Ինչո՞ւ են փոխանցվել Թրամփի հեռախոսահամարները
Երբ Իրանի վրա տնտեսական ճնշման հետ մեկտեղ ԱՄՆ-ը սկսեց ուժեղացնել իր ռազմական ներկայությոնը Մերձավոր Արեւելքում, այնտեղ ուղարկեց իր ծովուժի հարվածային խումբը «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղեկցությամբ, իսկ Քաթարի ավիաբազայում վայրէջք կատարեցին Թ-52 ռմբակոծիչներ, ակնհայտ դարձավ, որ տարածաշրջանում մոտալուտ է ինչ-ինչ իրադարձությունների նախերգանքը:
Իսրայելի հետախուզության տվյալներ վկայակոչելովՙ ամերիկյան լրատվամիջոցները սկզբում հաղորդեցին, թե Իրանը պատրաստվում է Իրաքում օպերատիվ գործողություններ իրականացնել ԱՄՆ-ին այնտեղից դուրս մղելու նպատակով: Շտապ կարգով պաշտոնական այցով Բաղդադ մեկնեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Բայց այն ժամանակ ոչինչ չպատահեց, թեպետեւ բրիտանացի փորձագետները գրել էին Իրանի շուրջը ռազմական ուժերի ծավալման մասին:
Անսպասելի միջադեպ, այն էՙ դիվերսիա տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մոտակայքում, որը գտնվում է Օրմուզի նեղուցից 140 կմ հարավ եւ փաստորեն վերահսկում է Պարսից ծոցի մուտքը: Այդ գործողությունների հետեւանքով տուժեցին տարբեր երկրների պատկանող չորս նավեր: Ըստ որում, զգալի վնաս պատճառվեց սաուդյան երկու նավթատար նավերի, չնայած որ դա չհանգեցրեց զոհերի կամ նավթի արտահոսքի: Այնուհետեւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում կատարվեց սաուդյան Saudi Aramco ընկերության գլխավոր նավթամուղի վրա, որն անցնում է Էր-Ռիադից ոչ հեռու: Ընկերությունը, անվտանգության նկատառումներով, ստիպված եղավ ընդհատել նավթի մատակարարումները:
Այդ գործողության համար պատասխանատվություն ստանձնեց հուսիտների շիա խմբավորումը: Թեհրանը հայտարարեց, որ ինքը մեղսակից չէ տեղի ունեցած միջադեպին եւ մտահոգություն հայտնեց արտասահմանյան խաղացողների արկածախնդրությունների առնչությամբ, որոնք փորձում են խոչընդոտներ հարուցել Պարսից ծոցի գոտում նավագնացության համար, կոչ արեց անցկացնել միջադեպերի մանրակրկիտ հետաքննություն: Այդուհանդերձ, ինչպես եւ կարելի էր սպասել, Էր-Ռիադը ամեն ինչի համար մեղադրեց Թեհրանին:
Հետաքրքրական է, որ Պոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարների հետ հանդիպում ունենալուց հետո, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ Թեհրանի հարցը, բեռնատար նավերի վրա կատարված հարձակումներին Թեհրանի մասնակցության առնչությամբ լրագրողների հարցերին պատասխանեց հետեւյալ կերպ. «Առայժմ մենք չունենք որեւէ կոնկրետ տեղեկություն»: Մինչդեռ, ավելի վաղ, Վաշինգտոնը նավերի համար նախատեսված նախազգուշացում էր հրապարակելՙ հայտարարելով, թե Իրանը եւ նրա արբանյակները կարող են տարածաշրջանում ազդել առեւտրային եւ ռազմական նավերի երթեւեկության վրա:
Ի դեպ, Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերության ազդեցիկ փորձագետ Սեբաստիան Զոնսը ավելի վաղ նշել էր, որ Էր-Ռիադում զգալիորեն գերագնահատում են Իրանի ազդեցությունը Բահրեյնում եւ հենց Սաուդյան Արաբիայում ապրող շիաների, ինչպես նաեւ Եմենում բնակվող հուսիտների վրա: Նա ուրվագծել էր տարածաշրջանում այսպես կոչված «երրորդ ուժի» դրսեւորումը, որը շահագրգռված է ոչ միայն Սաուդյան Արաբիայի եւ Իրանի բախմամբ, այլեւ Սիրիային նվիրված բանակցությունների եւ Եմենի հետ կապված խորհրդակցությունների ձախողմամբ: «Հայտնի չէ, թե դա որքանով է արդարացված, բայց Սաուդյան Արաբիան իրեն զգում է Իրանին ենթակա ուժերով շրջապատված, որոնք գործում են Բահրեյնում, Եմենում, Սիրիայում եւ Իրաքում: Իրանի հանդեպ սաուդցիների հիվանդագին կասկածամտությունը խանգարում է գտնել Թեհրանի հետ գոնե նվազագույն շփման կետեր եւ անհնար է դարձնում երկու պետությունների պրագմատիկ փոխգործողությունը», հայտարարել էր Զոնսը:
Ինչպես գրում է գերմանական Tagesanzeiger հրատարակությունը, գլխավոր վտանգն այն է, որ Թեհրանի եւ Էր-Ռիադի դիմակայությունը միջնաժամկետ հեռանկարում սպառնում է վերաճել Պարսից ծոցի չորրորդ պատերազմի, որը 1980 թվականից ի վեր տեղի ունեցած նախորդ երեքին կարող է գերազանցել զոհերի, ավերածությունների ծավալով, ամբողջ տարածաշրջանի համար բացասական հետեւանքներով: Եվ ահա այս պայմաններում Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը հանդես է եկել Արաբական պետությունների լիգայի ղեկավարներին եւ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդին ուղղված կոչովՙ մայիսի 30-ին Մեքքայում անցկացնել արտակարգ գագաթաժողով: Հնարավոր է, որ դրան մասնակցեն նաեւ Իսլամական պետությունների կազմակերպության ղեկավարները: Կոչի նախօրեին Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի այլ երկրներ ԱՄՆ-ին թույլատրել էին իր զորքերը տեղաբաշխել իրենց տարածքներում, իսկ ռազմանավերըՙ Պարսից ծոցիՙ իրենց պատկանող ջրատարածքներում: Բայց եթե ելնենք նախորդ փորձից, համանման բոլոր գագաթաժողովները ավարտվում են ոչինչ չասող հայտարարություններով, ինչպես դա տեղի ունեցավ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ Գոլանի բարձունքները իսրայելական տարածք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումների կապակցությամբ:
Այս անգամ եւս դժվար թե ինչ-որ բան փոխվի, նույնիսկ այն պայմաններում, երբ խոսում են այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորության մասին: Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը կորցնում է իր ազդեցությունը: Քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը մի նոր պատերազմ սանձազերծի տարածաշրջանում, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Իրանի հարցում ԱՄՆ-ը չի վայելում Եվրոմիության աջակցությունը: ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման պայմաններում Մայք Պոմպեոյի Սոչի կատարած այցը ցույց է տալիս (թեկուզ մարտավարական առումով) երկրի արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ փոփոխելու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը: Վաշինգտոնում հավանաբար կուզենային, որ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես գար Իրանի եւ Սաուդյան Արաբիայի փոխհարաբերությունների կարգավորման գործում:
Բայց ընդսմին, ԱՄՆ-ը օրակարգից չի հանում Թեհրանի վարչակարգի փոփոխման հարցը, չի հրաժարվում տեղեկատվական պատերազմից եւ լայնընդգրկուն քարոզչական արշավիցՙ պնդելով, թե տարածաշրջանում ահաբեկչության գլխավոր հովանավորը Իրանն է: Խնդիրը նաեւ այն է, որ ԱՄՆ-ին չի հաջողվում (կամ գուցե նա չի ձգտում) ձեւավորել հակաիրանական արաբական դաշինքՙ վախենալով, որ հետագայում այն կարող է ուղղվել Իսրայելի դեմ: Վերջապես, ամերիկացիները չեն կորցնում անդրկուլիսյան պայմաններում Իրանի հետ համաձայնության հասնելու հույսը, որտեղ որոշակի ուժեր հորդորում են «զգույշ լինել Ռուսաստանի հետ»: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, Սպիտակ տունը ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանությանը փոխանցել է նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսահամարներըՙ ակնկալելով, որ իրանական կողմը կապ կհաստատի Թրամփի հետ:
Ամերիկացիները վարում են այնպիսի քաղաքականություն, երբ մի կողմից Իրանին պահում են քաղաքական եւ հոգեբանական լարվածության մեջ, իսկ մյուս կողմից չեն ուզում, որ արաբական պետությունները արմատական շրջադարձ կատարեն արեւմտյանից դեպի արեւելյան ուղղություն: