ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, ԹուրքագետԳրում է Թուրք լրագրող Ումիթ Քըվանչը«Ազգի» նախորդ համարներում, անդրադառնելով Թուրքիայի շուրջը ծավալվող իրադարձություններին, գրել էի, որ երկիրը հայտնվել է տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Երկրի տնտեսությունը աճի փոխարեն նահանջ է ապրում: Այսինքն նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանություններն այլեւս չեն կարողանում կառավարել Թուրքիայի տնտեսությունը: Երկրի ֆինանսական վիճակն ավելի քան անմխիթար վիճակում է: 2018 վերջին Թուրքիայի արտաքին պարտքը կազմում էր 445 մլրդ. դոլար, ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին դա հասավ 453-ի, ապա հուլիսին` 463 միլիարդի: Քանի որ դատարկվել էր գանձարանը, կենտրոնական բանկը գանձարանին փոխանցեց պահուստային ֆոնդը:Բայց դա չփրկեց դրությունը: Միայն էլեկտրականության եւ թեյի գները վերջին 2 ամիսներին 15 %-ով աճել են 2 անգամ, էլ չենք խոսում բնական գազի, բենզինի, սիգարետի, ոգելից խմիչքների եւ այլ ապրանքների մասին: Ահավոր չափերի է հասել արտարժույթի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումն ու սղաճը: Մինչեւ տարեվերջ Թուրքիային անհրաժեշտ է հայթայթել 183 մլրդ. դոլար: Բայց որտեղի՞ց: Ընդ որում այդ գումարն անհրաժեշտ է նաեւ արտաքին պարտքի տոկոսները մարելու համար: Խոսքը Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մասին է:Ֆինանսական այս կառույցներն առհասարակ չեն ֆինանսավորում այն երկրներին, որոնք պատժամիջոցների ենթարկվելու սպառնալիքի տակ են, իսկ Եվրոպական ներդրումային բանկն արդեն որոշել եւ հայտարարել է Թուրքիայի ֆինանսավորումը մինչեւ տարվա վերջ սառեցնելու մասին:Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ շուտով դրան կհետեւեն ամերիկյան պատժամիջոցները: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության հետ, կապված ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր գնելու, Սիրիայի արեւելքը, Եփրատից մինչեւ Իրաքի սահման, Սիրիայի դեմոկրատան ուժերի վերահսկողությանը հանձնելու ամերիկյան ծրագրին հակադրվելու, որոնց ամերիկացիները շարունակում են զենք մատակարել, ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրականում նավթի եւ բնական գազի որոնման ու հորատման աշխատանքներ կատարելու թուրքական նկատառումների հետ, ինչը խիստ զայրացրել է ԵՄ-ին, որին այդ հարցում պաշտպանում է Միացյալ Նահանգները: Միաժամանակ պետք է նշել, որ Միջազգային արժութային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի վրա մեծ է Վաշինգտոնի ազդեցությունը:Հատկանշական է, որ Արեւելյան Միջերկրականում նավթի եւ բնական գազի որոնման ու հորատման աշխատանքներ կատարելու հարցում Թուրքիան չի ստանում նույնիսկ Ռուսաստանի եւ Քաթարի աջակցություը: Վերջիններս միանշանակ պաշտպանում են Կիպրոսի Հանրապետությանը, անտեսելով այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության գոյությունը, վերոհիշյալ աշխատանքների ենթակա տնտեսական տարածքը Թուրքիան համարում է վերջինի ջրային տարածք: Այս ամենի հետեւանքով Թուրքիան, որը մեկուսացել էր տարածաշրջանում, մեկուսանում է նաեւ միջազգային ասպարեզում: Ելնելով այս ամենից, կարելի է փաստել, որ Թուրքիայի քաղաքական ճգնաժամը չի սահմանափակվում երկրի ներքին կյանքով, նրա վիճակն ավելի քան ծանր է արտաքին քաղաքականության ոլորտում:Թուրք լրագրող Ումիթ Քըվանչը, մեղադրելով այս ամենի համար իշխանություններին, «Դուվար» թերթի օգոստոսի 20-ի համարում հրապարակել է «Մեզ կառավարողները վատ մարդիկ են» վերնագրով հոդվածը: Ես դա քաղել եմ Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջից: Ուշադրության եմ ներկայացնում մասնակի կրճատումներով: Ահա թե ինչ է գրել Քըվանչը.«Մեզ կառավարողներն ովքե՞ր են, ինչպիսի՞ մարդիկ են: Եթե մեկը հարցնի այդ մասին, կարող ենք հետեւյալն ասել. «Մեզ կառավարում են այնպիսի մարդիկ, որոնք ի վիճակի չեն կառավարել առանց պատերազմների, ուստի ցանկանում են երկիրը դարձնել անբնակելի, գուցե մտածում ենՙ «երանի թե բոլորը սատկեին, որ ապրենք հանգիստ», գուցե եւ մտմտում են, որ այդ դեպքում բռնության ենթարկելու մարդ չեն գտնի ու սրտնեղությունից կավանդեն իրենց հոգին, ելնելով դրանից հանդուրժում են մեր ներկայությունը, մի խոսքովՙ անխիղճ, անարդար, անհեռատես, «հայրենիքը» ներառյալ իրենց ասածներին բացարձակապես չհավատացող, ոչ ոքի չսիրող վատ մարդիկ են: Նրանց արածը հերթական հեղաշրջումն է: Չեմ մանրամասնելու, թե սա քանիերո՞րդն անգամ է: Արդեն բանը բանից անցել է, ուստի կարճ ու կոնկրետ եմ խոսելու, որովհետեւ ամեն ինչՙ նրանց գաղտնի նպատակներն ու բոլոր ծրագրերն արդեն բոլորի աչքի առջեւ են:1 – Թուրքական պետության մեջ բոլոր ժամանակահատվածներին յուրահատուկ ընդդիմության ամեն մի դրսեւորում նախ քրեականացնելու, ապա եւ զինելու հակումը շարունակում է մնալ ուժի մեջ: Զինված ներքին թշնամու ստեղծումը մեր երկրում պետական տրամաբանության մեջ կառուցողական, թերեւս, առանցքային տարրն է: Կարծես առանց դրա անհնար է գոյատեւել:2 – Գերիշխող ազգի եւ նրան ապավինող շրջանակների երկրորդ խնդիրը քրդական հարցն է, որովհետեւ երկրում ոչ մահմեդականների թիվն այնքան է կրճատվել, որ նրանց միջով արհեստական խնդիր հարուցելը վաղուց արդեն անհնար է դարձել: Թեեւ այս հատվածում որոշակի տեղաշարժ նկատելիս իսկույն գլուխ են թռցնում: Դա դրսեւորվում է որեւէ հայի փողոցի մեջտեղում ոչնչացնելու կամ հայ երիտասարդի Ապրիլի 24-ին սպանելու (նկատի ունի զինվորական ծառայությունը կատարելիս զորանոցում սպանված Սեւակ Շահինին- Հ.Չ.) միջոցով:Հասարակության տեսանկյունից քրդական հարցը, ոմանց բռնելու եւ տրորելու ենթատեքստում, հոգեբանական խնդիր է, իսկ պետությանՙ կենսական, այն էլ երկու առումով: Առաջինը դա քրդերի թուրքերի հետ իրավահավասարության կամ իրենց պատկանող որոշ սահմաններում ինքնավարության «վտանգն» է: Պետական իշխանությունների մեջ գերիշխող տեսակետն այն է, որ քրդերի մոտ քրդական ինքնության զարգացման դեպքում երկիրը կմասնատվի, քրդաբնակ շրջանները կանջատվեն պետությունից: Այդ իսկ պատճառով վերջիններս այդ քրդաբնակ շրջաններում աշխատել են ներդրումներ չկատարել, ամեն կերպ ձգտել են կրթությունը չտարածել: Իսկ երկրորդըՙ պետական իշխանությունների մտայնությունն է, թե թուրքական հասարակության ամեն մի պայքար հանուն ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների եւ արժանապատվության, քրդերը համադրում են իրենց համանուն պայքարի հետ, ուստիեւ որպես սպառնալիք են ընկալում նաեւ հասարակական նշված պայքարը:Այդ իսկ պատճառով քրդերի պայքարը հանուն իրավունքների սկսեց վերստին դիտարկվել գլխավոր «սպառնալիք», մանավանդ 2015-ի հունիսի 5-ի նախագահական եւ խորհրդարանական համատեղ ընտրություններից հետո, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները, հատկապես Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունը «սպառնալիքի» հարցում տատանվելու որեւէ տեղ չթողեց պետական իշխանություններին: Քանի որ «ժողովրդի կամքը հարգելու» բեմականացված միջոցառումներն արդեն լիովին սպառվել էին, հետեւաբար նրանք անիմաստ համարեցին նոր կոտորածներ սարքել, վերացնելու համար գլխավոր «սպառնալիքը», ինչպես ժամանակին սարքել էին Սուրուջում եւ Անկարայում:Ստեղծված իրավիճակում իշխանություններն ակտիվացրին զինված պայքարը PKK-ի դեմ, որպեսզի սեպ խրեն երկրի արեւմտյան շրջանների ժողովրդական ընդդիմադիր զանգվածների եւ քրդերի միջեւ: Հաշվարկել էին, որ այդ պայքարը նաեւ Սիրիայի տարածքում ծավալելու դեպքում կստանան ընդդիմության աջակցությունը եւ դա կտաա հրաշալի արդյունք: Բայց համը վաղուց արդեն հանել էին, իսկ սիրիական քաղաքականությությունը կատարելապես ձախողվել էր, ուստի ի չիք դարձան իշխանությունների հաշվարկները:Մեզ կառավարողները վատ մարդիկ են, ամեն կերպ փորձում են քրդերին համոզել, որ անօգուտ է հանուն իրավունքների պայքարելը: Պետական իշխանությունների մեջ ոմանք տարբեր ժամանակաշրջաններում ձգտել են արյունահեղ բախումների վերածել քրդական հարցը: Միաժամանակ փորձ է արվել եւ արվում է համոզել քրդերին, որ դատապարտված է այս երկրում հանուն իրավունքների ժողովրդավարական միջոցներով պայքարը, որպեսզի անխուսափելի դառնա զինված պայքարը: Հենց դա է եղել ոմանց նպատակը, հիմա էլ այդպիսին է: Մենք այնուամենայնիվ գիտենք, որ նրանք առանց պատերազմների չեն կարող երկիր կառավարել, ինչը թերեւս ամենամեծ վատությունն է սեփական ժողովրդին»: |