Սվեն-Էրիկ Ռիսեն Հայաստանի նորվեգացի փորձագետ է, մեր երկրի եւ Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հեղինակ նորվեգական մամուլում: Նա նաեւ հրատարակել է երկու գիրք՝ «Հայաստան. Ինչու եմ սիրում Հայաստանը» (նորվեգերեն եւ անգլերեն) եւ «44 օր Արցախում» (նորվեգերեն): Ռիսեն վարել է բազմաթիվ հրապարակային դասախոսություններ Հայաստանի մասին տարբեր լսարաններում: Նա նաեւ Նորվեգիայից բազմաթիվ զբոսաշրջիկների խմբեր է առաջնորդել Հայաստան: Սվեն-Էրիկ Ռիսեն հպարտությամբ իրեն անվանում է «ընտրությամբ հայ»՝ Տիգրան Վան անվամբ եւ երազում է ունենալ հայկական անձնագիր:
-Ինչպե՞ս կոչեմ քեզ մեր հարցազրույցի ժամանակ՝ Սվեն-Է՞րիկ, թե՞ Տիգրան Վան:
-(Ծիծաղում է): Ես միշտ ուրախանում եմ, երբ հայերն ինձ Տիգրան են ասում, այդպիսով ես ինձ հայ եմ զգում կամ զգում եմ, որ հայերը հարգում են «ընտրությամբ հայ» լինելս:
-Թերեւս դու նույնպես հատուկ զգացմունքներ ունես Վանի հանդեպ, ինչպես ես:
-Անպայմա՛ն: Շատ եմ կարդացել Վանի եւ շրջակայքի հայերի մասին: Հիացած եմ վանեցիների ինքնապաշտպանության փաստով, երբ ցեղասպան թուրքերը հարձակվել են Վանի վրա: Շատ հերոսներ ամեն ինչ արել են՝ թուրքերի դեմ պայքարելու համար: Ինձ շատ է հետաքրքրում նաեւ աղի ջրով լիճը, Աղթամարը եւ, իհարկե, հայկական Վանա կատուն: Ես գիտեմ շատ հայերի, որոնք արմատներով Վանից են, ուստի ուզում եմ նպաստել, որպեսզի մենք երբեք չմոռանանք, որ այդ քաղաքն ու լիճը գողացել են Հայաստանից, բայց բոլորը գիտեն, որ այդ տարածքն իրականում պատկանում է հայերին:
-Մեր երկրների միջեւ հարաբերությունները սկսվել են դեռեւս 14-րդ դարում, երբ 1313-1314 թթ. Կիլիկիայի հայոց թագավոր Օշինը թանկագին ընծաներով բեռնված բանագնացներ է ուղարկել Նորվեգիայի Հոքոն թագավորի մոտ՝ ռազմական օգնություն խնդրելու համար: Սակայն հայերի համար Նորվեգիան զուգորդվում է Ֆրիտյոֆ Նանսենի անվանը, որի օգնությունը Հայոց ցեղասպանության վերապրածներին հսկայական էր: Եվ հիմա մենք Սվեն-Էրիկ Ռիսե ունենք: Ինչո՞ւ Նանսենի նախաձեռնած այդ հայանպաստ շարժումը չշարունակվեց Նորվեգիայում, քանի որ Հայաստանը նորվեգացիների մեծ մասի համար մնում է անհայտ:
-Ֆրիտյոֆ Նանսենը հայանպաստ մեծ հերոսներից է, նա շատ հայերի է փրկել Ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո՝ առաջարկելով նանսենյան անձնագրերը եւ համոզվելով, որ նրանք ապահով տեղ ունեն գնալու: Մյուսը միսիոներուհի Բոդիլ Բյորնն է, որը փրկել է տասնյակ հազարավոր հայ որբերի: Հայաստանը Նորվեգիայից շատ բան չի խնդրում, միգուցե միայն Ցեղասպանության պաշտոնապես ճանաչում, ինչը նորվեգացի քաղաքական գործիչները շատ են տատանվում կատարել, մինչդեռ նորվեգացի ժողովուրդը, եթե իրավասու լիներ, կաներ: Ես երբեք չեմ հանդիպել մի մարդու, որը չաջակցի Հայ դատին: Նորվեգիայի կառավարությունը Հայաստանին այնքան էլ չի աջակցում, ուստիեւ ես ամաչում եմ իմ երկրի համար: Երեւանում չունենք դեսպանատուն, Հայաստանի հետ առեւտուրը շատ քիչ է, եւ մենք ոչ մի միջոցով չենք աջակցում Հայաստանին: Արցախյան պատերազմի ժամանակ Նորվեգիան խայտառակորեն չեզոք էր եւ չէր դատապարտում թուրք-ադրբեջանական վայրագությունները: Նորվեգիան մեծ ներդրումներ ունի Ադրբեջանում նավթի եւ գազի ոլորտում, ուստի շատ զգույշ է քննադատում նրա ռեժիմը, որը մարդու իրավունքների կազմակերպությունները համարում են վատթարագույններից մեկը: Իմ կարծիքը հստակ է. որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման պատասխանատու երկիր՝ Նորվեգիան պետք է առաջին հերթին ճանաչի Ցեղասպանությունը եւ խստորեն դատապարտի Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի եւ Արցախի դեմ կատարած վայրագությունների համար: Հայաստանը թշնամիների մեջ խրված երկիր է, ուստի պետք է գործընկերներ փնտրի ավելի հեռվում: Ինձ տարօրինակ չի թվում, որ Հայաստանն առեւտուր է անում եւ լավ հարաբերությունների մեջ է Իրանի, Ռուսաստանի եւ այլ ռեժիմների հետ, քանի որ Արեւմուտքն իրականում չի աջակցում Հայաստանին, երբ այդ աջակցությունն իսկապես անհրաժեշտ է:
-Տիգրա՛ն, ժամանակին դու Հայաստանն անվանել ես աշխարհի ամենաթաքնված, բայց ամենահետաքրքրական երկրներից մեկը: Ի՞նչ արմատական քայլեր պետք է արվեն, որ այն այլեւս թաքնված չմնա:
-Այո՛, հենց դա էլ նկատի եմ ունեցել: Յուրաքանչյուր մարդ, ում ես բերում եմ Հայաստան, սիրում է նրա ժողովրդին, տեսարժան վայրերը, լեզուն ու մշակույթը, ինչպես նաեւ ուտեստներն ու գինին, եւ ի վերջո բոլորն էլ դառնում են Հայաստանի ճշմարիտ բարեկամներ: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է շարունակի խթանել զբոսաշրջությունը, ավելի շատ զբոսաշրջային փաթեթներ առաջարկի նաեւ ձմռան ամիսներին, ստեղծի լեռնադահուկային հանգստավայրեր, սպորտային ճամփորդություններ, տնային կացարաններ եւ այլն: Գինին եւ կոնյակն իսկապես որակյալ են եւ պետք է ավելի շատ գովազդվեն, միգուցե աշխարհացրիվ սփյուռքահայ համայնքների օգնությամբ: Գիտեմ, որ շատ ճապոնացիներ Հայաստան են գալիս պլաստիկ վիրահատությունների համար: Սա հեշտությամբ կարող է խթանվել ավելի շատ երկրներում: Եվ ես երազում եմ այն օրերի մասին, երբ կարելի է ներդրումներ կատարել Վանաձորի եւ Ալավերդու նման տարածքներում՝ այս քաղաքները զբոսաշրջիկների եւ ներդրողների համար գեղեցիկ եւ գրավիչ դարձնելու համար: Հայկական աշխատավարձերով Հայաստանը պետք է դրախտ լինի այն մարդկանց համար, որոնք ցանկանում են բիզնես սկսել: Եթե ստեղծագործող հայ մարդկանց հաջողվի գրավիչ պատմություններով անցյալի եւ այսօրվա Հայաստանի պատմության մասին հեռուստասերիալ նկարահանել, այն վաճառել «Նեթֆլիքսին», դա կդառնա Հայաստանի նկատմամբ ավելի շատ գիտելիքներ եւ հետաքրքրություն ստեղծելու ուղիներից մեկը:
-Դու ամեն ինչ անում ես Հայաստանի մասին իրազեկությունը բարձրացնելու համար՝ քո բակում ստեղծելով քո սեփական Փոքր Հայաստանը՝ Արարատով եւ խաչքարով, փոքրիկ Արցախը՝ իր դրոշով, Հայաստանի բույսերով, գինեգործությամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով զարդարված հուշահամալիրով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի մասին տեղեկություններ կրող պաստառներով: Կարո՞ղ է այդ վայրը մի օր Օսլոյի հայ մշակութային կենտրոն դառնալ:
-Այդ վայրն իրականում իմ ամառանոցն է, բայց ես մտադիր եմ մշտապես տեղափոխվել այնտեղ: Շատերը գալիս են այգին տեսնելու եւ իմ գրքերը գնելու: Այս ամառ այստեղ նույնիսկ Երեւանից դպրոցականներ էին եկել: Զբոսաշրջիկները, որոնց ես տանում եմ Հայաստան, միշտ այցելում են մեր ճամփորդությունից հետո, իսկ այգին գտնվում է շատ սիրված բանուկ ճանապարհի վրա, ուստի շատերն են իմանում Հայաստանի եւ նրա պատմության մասին: Մշակութային կենտրոնը հավանաբար պետք է լինի ավելի մեծ՝ ժողովասրահներով եւ այլն, ուստի կարծում եմ, որ իմ Փոքր Հայաստանը կմնա որպես Փոքր Հայաստան:
-Մենք գիտենք, թե որքան ուժեղ են թուրք-ադրբեջանական քարոզչությունն ու ճնշումներն այսօր Եվրոպայում: Ենթադրում եմ, որ դու նույնպես բախվել ես դրան:
-Այո, շատ անգամ: Կապվում են ինձ հետ, ցանկանում են քննարկել եւ շատ են զայրանում, երբ ես իրենց հետ կարճ եմ կապում: Ես հիմա շատ բան գիտեմ Հայկական հարցի վերաբերյալ. թուրքերը պետք է դադարեցնեն իրենց ստերը եւ իրենց քարոզչությունը: Որոշ ադրբեջանցիներ գնացել են ոստիկանություն՝ մեղադրանք առաջադրելու, թե ես նորվեգական թերթում գրել էի ճշմարտությունն արցախյան պատերազմի մասին: Իհարկե, Նորվեգիայում ժողովրդավարություն է, ուստիեւ ոստիկանները մի լավ ծիծաղեցին ու գործը կարճեցին: (Ադրբեջանցիները պնդում էին, թե իմ հոդվածն ատելություն է պարունակում): Ես նաեւ վիճաբանություն եմ ունեցել այստեղ՝ Նորվեգիայում, Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ թուրք ուսանողը գլխիս այֆոն նետեց, իսկ մի ադրբեջանցի դեմքիս նուռ շպրտեց, երբ ասացի, որ պաշտպանում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
-Լավ ես պրծել… Տիգրա՛ն, դու հաճախ ես նորվեգացի զբոսաշրջիկների բերում Հայաստան: Հետաքրքրական կլինի իմանալ, թե ի՛նչը նրանց դուր չի գալիս եւ ի՛նչ կցանկանային փոխել Հայաստանում:
-Հայաստանի մասին հակակրալից ու բացասական մեկնաբանությունները շատ քիչ են: Միակ բանը, որ բազմիցս ասում են, այն է, որ բնության մեջ շատ աղբ կա` պոլիէթիլենային տոպրակներ, շշեր եւ այլն: Մի անգամ մի գեղեցիկ ճամփորդություն ունեցանք Սեւանա լճի շուրջը, եւ երբ քամին բազմաթիվ կապույտ ցելոֆանե տոպրակներ բերեց, կախեց ծառերին, տարածքի գեղեցկությունը մի փոքր փչացավ: Ոմանք կարծում են, որ հայկական կերակուրների չափաբաժինները շատ մեծ են, բայց մարդկանց մեծամասնությանը դուր է գալիս ուտելիքը:
-Եվ վերջապես, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:
-Փորձում եմ Հայաստանում հրատարակչություն գտնել, գուցե գրքերս թարգմանվեն հայերեն: Շարունակելու եմ զբոսաշրջիկներ տանել Հայաստան: Փորձում եմ նաեւ ուսանողների մի մեծ խմբի՝ իմ ուսանողներին, տանել Հայաստան՝ ծանոթացնելու հայոց պատմությանն ու հայ ժողովրդին: Առաջիկա ամիսներին նաեւ մի քանի դասախոսություն եմ նախատեսել Հայաստանի եւ իմ գրքերի մասին…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ