Թուրքիայի գաղտնի ծառայությունն արտերկրիցՙ 18 երկրից Թուրքիա է վերադարձրել ու կալանավորել Գյուլենի 80 հետեւորդիՙ ԱՄՆ-ում ապաստան գտած նրանց ղեկավարին մեղադրելով 2016-ին կազմակերպած հեղաշրջման փորձի մեջ, ապրիլի 5-ին հաղորդում են գերմանական ԶԼՄ-երըՙ հղում անելով թուրքական կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղին : Վերջինս գաղտնի է պահել կասկածյալներին «հանձնած» երկրների անունները եւ գնահատել, թե հիշյալ գործողությունը «մեծ հարված է գյուլենական շարժմանը»: Մեկը Կոսովոն է, որ ներքին գործերի նախարարի գիտությամբ անցյալ շաբաթ արտոնել է 5 ուսուցչի, 1 բժշկի արտահանձնել:
Լուրը հրապարակվելուն պես թե՛ ներքին գործերի նախարարը, թե՛ գաղտնի ծառայության ղեկավարը պաշտոնաթող են եղել: ԵՄ անդամության ձգտող Կոսովոյի արարքն արժանացել է ԵՄ-ի քննադատությանը: Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ավելի քան 38 000 մարդ է ձերբակալվելՙ Գյուլենին հարելու մեղադրանքով, 110 000 պետական ծառայող ազատվել է պաշտոնից: