Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Շիրակի մարզպետի հակաօրինական գործունեությանը, սակայն պարզվում է` նրանից հետ չի մնում, կամ փորձում է հետ չմնալ, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Նրա անունը արդեն մամուլում հայտնվել էր «Մի LEXUS-ի պատմություն»-ով (տես` «Առավոտի» հոդվածը` խմբ.), երբ վերջինս Ախուրյանի համայնքապետարանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան պահանջել և ավագանու հաստատմամբ ստացել էր որպես ՔՊ խմբակցության սպասարկող մեքենա, բայց օգտագործում է սեփական կարիքների համար։ Ի դեպ, Այվազյանը սկզբից պնդում էր, որ ամեն ինչ օրինական է, բայց մարզպետի պարտականությունները կատարելու ժամանակ իր ձեռամբ ստորագրում է հանձնարարական` ավագանու որոշումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը և արդյունքի մասին տեղեկություն փոխանցել Շիրակի մարզպետարան։
Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (20 սեպտեմբեր 2022թ եզրակացություն 01/2022) քննության առնելով Ալբերտ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 2022թ․ հուլիսի 11-ին հարուցված թիվ 01/2022 վարույթի նյութերը, պարզել է, որ Ալբերտ Այվազյանը 05․12․2021 թ․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով, որից հետո ՀՀ վարչապետի` 05․01․2022թ․ թիվ 15-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Ալբերտ Այվազյանը մինչ օրս զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի և Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնները։ Եզրակացության մեջ նշվում է, որ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի կողմից խախտվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Yerkir.am-ի աղբյուրները նշում են, որ ըստ տարածված տեղեկությունների, Ալբերտ Այվազյանի հովանավորը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է։ Լուրեր են պտտվում, որ Ալբերտ Այվազյանը հավակնում է Շիրակի մարզպետի պաշտոնին։ Եթե լուրերը իրականության հետ կապ ունեն, ապա պաշտոնները իշխանությունների կողմից բաժանվում են անօրինական գործունեության արդյունքում գրանցած հաջողություններով։
Չի բացառվում նաև, որ նման անհամատեղելիության դեպքեր այլ պաշտոնյաների կողմից գրանցվել են նաև այլ մարզերում` հաշվի առնելով իշխանությունների ապօրինի, բարձիթողի գործելաոճը: