Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ ՄԵԶԱՆՈՒՄ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Տարիներ առաջ Ժուռնալիստների միությունը Մամուլի տանը «Բանավեճը մեզանում» թեմայով կլոր սեղան էր կազմակերպել (հոդվածը գրվել է խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ): Ինչ-ինչ նկատառումներով հրավիրվածների թվում էի նաեւ ես: Սեղանի շուրջ տեղավորվելու ընթացքում բոլորն իրար ջերմ բարեւում էին եւ լայն ու բարյացակամ ժպտում: Երկար-բարակ սպասելուց հետո ի վերջո վարողը հայտարարեց, որ հրավիրյալների մեծ մասը ներկա են, ուստի կարելի է սկսել:

Սկզբում մի տեսակ երկակի վիճակ էր. նրանք, ովքեր քիչ թե շատ ճանաչված էին եւ ինչ-ինչ պատճառներով վայելում էին իշխանությունների անթաքույց բարեհաճությունը, դասական կեցվածքով եւ բացարձակ ու անվիճարկելի ճշմարտություններ ասողի տոնով սկսեցին այս ու այնտեղից անիմաստ, օրվա թեմայի հետ հեռավոր կապ անգամ չունեցող հղումներ կատարել եւ հաղթական, բայց իրականում ոչինչ չասող մտքեր արտաբերել: Մյուս` քիչ հայտնի եւ ոչ այնքան սիրված հատվածը մի տեսակ կաշկանդված ու շփոթված փորձում էր մյուսների ուշադրությանը գոնե արժանանալու համար նոր բառաձեւեր օգտագործելով` աչքի ընկնել մոդայիկ դարձած անգլերենախառը արտահայտություններով:

Երկու դաշտում էլ ես ինձ չտեսնելով` պարզապես ասացի, որ մեզանում «բանավեճ» բառի առաջին բաղադրիչը մեզանում միշտ բացակայում է եւ մնում է միայն երկրորդը` վեճը: Աղմուկ բարձրացավ, հատկապես «սիրվածները» քամահարանքով հազար ու մի մեղք վերագրեցին ինձ: Ես ինձանից հիասթափված (որ այս անգամ էլ չկարողացա ուժեղների համակրանքը շահել) հեռացա:

Տաս տարուց ավելի է անցել այդ օրվանից, սակայն ամեն անգամ «բանավեճ» լսելիս ակամա մտաբերում եմ այն օրն ու համեմատություններ կատարում: Դեկտեմբերի 5-ի նախընտրական հեռուստաբանավեճը առիթ դարձավ կրկին այդ թեմային անդրադառնալու եւ մի քանի դիտարկումներ կատարելու:

Առաջին կարեւոր հարցը` այդ օրը կա՞ր քաղաքական բանավեճ: Նախորդ տարիների համեմատ կարելի է համաձայնել, որ բանավեճ իսկապես ունեցանք: Իսկ առաջինը լինելու համար` նաեւ հաջողված: Բայց այ, քաղաքական լինելուց, ցավոք, այն շատ հեռու էր: Ավելի շատ օդում մշտապես կախված էր անհանդուրժողականություն, «սեւերի-սպիտակների» բախում, միմյանց մերժելու անհագ ձգտում, քան այլ բան:

Մասնակիցների մի մասի մոտ նկատելի էր նախապատրաստված լինելու, գրագետ ու տարողունակ խոսք ասելու եւ ժամանակը ռացիոնալ օգտագործելու հանգամանքը: Մի մասն էլ վստահ լինելով իր փորձին ու բառապաշարին, արագ-արագ խոսում էր` իշխանություններին իր հավատարմությունը հերթական անգամ ապացուցելու, խորհրդարանում իրենց էլիտայի համար հերթական անգամ տաքուկ տեղեր ապահովելու, շատ կարեւոր բան ասելու եւ թիմակիցներին դուր գալու խնդիրը լուծեր: Բայց այդպես էլ հին խոստումները կրկնելուց բացի որեւէ նոր բան չասվեց:

Երկրորդ քաղաքական ուժը լինելու մշտականը հերթական անգամ ապահոված պարոն Ծառուկյանն էլ, որն իմ կարծիքով ամենաանմիջականն էր, ու թեեւ «հարվարդներ չի ավարտել», բայց ցավդտանեմներով ասաց այն, ինչ իրեն էր հարմար:

Նախադեպը չունեցող հեռուստաբանավեճը փաստեց նաեւ մի շատ կարեւոր հանգամանք: Գործող իշխանության կողմից անտեսված խնդիրներն արտահայտող ընդդիմություն, որը ժամանակակից քաղաքական համակարգերի կարեւոր բնութագրիչներից է, փաստորեն չունենք: Ընդդիմությունը, որը քաղաքական կյանքի սուբյեկտների դիմադրություն է իշխանության դեմ, որը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ չի իրականացնում իշխող սուբյեկտների որոշումները եւ մեկի քաղաքականության հակադրումն է մյուսի քաղաքականությանը, իսկապես դեռ չկա: Քանի որ իշխանությունն է ընդդիմության միակ բնութագրիչը եւ իշխանությունից դուրս չկա ընդդիմություն, որը կրկնում եմ` առայժմ բոլորովին եւ օբյեկտիվորեն չունենք:

Հայտնի է նաեւ, որ ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունը, ժողովրդից ծնունդ առնող երեւույթ էՙ իր խորքային, ընդդիմադիր պատճառներով ու հիմնավորումներով եւ կոնկրետ իրավիճակում ձեւավորվող երեւույթ չէ, այլ հասարակական կենսական անհրաժեշտություն: Քաղաքական ընդդիմությունը, որն ակտիվ անհատների կազմակերպված խումբ է, որը միավորվում է ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների գիտակցումով եւ պայքարում է քաղաքական իշխող սուբյեկտների դեմՙ պետական իշխանական համակարգում դոմինանտ դիրք զբաղեցնելու համար, իսկապես տեսանելի չեղավ: Այն դեպքում, երբ վաղուց հայտնի է, որ դրա գործունեության բացակայության պայմաններում անհնար է պատկերացնել ժողովրդավարական հասարակության կայացումն ու զարգացումը:

Հետո էլ` ժողովրդավարացման գործընթացի (ներկա ուժի որդեգրած հավատամքը) զարգացման աստիճանը որոշվում է մի շարք չափորոշիչներով, որոնցից կարեւորը ընդդիմությունն է: Այնինչ, մայիսին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում բոլոր քաղաքական ուժերը պետք է ընտելացած լինեին նոր քաղաքական իրավիճակին եւ համարժեք քաղաքական գործունեություն իրականացնեին: Սակայն ինչպես ցույց տվեց անցած ժամանակահատվածը (նախորդ 4-5 ամիսները), նրանցից եւ ոչ մեկն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չիրականացրեց, իսկ ընդդիմություն ընդհանրապես չձեւավորվեց: Այնինչ տրամաբանական կլիներ, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունից հետո ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն անջատվեին վարչապետի թիմից, իրենց հայտարարեին ընդդիմություն եւ սկսեին որոշակի իմիջային փոփոխություններ իրականացնել հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ապահովելու, ինչպես նաեւ մանդատների թիվն ավելացնելու նպատակով, որը չարվեց:

Բանավեճի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այն պարագայում երբ 70 եւ ավելի տոկոսը համակրում է Նիկոլ Փաշինյանին եւ իր կառավարությանը, ավանդական երկրորդ ուժը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նույնպես համակրում է Փաշինյանին, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանըՙ նույնպես, իսկ մյուս մասնակիցները բացահայտ ի ցույց էին դնում իրենց քաղաքական համակրանքըՙ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը, ապա ընդդիմության մասին խոսելն անիմաստ է:

Ընդդիմադիր իրական կեցվածք էր որդեգրել թերեւս միայն հանրապետական Վիգեն Սարգսյանը, ում խոսքը սակայն որոշապես ջղային էր: Ավելի շատ նա փորձում էր ինքնապաշտպանվել եւ իր հերթին «ոչնչացնել» գործող իշխանություններին, իսկ այդ մեթոդով հաջողություն ապահովելը միշտ չէ, որ հաջողվում է:

Լավ է, որ ունենք մի վիճակ, ինչը կարելի է համարել ազգային համաձայնություն, կամ շատ բաղձալի ու անիրական թվացող միասնական պատմական վիճակ: Ի դեպ, պատմաբանի դիրքերից կարող եմ վստահեցնել, որ պատմության բոլոր այն կեռմաններում, երբ միասնական ենք եղել, անկախ ուժերի ու հնարավորությունների հարաբերակցությունից, անպայման հաղթել ենք (Վանի 1896 եւ 1915 թթ. հերոսամարտերը, Սարդարապատը եւ այլն): Այսինքն` միասնականությունը շատ հզոր գործոն է աննախադեպ հաջողություններ գրանցելու համար: Իսկ իրական ընդդիմության սաղմերն իմ կարծիքով կձեւավորվեն մեկ-երկու տարի հետո, երբ շոշափելի կլինեն գործող իշխանության ձեռքբերումներն ու բացթողումները…

Կարծում եմ նաեւ, որ բանավեճի այս ֆորմատն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ինչքան էլ երկար տեւի այն, 10-12 քաղաքական ուժ չեն կարող արդյունավետ ներկայացնել իրենց դիրքորոշումները: Իրականում բանավեճն ավելի իմաստահարուստ կլինի այն ժամանակ, երբ տեղի է ունենում մրցակից քաղաքական ուժերի միջեւ, որոնք ունեն տարբեր դիրքորոշումներ, որոնց հայեցակարգերը բախվում են: Իսկ հիշյալ բանավեճում իրականում ընդամենը երկուսն էին իրար ընդդիմադիր, մեծամասանությունը նույն քաղաքական գծի վրա էին, այսինքն, սատարում էին իշխանությանը, իսկ մնացյալներ հանդես էին գալիս ոչ թե որպես մրցակիցներ, այլ նույն դիրքորոշմամբ տարբեր մարդկանց խմբավորումներ:

Կարծում ենք ձեւաչափը խոցելի էր նաեւ այն առումով, որ քաղաքական առաջնորդներին տրված էր երկու րոպե, իսկ դա շատ կարճ է դիրքորոշում ներկայացնելու եւ քննարկելու համար, քանի որ էքստրեմալ իրավիճակ էր ստեղծում քաղաքական գործիչների համար: Այդպես էլ չհասկացվեցՙ ով ում թիրախն էր եւ ում դաշնակիցը: Միայն պարզ դարձավ, որ հիմնական բախումը տեղի էր ունենում հին քաղաքական ուժի եւ նորի միջեւ, եւ մնացածները կարծես հայտնվել էին ավելի շուտ դիտորդի կարգավիճակում, ինչը իրենց իմիջին, ըստ էության, այդքան էլ օգուտ չէր:

Ակնհայտ էր նաեւ, որ ամենաինքնավստահը Փաշինյանն էր: Քննադատելու մեծ փորձ ունենալով եւ իրեն մրցակցությունից դուրս վիճակում տեսնելով` նա կարողանում էր ավելի հստակ ու նպատակասլաց հանդես գալ եւ ասել այն ամենը, ինչը ծրագրել էր, երբեմն չխորշելով նաեւ գոտկատեղից ներքեւ հարվածելուց: Մի բան, որը չես կարող արձանագրել մյուսների դեպքում: Այսպես օրինակ`այս օրերին երկրում ստեղծված ոչ այնքան ցանկալի սոցիալ-տնտեսական կացության վերաբերյալ տեսական եւ գործնական բավականին իրատեսական առաջարկություններ արեցին Սուրեն Սահակյանն ու Վարուժան Ավետիսյանը: Սակայն դրանք արժեւորեց միայն Փաշինյանը` իր հարցն ուղղելով ոչ այլ մեկի, քան հենց Ս. Սահակյանին: Դա էլ կարծես հույս ներշնչեց, որ 30 մլրդ գողացված երկրում առանց քրեական հետապնդման հետ վերցնել ընդամենը 30 մլն, դրանով մխիթարվել եւ թույլ տալ ոմանց ապականել քաղաքական դաշտը, չի իրականանա: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին ջրի երես կհանվեն տնտեսական, քաղաքական եւ գործակալական ապօրինի ցանցերը, կպատժվեն եւ կունեզրկվեն ամենագլխավոր դերակատարները, իսկ «շարքային» թալանչիներին հնարավորություն կընձեռվի փոխհատուցել, որից հետո կարելի կլինի ուշքի բերել երկրի տնտեսությունը, բուժել նրան եւ ազատել վտանգավոր խոցերից:

Ամփոփենք. առաջին անգամ իր թերություններով ու պակասավոր կողմերով հանդերձ, մեզանում իսկապես քաղաքական բանավեճը կայացավ: Հուսանք այն շարունակական կդառնա (վատ չէր լինի որեւէ իրավանորմով այն դարձնել նաեւ պարտադիր) եւ իր ձեւաչափի մեջ կներառի նաեւ մեր կյանքի տարբեր ոլորտներ:

8.12.2018

Նախորդ գրառումը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական