«ՀՀ ընտրողները Բրյուսելին քվե չեն տվել, պատժել են իրենց հովանավորին, որն իրենց ճակատագրական պահին լքել է»
Հունիսի 7-ի ուշ երեկոյան դեռ չէին ավարտվել ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները, առավելեւս քվեների հաշվումը, սակայն գերմանագիր ԶԼՄ-ները վերնագրեր էին դնում՝ «Փաշինյանը հաղթում է մեծամասնության քվեով»: Կեսգիշերն անց, Փաշինյանի ելույթից հետո, Berlin Morgen-ը նույնիսկ հավելեց, թե նա, նրա կուսակցությունը «56,7 տոկոսով պատմական հաջողություն է արձանագրում ընտրություններում»: «Թագեսշփիգելը», միակը չէր, որ վերնագրում հատուկ շեշտադրել էր, թե «արեւմտամետ իշխող կուսակցությունն է նկատելի առաջատարը»՝ հիշեցնելով ռուսամետ ընդդիմության՝ երկիրը ժողովրդավարացման ուղուց շեղելու նպատակը: Ընդդիմության մասին «եռագլուխ պատերազմի կուսակցություն» բիրտ բնորոշումը փոխարինվել էր «երեք օլիգարխներով», որ անշուշտ ռուսական շահերի ուղեկցմամբ ոչ դրական վերաբերմունք էր փոխանցում:
Հայաստանն ու նրա ժողովուրդը կարծես լուսանցքում էր մնացել մեր գործընկերների վերլուծություններում, որ զարմանալի արագությամբ, հունիսի 7-ի ուշ երեկոյան, գիշերը, գիշերն անց, հունիսի 8-ի լուսադեմին թարմացնում էին իրենց հրապարակումները, առանց սպասելու ԿԸՀ տվյալների հրապարակմանը, կարծես վախենում էին օդանավից ուշանալ ու շտապում էին լքել Արարատի երկիրը՝ հանգիստ շունչ առնելով, թե «հետընտրական զարգացումներ չեն լինի», ինչպես վստահեցրել էր վարչապետ Փաշինյանը ընտրություններից անմիջապես հետո գիշերային մամուլի ասուլիսում: Ընտրարշավից առաջ էլ նույն վերնագիրը կար գերմանագիր ԶԼՄ-ներում՝ Հայաստանը՝ Ե՞Մ, թե՞ ՌԴ: Ընտրություններից հետո էլ այդ ճամփաբաժանը, կամ ՀՀ-ի այդ աշխարհաքաղաքական կողմնացույցը ցավոք միակ ընդգծված մեծ վերնագիրն է դառնում արտերկրի հետաքրքրությունների սարդոստայնում: Շատ ուրախ են ընդգծում, թե ՌԴ-ն տարածաշրջանից, Հարավային Կովկասից վերջապես դուրս է մղվում:
Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հունիսի 8-ին հենց վերնագրում շեշտադրում է՝ «ռուսամետ կուսակցությունները պարտություն են կրել ընտրություններում», եւ ընդգծում երկրորդ կարեւոր փաստը՝ Հայաստանը մնում է արեւմտյան կողմնորոշմանը հավատարիմ: «Ի հեճուկս ղարաբաղյան պատերազմներում ձախողված արդյունքի, վարչապետն ընտրություններում իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, եւ կարող է կառավարումը շարունակել: Այդու նրա ընտրազանգվածն անուղղակիորեն հավանություն տվեց հարեւան Ադրբեջանի նկատմամբ խաղաղության վիճահարույց քաղաքականությանը եւ աջակցեց Փաշինյանի՝ դեպի Արեւմուտք ռազմավարական շրջադարձին»: Բայց կա նաեւ այլ տեսակետ:
Հունիսի 8-ին ավստրիական «Դի փրեսսե»-ն անդրադառնալով հետընտրական պատկերին, վերնագրում արձանագրում է՝ «Պուտինը Հայաստանի ծրագրերը խափանել է՝ վարչապետ Փաշինյանի համար դժվար կլինի առանց մեծամասնական երկու երրորդի Ադրբեջանի հետ խաղաղություն կնքել»: Թեեւ Փաշինյանը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, այդուհանդերձ չկարողացավ ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը խորհրդարանում եւ պիտի երկյուղի ռուսամետ ուժեղ ընդդիմությունից, որ Բաքվի հետ հաշտեցումը մերժում է:
«ՀՀ խորհրդարանական ընտրություններն արտասահմանում հիմնականում ընկալվեցին որպես աշխարհաքաղաքական ազդեցության համար մրցավազք: Գործող վարչապետ Փաշինյանի կուսակցության՝ ընտրություններում տարած հաղթանակը նրա կառավարության ջանքերի հաստատումն է, որ Արեւմուտքի հետ ձգտում է զգուշավոր մերձեցման՝ առանց չափազանց շատ օտարացնելու Կրեմլին: Սա գրեթե անլուծելի խնդիր է Արեւելք-Արեւմուտք դիմակայության ժամանակներում», գրում է ավստրիական լրատուն:
Սակայն «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 8-ին մի վերլուծություն է հրապարակել, որ վերնագրում շեշտում է՝ «Հայաստանը պատժեց Պուտինին: Բայց Եվրոպան չպետք է վաղօրոք ուրախանա»: «Ռուսաստանը կորցրեց Հարավային Կովկասում իր ազդեցությունը: Բայց ՀՀ ընտրողները Բրյուսելին քվե չեն տվել, այլ պատժել են իրենց հովանավորին, որն իրենց ճակատագրական պահին լքել է»:
Շվեյցարական հանրային հեռարձակողը՝ SRF-ը հունիսի 7-ին՝ ՀՀ-ում նոր խորհրդարան ընտրելու օրը, մեր դիտարկմամբ գերմանալեզու միակ լրատվամիջոցն էր, որ վերնագրում ընդգծում էր. «Որքանո՞վ է կարեւոր ցեղասպանության ճանաչումը»: «Ընտրություններում կենտրոնական համարելով Փաշինյանի կառավարության եւրոպամետ հակումը եւ հարեւան Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները» SRF- ը նշում է, որ «հայոց մեջ ցեղասպանության դերի մասին անհամաձայնություն, բանավեճ կա: Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որ ՀՀ-ից վաղուց է պահանջում արտաքին քաղաքական օրակարգից հանել ցեղասպանության ճանաչման հարցը: Ցեղասպանությունը հայոց պատմության մեջ դրոշմված ամենաորոշիչ իրադարձությունն է», գրում է շվեյցարական հանրային հեռարձակողը՝ ծանուցելով փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Ծիծեռնակաբերդ այցին հաջորդած «սկանդալային իրադարձությունների մասին, երբ Ցեղասպանության թանգարանի տնօրենն անակնկալ հրաժարական տվեց, այդուհետ վարչապետ Փաշինյանն ասաց, թե ինքն է տնօրենի հրաժարականը պահանջել: SRF- ը զրուցել է թանգարանի աշխատակից Սուրեն Մանուկյանի հետ, որ մեջբերել է վարչապետի բացատրությունը, թե «տնօրենի նվիրած ցեղասպանության մասին պատմական գրքերը վնասում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին»: «Այժմ մեր կառավարությունն ակտիվորեն աշխատում է ցեղասպանության ճանաչման դեմ՝ հօգուտ խաղաղության գործընթացի», նկատել է տվել Սուրեն Մանուկյանը, որի համար «Հայոց ցեղասպանությունը կարմիր գիծ է, վերապրելը՝ հայկական ինքնության ուժեղ մասը»: Մանուկյանից տարբեր է երիտասարդ գրող, Փաշինյանի կողմնակից Հայկ Հովյանի կարծիքը՝ «հիմա կարեորը Թուրքիային չվրդովեցնելն է, պետք է մեր արտաքին քաղաքականությունից առանձնացնենք հուզական խնդիրները, ասում է Հովյանը, որ շեշտում է, թե ինքն էլ ցեղասպանության վերապրողների ժառանգ է: Հովյանը կարծում է, որ Փաշինյանն իր ցավոտ, բայց անհրաժեշտ գործողությունների համար արժանի է հարգանքի: Քաջություն է ժողովրդին ճշմարտությունն ասելը, նա չի թաքցնում այն փաստը, որ այժմ ստիպված ենք ցեղասպանության հարցի մասին այլ վերաբերմունք ունենալ»: Այդ է պատճառը, որ վարչապետն այդքան ցուցադրաբար աշխատանքից ազատեց տնօրենին, Հովյանի մեկնաբանությունն է ներկայացնում շվեյցարական հանրային հեռարձակողը եւ շարունակում՝« կառավարության քննադատները պաշտոնանկությունը համարում են եւս մեկ ապացույց այն բանի, որ այլեւս չեն հանդուրժում հանրային այլախոհությունը: Փաշինյանի բազմաթիվ հակառակորդներ վերջերս բանտարկվել են կասկածելի հանգամանքներում: Նախկինում լիբերալ գործչի, ժողովրդի հույսի դերակատար Փաշինյանն այժմ հաճախ է համառ եւ բռնապետական վարք ցուցադրում»:
SRF-ը հոդվածի եզրափակիչ մասում ներկայացնում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքը, որ արտերկրից ավելի մեծ ճնշում է պահանջում: «Փաշինյանի ԵՄ բարեկամներն աչք են փակում, քանի որ նրանք տեսնում են, որ այլընտրանքն ավելի վատն է՝ ռուսամետ ընդդիմությունը բացահայտ խոսում է ժողովրդավարության կազմաքանդման մասին: Սակայն ընտրություններում Փաշինյանի հաղթանակը կամրապնդի միայն նրա ավտոկրատական հավակնությունները»: Լավ նշան չէ, որ Փաշինյանը ցեղասպանության զգայուն հարցի վերաբերյալ ճնշում է գործադրում այլախոհների նկատմամբ», եզրափակում է SRF-ի հոդվածագիրը (Calum MacKenzie):
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ











