Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանն այսօր 6 մլն դրամ գրավի դիմաց փոխել է  Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը:

Դատարանը բավարարել է շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նշենք, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքով հաղթող է ճանաչվել Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։

«Թեպետ գտնում էինք, որ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմք չկա, բայց միջնորդել էինք վերացնել խափանման միջոցը կամ կալանքը փոխարինել գրավով։ Գրավը սահմանվել է 6 միլիոն դրամ։ Գումարը վճարելուն պես Մանուչարյանը  կլինի ազատության մեջ»,– նշել է պաշտպան Հայկ Ալումյանը։

Քրեական այս գործը դատաքննության փուլում է: Հարցաքննվել են գործով անցնող բոլոր վկաները:

Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Տեղեկություններ կան, որ Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։

Նա անազատության մեջ է 2021 թ.-ի նոյեմբերի 9–ից։