Սիրիացի քրդերը բանակցություններ են վարում Դամասկոսի իշխանությունների հետՙ պաշտպանելու համար իրենց տարածքները թուրքական հարձակումներից, որոնք ակնկալվում են նախագահ Թրամփի ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հայտարարությունից հետո, գրում է Վաշինգտոնից Գլեն Կարին «Բլումբերգում»:
«Եթե մեզ պարտադրում են ընտրություն կատարել զինված հարձակման ենթարկվելու թուրքերի կողմից, թե՞ համաձայնության գալու Բաշար էլ-Ասադի հետ, անշուշտ մենք կընտրենք երկրորդ տարբերակըՙ կմիանանք իշխանություններին», հարցազրույցի ժամանակ նշել է ամերիկյան բանակի հետ ԻՊ-ի դեմ կռվող քրդական զորամիավորման ավագ ծառայող Իլհամ Ահմեդը:
Քրդերը ամենաակտիվ մասնակցություն ունեցան ԻՊ-ի դեմ պայքարում եւ ծանր կորուստների գնով կարողացան տիրանալ երկրի մեկ երրորդին, բայց Թրամփի հայտարարությունը հարված հասցրեց նրանց, քանի որ թուրքական իշխանությունները «ահաբեկչական» են անվանում քրդական զորամիավորումներին: Երբ ամերիկյան զորքերը դուրս գան երկրից, Թուրքիան առաջ կշարժվի դեպի Հյուսիսային Սիրիա, վստահեցնում է Կարին: «Բայց քրդերը, ըստ Ահմեդի, վճռական են տրամադրված եւ պատրաստ են պաշտպանել իրենց դիրքերը», գրում է նա, շեշտելով Ահմեդի այն միտքը, որ «մենք չենք ցանկանում անջատվել, ընդհակառակը մենք կողմ ենք Սիրիայի միասնականությանը»:
Ըստ լրագրողի Իլհամ Ահմեդը Վաշինգտոնում է, որպեսզի պարզաբանում մտցնի եւ զերծ պահի երկիրը ահաբեկչական նոր հարձակումներից: