Հունվարի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ համերգ էր գնացել: Դիրիժորըՙ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանն էր: Ինչպես գրել է Փաշինյանըՙ հզորագույն համերգ էր եւ կիսադատարկ դահլիճ: Համերգից հետո, նախքան ֆեյսբուքյան գրառում անելը, Հայաստանի վարչապետը երկար մտածել է ու գրել. «Համակարգը կառուցված է այնպես, որ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի…չէ՞ որ դա ամեն մարդու խելքի բան չէ… Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն: Եւ այս ընկալումը պետք է սերմանել դպրոցից: Հենց այս խնդիրը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»:
Փաշինյանը, ցավոք, չի ասել, թե կրթությունը, գիտությունն ու մշակույթը համատեղ ղեկավարելու է Արայիկ Հարությունյա՞նը: Իսկ սա շատ կարեւոր է: Բանն այն է, որ պարոն Ա.Հարությունյանն ավելի վաղ այցելել էր Արարատի մարզի դպրոցներից մեկը: Եւ հենց դպրոցում հանդիպել է քահանայի, պատկերացնո՞ւմ եք: Դե նախարարը զարմացել է եւ հետաքրքրվել քահանայից, թե նա ի՞նչ գործ ունի դպրոցում, եւ քանի որ մեր կրթության եւ գիտության նախարարն իսկապես չգիտի, թե ինչ գործ ունի քահանան դպրոցում, պահանջել է, որ հոգեւորականը հեռանա: Միջադեպից հետո Արարատի մարզի Բյուրավան գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը բացատրել էՙ իր խոսքովՙ «կրթության անկիրթ նախարարին», թե ինչ գործ ունի քահանանՙ դպրոցում: Ավելին, Տեր Ղազարը Արայիկ Հարությունյանին ներկայացրել է, թե ի՞նչ է առհասարակ եկեղեցին եւ որքանով է այն ազգային արժեք: Անկեղծ ասածՙ չգիտեմ, թե Տեր Ղազարի խոսքից որքա՛ն է ազդվել ԿԳ նախարարը, բայց հոգեւոր հովվի խոսքից հետո ԿԳ նախարարը հայտնել է, որ կապ չունի մարդը նախարար է, թե՞ քահանա, օրենքը բոլորի համար է: Ի դեպ, կա օրենքՙ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին, որն ընդունվել է 2007-ի փետրվարի 22-ին: Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածիՙ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունիՙ հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններՙ ՀՀ օրենսդրության շրջանակներում: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում էՙ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցել պետական կրթական հաստատություններում Հայ Եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագրի դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը… Նույն հոդվածն ավելի հստակ կետ էլ ունի. այսպեսՙ 4-րդ կետը սահմանում էՙ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի նպաստելու հասարակության հոգեւոր կրթությանըՙ կրթական հաստատություններումՙ օրենքով սահմանված կարգով: Փաստորեն, քահանան օրենքով իրավունք ունի մտնել դպրոց, այնտեղ, օրինակ, հոգեւոր կրթությանը նպաստելու նպատակով: Հիմա հարց. կրթության եւ գիտության նախարարը տեղյակ չէ՞ ՀՀ օրենքից, որով կարգավորվում են պետության եւ Եկեղեցու հարաբերությունները: Երկրորդ հարցը, ԿԳ նախարարը տեղյակ չէ՞, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի գոնե մեծամասնության համար ազգային արժեք է, ինչից, ինչպես վարչապետ Փաշինյանն է համերգից հետո հասկացել, մենք շատ ենք հեռու գնացել: Եւ երրորդ հարցը, բայց արդեն ՀՀ վարչապետինՙ հատկապես Արայիկ Հարությունյա՞նն է իրականացնելու ՀՀ կրթական, գիտական եւ մշակութային քաղաքականությունը…