Ղրղզստանում դատարանի որոշմամբ ձերբակալվել են միանգամից 22 ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ովքեր դեմ են արտահայտվել Քեմփիր-Աբադ ջրամբարը Ուզբեկստանին փոխանցելուն, հաղորդում է տեղական KG24 գործակալությունը։
Ձերբակալվածների թվում են մի շարք ղրղզ քաղաքական գործիչներ և պետական գերատեսչությունների նախկին աշխատակիցներ՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Ասյա Սասիկբաևան, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կլարա Սոորոնկուլովան, ԿԸՀ նախկին անդամ Գուլնարա Ջուրաբաևան, նախկին պատգամավոր Կուբանիչբեկ Կադիրովը, Մալազիայում Ղրղզստանի նախկին դեսպան Ազիմբեկ Բեկնազարովը, ինչպես նաև երկրի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Քենեշբեկ Դույշեբաևը։
Բացի այդ, բերման են ենթարկվել մեկուկես տասնյակ ակտիվիստներ։ Նրանք բոլորը 48 ժամով ուղարկվել են Բիշքեկի ժամանակավոր կալանավայր՝ երկրում անկարգություններ կազմակերպելու գործի հետաքննության շրջանակներում։ Ղրղզստանի խորհրդարանի նախկին նախագահ Կանատ (Կանատբեկ) Իսաևի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկ ամիս ժամկետով նախնական կալանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։