ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր
Մաս երրորդ
ՀՀ Հանրային կրթության նախարար Միքայել Աթաբեկյանը (Հժկ) ծնվել է Թիֆլիսում 1870 թվականին: Ինչպես հաճախ է պատահում Մ. Աթաբեկյանի մասին շատ տեղեկություններ մեզ չեն հասել: Միայն հայտնի է, որ նա սերում էր Ջրաբերդ գավառի տիրակալների`Աթաբեկյանների իշխանական տոհմից: Տոհմն առաջացել է 15-րդ դարում: Նահապետն էր իշխան Աթաբեկ Գ Հասան-Ջալալյանը, իշխան Ջալալ Գ Հասան-Ջալալյանի հինգերորդ որդին, ով որպես ժառանգություն ստացավ հայրական տիրույթի հյուսիսարեւելյան մասում գտնվող մի տարածք, Ջրաբերդ ամրոցի մոտակայքում. ըստ որի նա հայտնի է որպես Աթաբեկ Մեծ Ջրաբերդցի: Տեղափոխվելով այդ տարածք, Չորտանձուտինջուր գետի հովտում իշխան Աթաբեկը հիմնադրեց Կուսապատ գյուղը, որը եւ դարձավ Աթաբեկյանների տոհմական ոստանը: Հետագայում տոհմը բազմացել եւ տարածվել է հյուսիսային Արցախում հիմնելով մի շարք բնակավայրեր:
Մեկ այլ տեղեկության համաձայն, Աթաբեկյանների գերդաստանն սկիզբ է առել Աթաբեկ յուզբաշուց (հարյուրապետ), որի անունով էլ տոհմի անդամները սկսել են կոչվել Աթաբեկյաններ (այդ մասին մանրամասն գրել է ռուս նշանավոր պատմաբան Վ. Պոտտոն):
Համաձայն ավանդապատումի, Չորտանձուտինջուր գետի ափին, երբ հպատակները սկսում են Աթաբեկյանների ոստան Կուսապատ գյուղի շինարարությունը, պատերազմ է սկսվում, եւ իշխանը մեկնում է մարտի: Մարտի ժամանակ նա ծանր վիրավորվում է եւ մահանում: Այդպիսով, ամրոցի պատերը մնում են կիսատ. արցախյան բարբառովՙ «կուսապատ» (կիսատ պատ), որից եւ առաջանում է գյուղի անվանումը:
Հայտնի է նաեւ, որ Աթաբեկյաններ Վանին եւ Հակոբը աչքի են ընկել պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի գլխավորած բանակի դեմ արցախահայության մղած պայքարում: Վանին, որը յուզբաշի էր, մասնակցել է նաեւ 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմին եւ իր մատուցած բազմաթիվ ծառայությունների համար ռուսական կառավարությունից ստացել պրապորշչիկի աստիճան, ոսկե մեդալ ու տարեկան 200 ռուբլի թոշակ: Վանի յուզբաշուն 1814 թ. շնորհվեց նաեւ մելիքի տիտղոս, ու նա ստացավ Ջրաբերդի մելիքության կառավարչի պաշտոնը:
Աթաբեկյանները թողել են բազմաթիվ ժառանգներ, որոնց մի մասի շառավիղները այսօր էլ բնակվում են Արցախում, իսկ ոմանք էլ բարձրագույն կրթություն ստանալու եւ այլ նպատակներով անցել են Բաքու, Թիֆլիս, Երեւան ու Էջմիածին, ինչպես նաեւ Ռուսաստան, Պարսկաստան, Եվրոպա, ԱՄՆ եւ նույնիսկ հեռավոր Արգենտինա: Այս տոհմի շառավիղների կեսից ավելին ունեցել է բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթություն: Նրանցից էր օրինակ Աթաբեկը, որը գնդապետ էր ու մասնակցել է 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմին: բարձրաստիճան զինվորական է եղել նաեւ վերջինիս որդի Անդրեյը: Նա 1870 թ. ավարտել է Ալեքսանդրյան երրորդ զինվորական ուսումնարանը, այնուհետեւ` Միխայիլովյան հրետանային ակադեմիան: Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին: Անդրեյ Աթաբեկյանը 1900 թ. ապրիլի 9-ին ստացել է գեներալ-մայորի, իսկ 1906 թ. դեկտեմբերի 6-ին` գեներալ-լեյտենանտի աստիճան: Զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, իսկ 1913-ից Մոսկվայի զինվորական օկրուգի հրետանու պետն էր:
Միքայելի եղբայր Հովսեփ Աթաբեկեանցի գլխավորութեամբ բնագրից առաջին անգամ հայերեն է թարգմանվել Ֆ. Էնգելսի «Սոցիալիզմի զարգացումն ուտոպիայից դեպի գիտություն» աշխատությունը, որ հրատարակվել է 1894 թ. «Գիտական սոցիալիզմ» խորագրով: Նույն թվականին նրա մասնակցությամբ հրատարակության է պատրաստվել նաեւ Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի»-ի հայերեն թարգմանությունը, որ սակայն մնացել էր անտիպ: Հ. Աթաբեկյանցն էր, որ նամակով դիմել էր Էնգելսին եւ խնդրել, որ առաջաբան գրեր «Մանիֆեստ»ի հայերեն հրատարակության համար: Հետագայում Հ. Աթաբեկյանցը նախագծել եւ իրականացրել է մի քանի ջրատեխնիկական կառուցումներ, գրել այդ բնագավառի վերաբերյալ զանազան ուսումնասիրություններ: 1914 թ. որպես սպա զորակոչվում է բանակ եւ անհայտ պատճառով 1916 թ.ինքնասպան է լինում Կարսում:
Այս պատվարժան տոհմի ժառանգ Միքայելն ավարտել է Թիֆլիսի առաջին արական գիմնազիան եւ երկու տարի հաճախել է ցարական Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի համալսարանը, այնուհետեւ` Հոհենհայմի (Գերմանիա) գյուղատնտեսական ակադեմիան: Նա դեռ մանկուց պատկանում էր ուսումնատենչ այն սերնդին, որը հետագայում պետք է դառնար հայ ժողովրդի արեւելահայ հատվածի քաղաքական եւ գաղափարական առաջնորդը: Երիտասարդ տարիներից սկսում է աշխատակցել «Մշակ»-ին եւ դառնում է նրա առաջապահ հատվածի ակտիվ անդամներից մեկը: Հենց այդ շրջանում էր, որ մյուս մշակականների հետ ծանոթանում է Պոլսից, Վանից եւ Օսմանյան կայսրության հայաշատ այլ բնակավայրերից Թիֆլիս եկած առաջադեմ մտավորականության ներկայացուցիչների հետ եւ փորձում օժանդակել նրանց արեւմտահայոց ազատագրության պայքարի գործը կազմակերպելու համար:
Կոալիցիոն կառավարության կազմում ՀԺԿ-ի կողմից դարձավ ՀՀ Հանրային կրթության նախարար` 04.11.1918 – 04.12.1918: Սակայն շատ կարճ տեւեց նրա` նորանկախ հայրենիքն ու ժողովրդին լուսավորության կենտրոն դարձնելու վերաբերյալ ոգեւորությունը: Իր մի քանի այլ գործընկերների հետ չհարմարվելով Երեւանի ծանր պայմաններին`լքում է քաղաքն էլ, նախարարի պաշտոնն էլ եւ հեռանում է Թիֆլիս:
ՀՀ Մատակարարման նախարար Լեւոն Ղուլյանը եւս Ժողովրդական կուսակցության հիմնադիր-ղեկավարներից էր: Նախարարի պաշտոնում Լ. Ղուլյանն աշխատեց 1918 թ. նոյեմբերի 4-ից մինչեւ 1919 թ. գարունը :
Երբ հոկտեմբեր ամսին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ կոալիցիոն կառավարություն կազմելու նախաձեռնությամբ Երեւան եկան Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ Սամսոն Հարությունյանն ու Մինաս Բերբերյանը , որոնց առաջարկած անունների շարքում տեղ էր գտել նաեւ Լեւոն Ղուլյանի անունը: Նա Քաջազնունու կառավարությունում պարենավորման նախարարն էր մինչեւ այն ժամանակ, երբ ընդունվում ՀՀ խորհրդարանը համալրելու վերաբերյալ հայտնի ակտը, որից հետո Հայ Ժողովրդական կուսակցությունը դուրս եկավ կառավարությունից եւ կոալիցիան վերջ գտավ: Պետք է փաստենք նաեւ, որ պարենավորման նախարարությունում առաջացել էր բազմիշխանություն. իրավաբանորեն նախարարն էր Լեւոն Ղուլյանը, պաշտոնակատարներ էին Սամսոն Հարությունյանը, ով գտնվում էր Թիֆլիսում, եւ Մելիք-Ղարագյոզյանը, որ գտնվում էր Երեւանում: Այդ վիճակը պահպանվեց մինչեւ նորանշանակ Վերմիշյանի ժամանումը Երեւան:
1919 թ. հունվարի 29-ին Արամ Մանուկյանի մահվանից եւ 1918 թ. նոյեմբերի 14-ին Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, Լ. Ղուլյանը լքեց Երեւանն ու մեկնեց Թիֆլիս: Քանի որ պայմանավորվածության համաձայն ՀԺԿ-ի իրավասության տակ էր մնում Մատակարարման նախարարի պորտֆելը, ուստի վարչապետ Քաջազնունու հրամանագրով կառավարության կազմում Լեւոն Ղուլյանին փոխարինեց մեկ այլ ՀԺԿ-ական` Քրիստափոր Վերմիշյանը: Իսկ Լ. Ղուլյանն այդ ընթացքում Թիֆլիսում պատասխանատու պաշտոն էր ստացել տեղի հայկական պարենավորման հիմնարկությունում:
Ավարտելով ՀՀ կոալիցիոն կառավարության մասին շարքը նշենք, որ 1919 թ. փետրվարի 6-13-ին տեղի ունեցած Արեւմտահայերի երկրորդ համագումարի որոշմամբ խորհրդարանը համալրող բոլոր 12 պատգամավորները ՀՅԴ անդամներ էին կամ դրան հարողներ: Մյուս բոլոր կուսակցությունները դեմ էին այդ քայլին, իսկ ՀԺԿ-ական պատգամավոր Գ. Տեր-Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը անօրինական քայլ է կատարել, փաստորեն պետական հեղաշրջում, ուստի իրենք հրաժարվում են հետագայում խորհրդի աշխատանքներին մասնակցելուց (ՀԱԱ ֆ. 393, ց. 2, գ. 118, թ. 1, «Ժողովուրդ», 6 հունիսի 1919 թ.):
Հունիսի կեսերին ժողովրդական նախարարները պաշտոնապես դուրս եկան նաեւ կառավարության կազմից եւ ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիան վերջ գտավ: Ավելին, ուժեղ քաղաքական պայքար սկսվեց Հայաստանի երկու ազդեցիկ ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ: ՀԺԿ պաշտոնաթերթեր «Ժողովրդի ձայնը» եւ «ժողովուրդը» սխալ, ապօրինի եւ արեւմտահայության իրավունքների բռնաբարում էին համարում այն, որ «կառավարությունը, որ կազմված է միայն ռուսահայերից, առանց թուրքահայերի մասնակցության, իրեն համարում է Միացյալ ՀՀ կառավարություն» («Ժողովրդի ձայն», 3 հունիսի 1919 թ.: Տես նաեւ «Ժողովուրդ», 11 հունիսի 1919 թ.) :
Նկատենք, որ ստեղծման պահից արեւելահայերի հիմնախնդիրներով մտահոգ ՀԺԿ-ի այս շրջադարձը, ՀՅԴ-ին որպես հակակշիռ, կատարվեց ի նպաստ սկսված Հայ ռամկավարների հետ մերձենալու գործընթացին, որն էլ տեղի ունեցավ մի փոքր ավելի ուշ:
Նկար 3. Միքայել Աթաբեկյան
Նկար 4. Լեւոն Ղուլյան