Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՏՐՈՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԻՆ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Եթե ծնողները երեխային տարվա ընթացքում թատրոն չեն տանում, Ամանորին անպայման տանում են: «Երեխաներին տանում ենք «յոլկա»,- ասում են հայրիկ-մայրիկները, տատիկ-պապիկները: «Յոլկան» տոնածառային ներկայացումն է. այս անունը դեռ սովետական ժամանակներից է եկել, երբ թատրոնները հատուկ Նոր տարվա առիթով փոքրիկ հանդիսատեսի համար ներկայացումներ էին բեմադրում: Ծնողներն էլ իրենց պարտքն էին համարում երեխաներին անպայման «յոլկա» տանել: Ներկայացումների բովանդակությունը գրեթե միշտ նույնն էր. անտառի չար կենդանիներըՙ աղվեսն ու գայլը, տոնածառը գողանում են, որ Նոր տարին չգա: Նրանք նաեւ Ձմեռ պապին ու Ձյունանուշին էին բանտարկում, բայց բարի կերպարները, ասենք, Բուրատինոն կամ թագավորի տղան հաղթում են աղվեսին ու գայլին, գողոնը վերադարձնում, Ձմեռ պապին ու Ձյունանուշին էլ ազատում բանտարկությունից: Ժամը 12-ին անտառում տոնածառի լույսերը վառվում էին, ու Նոր տարին գալիս էր: Այսպես, բարին միշտ հաղթում էր չարին: Պարզագույն, միամիտ պատմություն է, բայց սովետական երեխաներն այնպիսի հրճվանքով էին դիտում ներկայացումը, անկեղծ ապրումներով հետեւում կերպարներին:

20-25 տարի անց էլ շատ թատրոններ «յոլկայի» ավանդույթները շարունակում էինՙ վերաբեմադրելով գրեթե նույն հեքիաթային պատմությունը: Բայց այսօրվա երեխան սովետական երեխայի հետ ի՞նչ ընդհանրություն ունի: Մեկ-երկու ներկայացում, եւ ծնող ու երեխա հիասթափվում էին: Ընդամենը 5 տարի առաջ Ամանորի որակյալ ներկայացում դժվար էր գտնել. ծնողները երեխաների ձեռքը բռնածՙ թատրոնից թատրոն էին դեգերում: Գրեթե բոլոր բեմերը նույն «յոլկան» էին առաջարկում: Բայց դահլիճները միշտ լիքն էին: Ի՞նչ աներ շարքային ծնողը, որն ուզում էր տոնական սեղաններից, հյուր գնալ-հյուր ընդունելուց բացի, մի քիչ բազմազանություն մտցնել իր երեխայի տոնական միօրինակ առօրյայում: Ուրեմնՙ գնացինք թատրոն: Ունեինք այն, ինչ ունեինք. երեխաները ներկայացման կեսից սկսում էին աղմկել, շարքերի արանքներով վազվզել, բայց բեմում գայլն ու աղվեսը, միեւնույն է, դահլիճում կատարվածից չէին շեղվում, իրենց չարագործությունները շարունակում էին: Վերջում Ձմեռ պապը բոլոր երեխաներին հրավիրում էր բեմՙ շրջան կազմելու եւ տոնածառի լուսերը վառելու: Լավագույն դեպքում քաղաքապետարանը կամ թաղապետարանները երեխաներին կոնֆետների տոպրակներ էին նվիրում, որոնք դուրս էին գալիս Ձմեռ պապիկի մեծ պարկից: Ու ամենակարեւորըՙ Ձմեռ պապը ստիպում էր բոլոր երախաներին «Շնորհավո՜ր Ամանոր» գոչելուց առաջ կոնֆետների տոպրակների համար 3 անգամ շնորհակալություն հայտնել քաղաքապետին կամ թաղապետին:

Կյանքի պահանջները սրընթաց փոխվում են, երեխաներինըՙ նույնպես: Տոնածառային ներկայացումների տարերային մրցավազքը ստիպված եղավ տեղի տալ: Ի վերջո, այդ ներկայացումների տոմսերի արժեքը քիչ չէՙ նվազագույնը 800 դրամ: Եթե հաշվի առնենք, որ երեխան թատրոն է գնում ծնողների հետ, ուրեմն մոտ 3000 դրամ է ծախսվում: Վերջին տարիներին նկատելի էր, որ Ամանորին շատ դահլիճներ կիսադատարկ էին: Իսկ եթե որոշ թատերախմբեր ավելի հետաքրքրական ներկայացում էին առաջարկում, հանդիսատեսն ընտրության հնարավորությունից օգտվում էր ու 3000 դրամը նպատակային ծախսումՙ որակՙ գումարի դիմաց: Այդպես թատրոններում առաջացավ մրցակցություն, մանավանդ որ Ամանորի ներկայացումների համար պետությունը որեւէ թատրոնի հատուկ գումար չի հատկացնում: Այդ բեմադրությունները կարող են չդառնալ խաղացանկային ու բեմ դուրս գալ միայն Նոր տարվա օրերինՙ դեկտեմբերի վերջերից մինչեւ հունվարի 13-ը:

Այնուամենայնիվ, Ամանորի ներկայացումները, թեկուզ կարճ ընթացք, բայց ավելի շահութաբեր են, քան մյուս ներկայացումները: Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 13-ը գրեթե բոլոր թատրոններն աշխատում են խիտ գրաֆիկովՙ խաղալով օրական 2-4 ներկայացում: Այդ կարճ ընթացքում ստեղծագործական խումբն ու հատկապես դերասաններն ավելի շատ գումար են աշխատում, քան տարվա մյուս ամիսներին: Օրինակՙ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Ամանորի ներկայացումներում մեծ մասամբ զբաղված են երիտասարդ դերասանները, նաեւ ուսանողներ: Նրանք վարձատրվում են ելույթավճարով. յուրաքանչյուր ներկայացման համարՙ 5000 դրամ: Օրական խաղում են 2-3 ներկայացում, ուրեմն ստանում են 10-15.000 դրամ: Պարզ հաշվարկով 13-20 օր աշխատելու դեպքում վաստակում են այնքան գումար, որքան կստանային 3-4 ամսում: Այդ պատճառով էլ դերասանների մեծ մասը շահագրգռված է, որ ռեժիսորներն Ամանորի ներկայացումներում իրենց ներառեն: Ռեժիսորներն էլ աչալուրջ են, որսում են փոքրիկ հանդիսատեսի արձագանքըՙ հատկապես ինչն է նրան դուր գալիս, ինչն է նրան ուրախություն պատճառում: Հաջորդ տարի այդ հանգամանքների վրա հատուկ ուշադրություն է դարձվում: Օրինակՙ Խամաճիկների թատրոնում այս տարի նորից է բեմ դուրս եկել 2017-ի «Մարդուկ-ջարդուկը»: Այս ստեղծագործության վրա հատկապես վերջերս հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում. «Մարդուկ-ջարդուկը» հաճախ կարելի է տեսնել տարբեր բեմերում: Պահանջարկից ելնելովՙ Խամաճիկների թատրոնը ներկայացումը վերստին բեմ է հանել ու հաջողել. դահլիճը բոլոր սեանսներին լեփ լեցուն է:

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում արդեն երկրորդ տարին փոքրիկ հանդիսատեսը դիտում է «Սառցե սիրտը» ներկայացումը: Այն հոլիվուդյան նույնանուն մուլֆիլմի բեմականացումն էՙ դիսնեյլենդյան ոճով ու մեթոդներով: Այն փոքրիկները, որոնք մուլտֆիլմի երկու կերպարներիՙ Աննայի ու Էլզայի երկրպագուներն են, անշուշտ, մեծագույն հրճվանքով կդիտեն «Սառցե սիրտը»: Իսկ երկրպագուներն իրականում շատ են. նրանք դահլիճից ձայնակցում են բոլոր երգերին, ի դեպ, անգլերեն, պլպլուն աչքերով հետեւմ են հերոսների գործողություններին, որոնք անգիր գիտեն: Ծնողներն էլ գոհ-գոհ են. այն, ինչը երեխաներն ամեն օր տեսնում են էկրանին, հիմա էլ բեմում են տեսնում: «Սառցե սիրտն» իրականում ներկայացում չէ, այլ երաժշտական շոու: Ոչինչ չես կարող անել. ժամանակակից աշխարհում թատերարվեստի չափանիշները խաթարված են: «Սառցե սիրտը» դիսնեյլենդյան պատմությունը համեմված է նոր տեխնոլոգիաների հնարքներով, որոնք գայթակղում են հանդիսատեսին: Այս շոուի վրա ծախսվել է մոտ 15 միլիոն դրամՙ այնքան գումար, որքան կծախսվեր, ասենք, Համազգային թատրոնի 4 ներկայացման վրա: Բայց մայր թատրոնը ծախսը վաղուց հանել է. «Սառցե սրտի» յուրաքանչյուր սեանս անցնում է անշլագով: Միայն դեկտեմբեր-հունվար ամիսներին թատրոնն այս ներկայացումը խաղացել է 37 անգամ, տոմսերի արժեքը 1000-3000 դրամ է: Սունդուկյանի դահլիճն ունի 800-ից ավելի աթոռ: Պարզ հաշվարկներն ապացուցում են, որ այս ներկայացումը եկամտաբեր է: Սովորական ամիսներին մայր թատրոնը խաղում է առավելագույնը 12 անգամ. դահլիճն էլ լեփ լեցուն չէ: Տնօրեն Վարդան Մկրտչյանը նկատում է. «Սառցե սրտից» հետո այսուհետեւ մեր հանդիսատեսի պահանջը բավարարելը դժվար է լինելու: Մենք պետք է փոքրիկներին առաջարկենք «Սառցե սրտից» ոչ պակաս գրավիչ ու հետաքրքրական ներկայացում, որպեսզի հանդիսատես չկորցնենք: Հայտնի է, որ այսօր թատրոնների միջեւ մրցակցություն կա. պետք է պահպանել բարձր նշաձողը»:

Ոգեւորիչ է, որ թատրոններն Ամանորին գումար են աշխատում, դահլիճները լիքն են, դերասանները եկամուտ ունեն, բայց սահմռկեցուցիչ են հարկերը: Աշխատած գումարի 70 տոկոսն ուղղվում է հարկերին:

Տիկնիկային թատրոնում Ամանորի ներկայացման վրա ծախսվում է 2-4 միլիոն դրամ: Նոր տարվա օրերին մոտ 15.000 հանդիստես է այցելում թատրոն: Տոմսերի վաճառքից ստացված գումարը կազմում է մոտ 15 միլիոն դրամ: Ստեղծագործական կազմի վարձատրությունից բացի, մնացած գումարը գրեթե ամբողջությամբ հարկերի բաժին է դառնում: Բայց թատրոնը գոհ է. ամեն դեպքում ամանորյա բեմադրությունները դերսանաններին փող աշխատելու հնարավորություն են տալիս: Ի վերջո, եթե այդ բեմադրությունները շահութաբեր չլինեն, բոլոր թատրոնները չէին ջանա անպայման տոնածառային ներկայացում ունենալ: Այս օրերին մանուկների համար աշխատում են բոլոր բեմերն անխտիր: Որոշ ստեղծագործական խմբեր անգամ 10-13 ներկայացման համար դահլիճներ են վարձակալում: Նոր տարին վերջանում է, տոնածառային ներկայացումների սեզոնն էլ հետը:

Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ` ԱՐՑԱԽԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ` ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ` ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական