Բարեգործական նպատակներով տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Վաճառվում են հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով երեխաների ձեռքի աշխատանքները, պատրաստած քաղցրավենիքն ու խաղալիքները: «Գլոբալ զարգացման առաքելություն» կազմակերպությունը վաճառում է վազքի յուրաքանչյուր մետրը: Առողջ ապրելակերպըՙ բարեգործության հետ մեկտեղ. վազորդներ Նաիրա Մարգարյանն ու Սուրեն Կաժոյանը դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 4-ին դուրս կգան Եղեգնաձորից եւ վազելով կհասնեն Երեւան: Վազքուղին 100 կմ է, քայլերի ընդհանուր թիվըՙ 131. 000: Յուրաքանչյուր քայլը վաճառվում է 200 դրամով: Նրանք կվազեն 12-14 ժամ:
Բարեգործական ակցիային միացել է Մանկական զարգացման հիմնադրամը: Այս կառույցը հերթագրել է 100 երեխայի, որոնք մեր օգնության կարիքն ունեն: Նրանց մի մասը զարգացման հրատապ խնդրի առաջ է կանգնած, արտ-թերապիայի, սպորտ-թերապիայի կարիք ունի, կան աուտիզմի, դաունի սինդրոմով, նաեւ սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ:
Պետպատվերով օգնություն ստանալ այս երեխաները չեն կարող: Մանկական զարգացման հիմնադրամն այս երեխաներին ներառել է թիրախային խմբում եւ հույս ունի, որ «Գնիր մեր քայլըՙ փոփոխություն բերելով ինչ-որ մեկի կյանքում» բարեգործական ակցիայի հանգանակության շնորհիվ նրանք Նոր տարվա շեմին լիարժեք ուրախանալու հնարավորություն կունենան: Ակցիայի հեղինակները խոշոր հանգանակությունների ակնկալիք չունեն. մինչեւ հիմա եղել են մարդիկ, որ նախապես գնել են 10 կամ 30 քայլ: Փոքրիկ գումարներից էլ կարելի է որոշակի արդյունք ստանալ. առողջական եւ սոցիալական խնդիրներ ունեցող երեխաները սպասում են: Նրանցից մեկիՙ դաունի սինդրոմով Արմանի համար Մանկական զարգացման հիմնադրամը մտադիր է բնակարան գնել: Մնում է, որ բարեգործական ակցիան հաջողությամբ պսակվի:
Ովքեր ցանկանում են միանալ ակցիային եւ քայլեր գնելովՙ նվիարբերություն կատարել, խնդրում ենք օգտագործել հետեւյալ հղումըՙ bit.ly/100km run, այնուհետեւ սեղմել Back it:
Երեխաներն զգում են ձեր գնած յուրաքանչյուր քայլի կարիքը եւ երախտապարտ են ձեզ: