Արդեն մեկ տարի ունենք նոր իշխանություն, եւ ապրիլի 24-ը` Ցեղասպանության հերթական տարելիցը միգուցե պետք է առիթ դառնար Հայոց ցեղասպանության ճանաչման այս հանգրվանի մեր անելիքների մասով իշխանության մոտեցումների հստակեցման համար: Համենայն դեպս` ես սպասում էի այդ հստակեցմանը, քանի որ մինչեւ այժմ ընդհանուր ձեւակերպումներ էին առկա ե՛ւ վարչապետ Փաշինյանի բանավոր խոսքում, ե՛ւ կառավարության ծրագրի համապատասխան դրույթում: Ո՞րտեղ պետք է փնտրեինք այդ հստակությունն այդ օրը` նախ Փաշինյանի հրապարակային խոսքում, ապա եւ Հանրային հեռուստատեսության` օրվա թեմայի լուսաբանման քաղաքականության մեջ:
Սկսենք երկրորդից, որտեղ այդպես էլ զրույցների ու ռեպորտաժների ձեւաչափերում չլսեցինք պատմաբանների ու ցեղասպանագետների խոսք`հետագա անելիքի ձեւակերպմամբ (բացառությամբ թերեւս ռեպորտաժի ձեւաչափում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի այն մտքից, թե նույն ոճի աշխատանքի շարունակումը ճանաչման առումով հիմա անիմաստ է դառնում, եթե այն չենք զուգակցում տարբեր երկրներում ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված ջանքերով): Ավելի վաղ նկարահանված ֆիլմերում այդպիսի տեսակետներ, իհարկե, հնչում էին, բայց ոչ օրվա զրույցներում, այսինքն` ներկա մտայնության մեջ:
Եւ ուրեմն ծագում է հարցը` հիմա ո՞րն է լինելու մեր օրակարգը, ինչպիսի՞ն է լինելու մեր հետագա աշխատանքի ուղղվածությունը` որպես պետություն, որպես ժողովուրդ ու որպես սփյուռք հայերիս համար ամենգլխավոր հարցը բարձրացնելիս: Չէ որ անցած դարի 60-ականների կեսերից սկսած` ողջ աշխարհի հայությունը բավարար աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հավաքել- հրատարակել միլիոնավոր էջեր` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապացույցներով, կազմակերպել նյութական ապացույցների եւ լուսանկարների բյուրավոր ցուցադրություններ, ստեղծել թանգարաններ եւ ուսումնասիրություններ, մարդկային-տնտեսական-նյութական կորուստների չափը հաշվելու փորձեր արել, այսինքն` ապահովվել է թուրքերի ոճրի մասին ապացուցողական ծանրակշիռ հիմք`պատմական, տնտեսական, բարոյական վկայություններով:
Շուտով կանհետանան վերջին վերապրածները, տատիկների ու պապիկների պատմածները լսածների սերունդն է անգամ արդեն անցնում, ո՞րն է մեր անելիքը` վերը նշված հսկայածավալ եւ տիտանական աշխատանքից հետո: Այդ էինք ուզում լսել նոր իշխանությունից:
Չորս տարի առաջ, հարյուրամյակին, պատմաբաններն ասում էինՙ ճանաչման դարն ավարտվեց, պետք է սկսվի հատուցումը: Իհարկե, հատուցմանն ուղղված ջանքը դժվար, ահռելի ծախսատար, պետությունների քաղաքական շահերի երկաթյա պատին բախվող գործընթաց է, որն սկսողը պետք է մոռանա հանգստի մասին: Բայց արդյոք հայությունն այլ ելք ունի, ու արդյոք մի օր ճանաչման ու հատուցման գաղափարը չպետք է վերածվի այն զենքին, որից վախենում են թուրքերը` պատմականից ու բարոյականից բացի` ֆինանսական հիշեցումը: Այդ երկիրը, որ ֆինանսապես եւ տնտեսապես կրախի առաջ էր կանգնած մեկ դար առաջ, վերստին ծաղկեց հայերի ու մյուս փոքրամասնությունների ունեցվածքը խլելով` նրանց ոչնչացնելուց հետո: Նույնիսկ թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուն է ասում` Թուրքիայի ազգային կապիտալի 32 տոկոսը հայկական ունեցվածք է, թուրքերը մինչեւ հիմա փնտրում են հայերի գանձերը: Արդյոք չպետք է սկսվեն հատուցման առաջին հայցերի գոնե նախապատրաստական քայլերը: Ասենք` եթե ողջ աշխարհի հայությունը կարողանա սատար կանգնել մեկ-երկու մասնավոր հատուցման հայցի հարուցմանը միջազգային դատարաններում, սա մի՞թե չի կարող դառնալ Թուրքիայի վրա մահակ բանեցնելու տեւական գործընթաց: Պատկերացնելով հանդերձ այլ պետությունների շահապաստան ճնշումները մեր հանդեպ` այդպիսի քայլ անելու պարագայում:
Արեւմտյան Հայաստանի խոշոր հայկական կենտրոններում ունեցել ենք ֆաբրիկաներ, հյուրանոցներ, առեւտրական կետեր, խանութներ, միջազգային բրենդ դարձած ապրանքատեսակներ, կալվածքներ եւ ագարակներ, եկեղացապատկան եւ մշակութային հարստություն: Մեկ այդպիսի դատը շատ ավելի հնչեղություն կտա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քան հարյուրավոր ցույցերն ու երթերը: Մեր պետությունն, այո, դա իրեն թույլ տալ չի կարող որպես սուբյեկտ, բայց բարոյական աջակցություն եւ բարի կամք կարող է ցույց տալ` թեւ տալով սփյուռքին նման որեւէ գործընթաց սկսելու: Ամեն ինչ կարծես արել ենք` ծանրակշիռ հատորներ, նյութական, փաստաթղթային ապացույցներ, վերապրողների պատմածներով ֆիլմեր եւ գրքեր, մի՞թե շարունակելու ենք նույն, կարելի է անգամ ասել` կրավորական աշխատանքը, ու նոր շունչ չենք հաղորդելու գործընթացին:
«Ավրորա» միջազգային մրցանակաբաշխությունն, օրինակ, հենց դրա համար է գնահատելի, որ, թեեւ անուղղակի, բայց ճանաչել է տալիս Հայաստանն ու հայկական խնդիրները, ու այդ ձեռնարկին առնչվող յուրաքանչյուր անձ նաեւ անպայման իմանում է Հայոց ցեղասպանության պատմությունը. սա նորարական մոտեցում է, այդպիսի նոր հնարքներ պետք է մտածենք: Ինչու այլ մեծահարուստներ, ինչպես Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, չեն կարող միավորվել ու ասենք ֆինանսավորել որեւէ միջազգային մասնավոր դատ` Թուրքիայի դեմ հայցով:
Թե չէ` հուզիչ պատմությունները փնտրելը շարունակելով` չենք կարող առաջ շարժվել, այդ պատմություններն ամեն մեկս կրում ենք, որպես Ցեղասպանության զոհերի թոռներ ու ծոռներ: Կմեռնենք մենք, ու կանցնի նաեւ ուղիղ հիշողությունը: Իսկ միջնորդավորված հիշողությունը կբթացնի ցավը, հետզհետե ավելի առարկայական կդառնան հատուցումների համար վաղեմության ժամկետների վերաբերյալ միջազգային իրավական խոչընդոտները, ու ով գիտե` ինչ-որ ժամանակ, Աստված չանի, հնարավոր կլինի պատմության ցավալի կրկնությունը….
Պետությունն, ուրեմն, այս առումով անելիք ունի, մինչդեռ այդպես էլ հստակություն չեղավ ապրիլի 24-ի պաշտոնյաների ելույթներում այդ հարցում, պատմաբաններ չխոսեցին, խոսող պաշտոնյաներն էլ լղոզեցին ասելիքը` որքան կարողացան, ենթադրել տալով, որ Ցեղասպանության ճանաչման ներկա գործընթացի էությունը փոխելու, նոր շեշտադրումների խնդիր դրված չէ, դրա մասին մտածելու դեռ ժամանակ չի եղել, գլուխները խառն է ներքին խնդիրներով` մինչեւ տեսնենք: Կամ էլ հավանաբար տեղում դոփելու խնդիր է դրվում առայժմ` անկախության առաջին տարիների լիպարիտյանական սկզբունքների կարոտախտով, չգիտենք:
Նիկոլ Փաշինյանի ուղերձում եւ ռուսական հեռուստաընկերության եթերում հնչած ուղիղ խոսքում եւս ոչինչ չհստակեցվեց. «Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում եւ մինչեւ այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջըՙ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական եւ նյութական պատասխանատվություն», ստանդարտ խոսք էր հղել վարչապետը: Հետագայի մասին` ոչինչ, կամ ողղակի շեշտը դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա, «քանի որ այն շատ կարեւոր քայլ է երկրագնդի վրա բոլոր ապագա ցեղասպանությունների կանխարգելման համար»: Կանխարգելենք պիտի, ուրեմն, ուրիշների հնարավոր ցեղասպանությունները:
Մինչդեռ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին դեռ, համահայկական հռչակագրով նախատեսված էր Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակումը հետագա տարիներին: Բոլոր դեպքերում, անգամ եթե քաղաքական բարենպաստ վիճակ չկա մեր երկրի շուրջ այդ առումով, այդ փաթեթը հարկ է մշակել, պատրաստ ունենալ, որ հենց բարենպաստ լինի մթնոլորտը` գործարկման դրվի: Սակայն պատմաբանների անտեսումը հենց միայն ապրիլի 24-ին, որոշ առումով պետության քաղաքականությունն արտացոլող Հանրային հեռուստատեսության եթերից, հուշում է, որ իշխանությունն այդպիսի խնդիր չի էլ դնելու իր առջեւ:
Այդպիսի փաթեթի առկայությունը մինչդեռ կգծագրեր մեր պահանջների սահմանն ու բովանդակությունը, որպեսզի չուենանք այլեւս «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» նմանությամբ հակավճիռներ, կարծրացնելով մեզ համար բացասական նախադեպային իրավունքի առկայությունն աշխարհում: Որպեսզի ամեն ժիրինովսկի, իր երկրի տվյալ պահի շահից բխող մահակախաղը կիրառելով, պատեհ-անպատեհ չբղավի, որ հայերը պետք է հետ գրավեն Կարսն ու Արդահանը, իսկ Արարատը Թուրքիան պետք է վերադարձնի հայերին` մեզ, հայերիս բան սովորեցնելով ըստ իր պետության տվյալ պահի շահի: Մե՛նք պետք է օրակարգ թելադրենք, ու ոչ թե ժիրինովսկիները` իրենց ձեռնածություններով, իրենց սեփական պետական ու ազգային շահերն ամեն տեսակ բարոյականությունից ու արդարությունից վեր դասելով ու սադրելով: Եթե ունենանք Ցեղասպանության ճանաչման եւ հետագա քայլերի վերաբերյալ ռազմավարության փաթեթը, ու միջազգային ատյաններում արդեն այդ փաթեթի առաջնահերթություններով շարժվենք, փաթեթի շուրջ միջազգային կոնսենսուս փորձենք ձեւավորել, միգուցե այն ժամանակ հնարավոր կլինի նաեւ միջազգային դատական գործընթացներից հաջողություն ակնկալել:
Բայց նախ` համահայկական քննարկումներ պետք է սկսվեն այս թեմայով` առանց վախուվիշի, պրագմատիկ ու առարկայական առաջարկներով եւ սթափ հայացքով, առանց կուսակցական խարդավանքների:
Կա՞ այդպիսի քննարկումների ցանկություն` ինչ-որ չի նկատվում:
Թե՞ դեռ պիտի շարունակենք ուրախանալ աշխարհի պետությունների` անգամ մանր համայնքային կառուցների ճանաչումներից, որպես ծույլ հոգու մխիթարանք: Եւ մնանք միայն քաղաքական մանր-մունր ճանաչումների վտանգավոր տեղապտույտի մեջ`ողջ թափով գլուխ բարձրացրած իսլամիստական շարժումների այս պիկում:
Մյուս կողմից` փաթեթի վերաբերյալ քննարկումներն ու բուն փաթեթի պատրաստումը նույնպես առ ոչինչ կլինեն, եթե հարցի վերաբերյալ սփյուռքն ու Հայաստանը համաձայնեցված մոտեցումներ չմշակեն: