը մարտի 22-23-ը քննարկվեց Բրյուսելում: Հանդիպման մասնակից ԵՄ պետություները աջակցություն հայտնեցին Աթենքին եւ Նիկոսիային:
Վառնայի գագաթաժողովի ավարտից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը Եվրոմիությունից օգնության հերթական փաթեթն է սպասում, քանի որ Անկարան առայժմ միայն 1,8 մլրդ եվրո է ստացել գաղթի վերահսկման համար Եվրոմիության խոստացած 3 մլրդ եվրոյից: Ներկայումս Թուրքիայում գրեթե 4 մլն սիրիացի գաղթականներ կան: Ստացվող գումարը պետք է նպաստի գաղթականների վիճակի բարելավմանը:
Էրդողանը Եվրոմիությանը նաեւ կոչ արեց արագացնել իր երկրի քաղաքացիներին ԵՄ անայցագիր մուտքի իրավունք տրամադրելու աշխատանքները, «քանի դեռ Թուրքիայի քաղաքացիները չեն կորցրել հավատը ԵՄ հանդեպ»:
Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը արգասավոր բնութագրեց գագաթաժողովի աշխատանքը: «Մենք ուզում ենք, որ Թուրքիան լինի ԵՄ ռազմավարական գործընկերը: Մենք պետք է շարունակենք անկեղծ երկխոսությունը: Կարծում եմՙ Եվրոմիությունը եւ Թուրքիան մեծ սխալ են թույլ տալիս, երբ խոսում են ոչ թե ընդհանրությունների, այլ տարբերությունների մասին: Մենք շատ ընդհանուր շահեր ունենք մեր թուրք բարեկամների հետ», ընդգծեց Յունկերը:
Նա շեշտեց գաղթականների հետ կապված համաձայնության կատարման փաստը եւ Թուրքիային շնորհակալություն հայտնեց, որ սեփական տարածքում ապաստան է տվել մոտ 3,5 մլն մարդու: «Դա ցույց է տալիս, որ Թուրքիան կարող է համերաշխվել Եվրոմիության հետ: Հենց դրա համար մենք երախտապարտ ենք նրան», ասաց Յունկերը: Նա խոստացավ, որ Եվրոմիությունը կկատարի գաղթականների օգնությանն ուղղված գումարի հատկացման բոլոր պարտավորությունները:
Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը փոխզիջման չի դիմի Բրյուսելի կողմից ահաբեկիչների աջակցման հարցում: Նույնպիսի անզիջում ռազմատենչություն նա դրսեւորում է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքորոշման հանդեպ: Ստամբուլում կառավարող Արդարարության եւ զարգացման կուսակցության հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Աֆրինի գրավումից հետո թուրքական զորքը կշարունակի հարձակումը սիրիական Մանբիջ քաղաքի ուղղությամբ, որտեղ, հիշեցնենք, ամերիկյան ռազմահենակետ գոյություն ունի:
Վառնա մեկնելուց առաջ նա պատրաստվել էր եվրոպացիներին ցույց տալ, թե նրանք ապաստան են տրամադրում ահաբեկիչներին, որպիսիք են քրդական կազմակերպությունները եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները: Այդ մասին հաղորդեց բուլղարական bTV ազգային հեռուստաալիքըՙ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ: Տրապիզոնում իր կուսակցության համագումարում Էրդողանը խոստացել էր անզիջում լինելՙ նշելով, որ ինքը տեսանյութեր ունի ամեն ինչի մասին:
Ըստ քաղաքագետ Լեոնիդ Կրուտակովի ՙ Правде.Ру կայքին տված հարցազրույցի, Էրդողանը որպես Աստանայի գործընթացի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի եւ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ղեկավար, հավակնում է «կարկանդակի իր բաժինը կորզել Սիրիայից»: Կայքի փորձագետի կարծիքով, Մերձավոր Արեւելքը թեւակոխել է վերաբաժանման նոր փուլ, եւ ուժեղ խաղացողներից յուրաքանչյուը կհայտարարի սեփական իրավունքների մասին: Քաղաքագետը հռետորական հարց է տալիս, որ եթե ԱՄՆ-ին կարելի է խախտել, միջազգային իրավունքի նորմերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի Թուրքիային:
Ինչ վերաբերում է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, եվրոպացիների պահանջները զայրացնում են թուրքերին, որոնք իրենց հերթին ներկայացնում են հակընդդեմ պահանջներ: Ներկայումս Եվրոմիության եւ Թուրքիայի բոլոր համաձայնությունները ժամանակավոր են: Երկու կողմերը ձեւացնում են, թե իրենք համաձայնության են գալիս:
Ըստ քաղաքագետի, Թուրքիան ու ԵՄ-ը լուծում են տարածաշրջանային խնդիրներ, նրանք չեն դիմի գլոբալ համաձայնությունների: Նոր աշխարհակարգի հարցը պետք է լուծեն ուժեղ տերություններըՙ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը: Անցյալում դա տեղի էր ունենում աշխարհամարտից հետո, բայց ներկայումս գոյություն ունի միջուկային զսպման գործոն: Ամենքը կբանակցեն եւ համաձայնության կգան այն ժամանակ, երբ Արեւմուտքը գիտակցի, որ հիբրիդային պատերազմը իրեն ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ բերում: Այդ ժամանակ կլուծվի թե՛ Սիրիայի, թե՛ Ուկրաինայի, եւ թե՛ ԿԺԴՀ-ի հարցը, եզրակացնում է Լեոնիդ Կրուտակովը:
Աֆրինի դեպքերի կապակցությամբ Թուրքիային քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը : «Անվտանգության ոլորտի շահերը չեն կարող արդարացնել Թուրքիայի գործողություներն Աֆրինում: Բյուրավոր խաղաղ բնակիչներ ենթարկվեցին հալածանքների, սպանվեցին կամ ստիպված դիմեցին փախուստի: Մենք ամենայն վճռականությամբ դատապարտում ենք դա», ասել է նա: Ցավոք, ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ էլ միջազգային մյուս խոշոր խաղացողները չդատապարտեցին Թուրքիայի գործողությունները:
Էրդողանի արարքներին օժանդակում է Ռուսաստանը: Դա հասկանալի է. Թուրքիան որպես խաղազինվոր է հանդես գալիս Ռուսաստանի մեծ խաղի մեջ: Մոսկվան շահարկում է թուրքերի հպարտությունը եւ Օսմանյան կայսրության երբեմնի փառքը վերականգնելու Էրդողանի հավակնությունները: Եթե Թուրքիան շարունակի իր ուղին, նա կարող է բախվել Մանբիջում քրդական կազմավորումներին աջակցող ԱՄՆ-ի հետ: Քրդերն ամերիկացիների հետ մարտնչել են «Իսլամական պետության» դեմ: Քրդերին Թուրքիային հայեցողությանը հանձնելու դեպքում ԱՄՆ-ը կդառնար դավաճան եւ մի նոր թշնամի կունենար տարածաշրջանում, որտեղ առանց այդ էլ քիչ բարեկամներ ունի:
Ըստ երեւույթին, Ռուսաստանը հույս ունի, որ քրդերի եւ ամերիկացիների հետ կապված հակամարտության դեպքում Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից եւ ընդհուպ կհայտնվի Մոսկվայի ազդեցության տակ: Վաշինգտոնը Անկարային պահելու համար կարող է օգտագործել նրա կախվածությունը Արեւմուտքի ֆինանսական օգնությունից (2014 2020թթ. միայն ԵՄ-ից Թուրքիան պետք է ստանա 5,4 մլրդ դոլար):
Ըստ ռուս վերլուծաբան Մաքսիմ Իսաեւի , իբր ահաբեկչությունից պաշտպանվելու նպատակով Սիրիա ներխուժած Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ բավարար հիմք չունի օտար պետության տարածքում ուժ կիրառելու համար: