«Ուկրաինան անցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ճանապարհը»,-ասել է այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հանդիպումից հետո հայտարարելով, որ որոշում է ընդունվել Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված ընթացակարգով անդամակցելու հայտ ներկայացնել։
«Այսօր հենց Ուկրաինայում է բռնակալության հետ դիմակայությամբ ժողովրդավարության ճակատագիրը որոշվում։ Մենք արդեն Եվրոպայում դեռ չտեսնված պատերազմի դաշտով ենք անցել դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհը և ապացուցել, որ արժանի ենք լինել Դաշինքի լիիրավ անդամ», – մեջբերում է ուկրաինական «24 TV» հեռուստաալիքը նախագահ Զելենսկու խոսքերը։

Զելենսկին, ուղիղ եթերում դիմելով ուկրաինացիներին և տեղեկացնելով իրենց որոշման մասին, նշել է նաև, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ի անդամ երկրները վստահում են միմյանց, օգնում և պաշտպանում իրար, ինչն էլ հենց դե ֆակտո դաշինք է։
Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցները իրարամերժ տեղեկատվություն են տարածում։ Ռուսական ԶԼՄ-ները տարածում են Ուկրաինայի Զապորոժիեյի, Լուգանսկի, Դոնեցկի և Խերսոնի մարզերում Ռուսաստանի կազմ մտնելու հանրաքվե անցկացնելու և հաղթելու մասին, իսկ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են նշված տարածքներում աննախադեպ հրթիռահարման և ռմբակոծությունների մասին, որոնց հետևանքում կան բազմաթիվ զոհեր և նոր ավերվածություններ։
Ուկրաինան որոշեց արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, Ռուսաստանին 4 նոր շրջանների միացման մասին Կրեմլի հայտարարությունից հետո։
Նարինե Կիրակոսյան