ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Հակառակ Հայաստանում օր օրի վատթարացող սոցիալ-տնտեսական կացության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ուղղությամբ: Դրանցից մեկը գնաճի մասին նրա գրառումն էր, որտեղ նա հայտարարում է, որ Հայաստանում գնաճը 2018 թ.-ին կազմել է 1,8 տոկոսՙ «ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3,5-4 տոկոս գնաճ»: Կյանքը վարդագույն ներկայացնելու փորձը ավելի համոզիչ դարձնելու համար վարչապետի պաշտոնակատարը հավելում է, որ «մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»: Իսկապե՞ս:
Նախ, դատելով «ի հեճուկս» արտահայտության, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է Կենտրոնական բանկի կողմից հիմք ընդունվող գնաճի նպատակային ցուցանիշից: Նպատակային այդ ցուցանիշը սահմանվում է ոչ թե «ի հեճուկս», այլ մի կողմիցՙ բարձր գնաճ թույլ չտալու եւ սոցիալական հնարավոր խնդիրները կանխելու համար, մյուս կողմիցՙ շատ ցածր գնաճ թույլ չտալու եւ դրանով տնտեսական աճի տեմպը չսահմանափակելու համար: Թե ինչո՞ւ գրառում կատարելու ժամանակ վարչապետի պաշտոնակատարի բազմաթիվ խորհրդական-օգնականները նրան այդ մասին չէին ասել, մեր խնդիրը չէ: Կամ գուցե ասե՞լ էին, բայց Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն միանձնյա է ամեն ինչ որոշել: Ինչեւէ:
Սակայն էականն այլ էՙ հակառակ գործադրած ջանքերին, գնաճի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը վատ վիճակը որպես լավ ներկայացնելու անհաջող փորձ էր: Ցածր գնաճը ոչ մի երկրի կառավարություն չի օգտագործում որպես գործունեության հաջողության մասին վկայություն: Ոչ միայն այն պատճառով, որ շուկայական տնտեսության պարագայում կառավարությունը գներ չի սահմանում, իջեցնում կամ բարձրացնում, այլ որովհետեւ ցածր գնաճը ցածր տնտեսական աճի ցուցիչներից է: Այսինքն, դրանով Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ իր կառավարման ամիսներին տնտեսական աճի տեմպը աղետալի անկում է ունեցել:
Եթե ցածր գնաճը հպարտանալու առարկա լիներ, ապա 2015-ին Հովիկ Աբրահամյանը կարող էր հպարտանար 0,1 գնանկմամբ, իսկ Կարեն Կարապետյանըՙ 2016-ին 1,1 տոկոս գնանկման համար: Նրանք թերեւս այդքանը գիտակցում էին եւ չանդրադարձան ցածր տնտեսական աճի մասին վկայող այդ ցուցանիշին: Նիկոլ Փաշինյանը սակայն խնդիր ունի ամեն կերպ հիպնոսի մեջ պահել իրեն հավատացող զանգվածին: Սակայն շատ քաղաքացիներ, որոնք տեսել եւ իրենց վրա զգացել էին հուլիս-օգոստոս ամիսներին մրգերի ու բանջարեղենի, մսի, ձվի եւ մթերային այլ ապրանքների բարձր գնաճը, չհավատացին հրապարակված ցուցանիշին:
Գնաճի առնչությամբ հստակություն մտցնելու համար պարզաբանման անհրաժեշտություն կա: Հայաստանում գնաճը հաշվարկվում է մոտ 500 ապրանքների եւ ծառայությունների գների փոփոխությունից: Դրանց մի մասի գները կարող են աճել, իսկ մյուսներինըՙ մնալ նույնը կամ նվազել: Շատերի համար առաջին հերթին տեսանելի են լինում այն գների բարձրացումը, որն առավել մեծ ազդեցություն է ունենում իրենց կյանքում: Այս տարի կտրուկ բարձրացան հենց այն ապրանքների գները, որոնք ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց առօրյա ծախսերի մեջՙ այսինքն սննդամթերքը: Եթե ոչ պարենային ապրանքները գնվում են ամիսը կամ անգամ տարին մեկ անգամ, ապա սննդամթերք գնում ենք ամեն օր: Այս ապրանքախմբում արձանագրվող գնաճն առավել ցավալի է անդրադառնում մարդկանց վրա: Դա էլ հիմք է դառնում, որ մարդիկ չհավատան գնաճի հրապարակված ցուցանիշին: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 12 ամսյա գնաճի ցուցանիշը, որի մեջ ներառված են բոլոր 500 ապրանքների եւ ծառայությունների գները եւ որը մշտապես հրապարակվում է:
Կա մեկ այլ հանգամանք եւս: Թեեւ կառավարությունը գներ չի որոշում, բայց կարող է իր գործողություններով ազդել գնաճի վրա: Խոսքը հենց այն «մի պահ»-ի մասին էր, երբ գնաճի ցուցանիշը առավել մտահոգիչ էր, որն ըստ Փաշինյանի «կարողացան զսպել»: Իսկապես նման պահ եղել է, դրա մասին վերեւում նշվեց: Խոսքը այս տարվա ամռան ամիսների մասին է:
Հենց կառավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի պատճառով այդ ամիսներին արձանագրվեց այն մտահոգիչ գնաճը, որի մասին իր գրառման մեջ հիշատակել է Նիկոլ Փաշինյանը, առանց ասելու սակայն, թե ո՞ւմ պատճառով դա եղավ: Թարմացնենք նրա եւ նրան հավատացող քաղաքացիների հիշողությունը: Հուլիս-օգոստոս ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որպեսզի Սեւանից լրացուցիչ ջրառ կատարվի: Դրա հետեւանքով բերքի մեծ կորուստ եւ բարձր գնաճ ունեցանք: Նիկոլ Փաշինյանի անձնական մեղավորության պատճառով դա տեղի ունեցավ, որի արդյունքում նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսությունում շուրջ 16 մլրդ դրամի կորուստ ունեցանք: Ամռան շոգին առանց ջուր մնացած եւ չորացած բերքի պատճառով այդքան գումար կորցրեցին գյուղացիական տնտեսությունները, իսկ քաղաքային բնակչությունն էլ հավելյալ գումար կորցրեց վարչապետի այդ մոտեցման պատճառով ՙ գնային թռիչք ունեցած գյուղմթերքներ գնելիս: Եթե նման կորուստ տեղի ունենար որեւէ այլ իշխանության մեղքով, ապա կարելի է ենթադրել, թե ինչ վայնասուն կբարձրանար վարչապետի խմբագրած օրաթերթում եւ քանի տարի դա կշարունակվեր: Հիմա կարծես թե ոչինչ, ամեն ինչ բարեհաջող անցավ եւ անգամ կարելի է կորուստը որպես նվաճում ներկայացնել:
Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը հպարտանում է ցածր գնաճով, եւ այդ օրինակը վարակիչ է դառնում նաեւ նրա թիմակիցների համար: Այսինքն, կարելի է ամեն ինչ տանել դեպի վատթարացում, բայց հրճվել եւ փորձել դա ներկայացնել որպես նվաճում: Նման մի «նվաճման» մասին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները սկսեցին այս օրերին խոսել սոցցանցերումՙ բենզինի եւ դիզվառելիքի գների նվազումը վերագրելով «նոր Հայաստանին» եւ «ժողովրդական» վարչապետին: Մարդկանց հիմարացնելու շքերթը շարունակողները սակայն իրենք են հայտնվում հիմար վիճակում, քանի որ իրականությունն այն է, որ ներկայիս կառավարությունը որեւէ առնչություն չի ունեցել վառելիքի գների նվազման հետ:
Հարկային դրույքաչափեր չեն փոխվել այս ընթացքում, նոր ներմուծող ընկերություններ չեն հայտնվել այս շուկայում: Ինչպես եղել է վերջին 2-3 տարիներին, բեզնինի ներմուծմամբ շարունակում են զբաղվել 4, դիզվառելիքի ներմուծմամբՙ 5 ընկերություն:
Իրականությունն այն է, որ բենզինի եւ դիզվառելիքի գները 2015 թ.-ի փետրվարից են սկսել նվազել, ինչը միջազգային շուկաներում տեղի ունեցածիՙ մասնավորապես, 2014 թ.-ի վերջից սկսված նավթի գների կտրուկ անկման արտացոլումն է Հայաստանում: Ընդ որում, անհամարժեք արտացոլումը:
Այսպես, անցյալ տարվա հոկտեմբերին նավթի (Brent տեսակի) միջազգային գինը հասել էր 84-85 դոլարի 1 բարելի դիմաց, իսկ տարեվերջինՙ իջել էր մինչեւ 45-46 դոլարի: Այսինքն, 2-3 ամսվա ընթացքում նավթի միջազգային գինն իջել էր ավելի քան 50-55 տոկոսով: Սակայն բենզինի եւ դիզվառելիքի գները Հայաստանում իջել են ընդամենը 8-9 տոկոսով: Ներկայումս «Պրեմիում» տեսակի բենզինը 460 դրամից նվազել է մինչեւ 420 դրամի, «Ռեգուլյար» 440 դրամից 400-ի, իսկ դիզելային վառելիքըՙ 450 դրամից 420 դրամի: Այս ամենի մասին դարձյալ ոչ մի խոսք:
Համանման պատկեր է նաեւ մեկ տարվա կտրվածքով բենզինի եւ դիզվառելիքի գների փոփոխություններում: 2018թ. դեկտեմբերի գները 2017թ. դեկտեմբերի համեմատ, ըստ վիճծառայության տվյալների, Հայաստանում բենզինի գինն աճել է 6,1 տոկոսով, դիզելային վառելիքինըՙ 20,4 տոկոսով: Հետաքրքրական է, թե ինչո՞վ կբացատրեն Նիկոլ Փաշինյանի կողմնակից զանգվածն այն փաստը, որ «հին Հայաստանում» անցյալ տարվա դեկտեմբերին վառելիքի գներն ավելի ցածր են եղել, քան այս տարվա դեկտեմբերին «նոր Հայաստանում»:
Միջազգային գների եւ մեր գների փոփոխությունների անհամարժեքության մասին նույնպես օլիմպիական սառնասրտություն եւ խորհրդավոր լռություն է պահպանվում: Փոխարենը մարդկանց մի ստվար զանգված շարունակում է հրճվել Նիկոլ Փաշինյանի «ի հեճուկս կանխատեսումների» ցածր գնաճի մասին գրառմամբ, բենզինի ցածր գնի վերաբերյալ գրառմամբ եւ բնականաբար, չի էլ փորձում ճշտել իրեն խաբում են, թե՞ ոչ: Դարձյալ փաստենք. սա «նոր Հայաստանն» է, որտեղ բնական է այն, ինչ անտրամաբանական է: