Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Վկա ոստիկանները խուսափում են դատարան գալ ու ցուցմունք տալ. փաստաբանը՝ Գյումրու տարեցների և ՀՅԴ անդամների գործի մասին

Ավելի քան 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո, գրավի դիմաց ազատ են արձակվել ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանն ու ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը:

«Նրանց կալանքի հիմքը նոր հանցանք կատարելու ռիսկն էր, դատարանը գտել է, որ այդ ռիսկը նվազել է, եւ իմ միջնորդությունը բավարարվել է»,- ասել է երիտասարդների պաշտպան Աբգար Պողոսյանը՝ մեկնաբանելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Խուլիգանության դեպքի առկայությունը հերքվել է, իսկ գործով անցնող ոստիկան վկաները ամենատարբեր պատաճառաբանություններով դատարան չեն գալիս:

«Հարցաքննված վկաների ցուցմունքները վկայում են խուլիգանության դեպքի բացակայության մասին: Քրեկան գործում որպես վկաներ ներգրավված ոստիկանները համառորեն խուսափում են դատական նիստերին ներկայանալուց: Վերջին նիստին 3 ոստիկան դիմում էր ներկայացրել։ Պատճառաբանել են, թե վերապատրսատման են, չեն կարող գալ դատարան: Անհամբեր սպասում ենք ոստիկանության սպաների հարցաքննությանը»,-նշել է պաշտպան Պողոսյանը։

Այս գործով անցնող բոլոր ամբաստանյանը, նաև Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը պատժվում են իրենց քաղաքական հայացքների համար. վստահեցնում է պաշտպանն ու հավելում՝ դեռ նախաքննության ընթացքում բանեցված ռեպրեսիաները վկայում էին գործի նկատմամբ առանձնահատուկ բացասական վերաբերմունքի մասին:

«Գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ: Չեք գտնի մեկ այլ դեպք, երբ  նման գործով անցնող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված լինի կալանավորումը, այնլ էլ՝ 5 ամիս: Սա միանշանակ խոսում է նրանց քաղաքական բանտարկյալ  լինելու մասին»,-ասել է Աբգար Պողոսյանը։

Ըստ փաստաբանի՝ գործով անցնող դաշնակցական վկաների մեծ մասը  եռամսյա զորահավաքի ծանուցագրեր է ստացել ու մասնակցել: 

«Եթե ինչ որ մեկը դա որպես պատժիչ միջոց է համարում,  ծիծաղել է, որովհետև  նրանք բոլորն էլ սիրով  ու պատրաստակամորեն են մասնակցում զորահավաքին»,-նշել է Պողոսյանը։

Ի դեպ, կալանավայրում գտնվելու ընթացքում խախտվել է Տարոն Մանուկյանի՝ կրթություն ստանալու իրավունքը։ ՔԿՀ-ում գտնվելիս Մանուկյանը հնարավորություն չի ունեցել հանձնելու քննությունները և փոխադրվելու չորրորդ կուրս, թեև ֆակուլտետի դեկանը և դասախոսները պատրաստակամություն են հայտնել ՔԿՀ-ում անցկացնել Մանուկյանի քննությունը։ Օրերս ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրել է, որ Տարոն Մանուկյանը ԵՊՀ-ից հեռացվել է, իսկ հեռացման հրամանը Մելքոնյանը՝ որպես դեկան, հրաժարվել է ստորագրել։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Քրեական գործով մեղադրյալները յոթն են՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։ Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Այս գործով անցնող մյուս հինգ դաշնակցական երիտասարդներն ազատ էին  արձակվել ավելի վաղ։