Կարող էինք մտածել, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը (հետո նաեւ` ոստիկանապետ Վալերի Օսիպյանի) սովորական պաշտոնանկությունների մեջ կարելի է դասել, ու ոչ մի արտառոց բան չկա, որ մարդիկ պաշտոնավարում են, հետո տարբեր պատճառներով լքում են պաշտոնը, կամ նրանց ծառայությունից են հրաժարվում: Սա բնականոն գործընթաց կարելի էր դիտել, եթե չլինեին տեղեկությունների հետագա մի շարք անհամապատասխանություններ` թեկուզ խոսքի մակարդակում, մամուլային արտահոսքեր: Ըստ այդմ` մի քանի վարկածներից կարելի է հակվել այն մեկին, որ իշխանափոխությունից հետո սեփական թիմում այս ու այն պաշտոնի համար համապատասխան մարդիկ չունենալու պատճառով` մի տեսակ անցումային պաշտոնյաներ էին նշանակվել, այդ թվում` նախկինների կադրերից, որոնցից հիմա հրաժարվում են` անցնելով թիմին ավելի մոտ կանգնած կադրերի: Համենայնդեպս` հրաժարականների վերաբերյալ նախկինում եւ այժմ արվող արտահոսքերը, որոնց լույս աշխարհ են բերում մեկ -երկու` իշխանությանը մոտ կանգնած ԶԼՄ-ներ, իրականություն են դառնում: Ու կարելի է սպասել, որ իրականաթյուն կդառնան նաեւ նոր արտահոսքերը` նոր պաշտոնանկությունների մասին` ընդհուպ ԱԺ «Իմ քայլ»-ական երկու փոխխոսնակներ: Տպավորություն է, որ վարչապետը վերջնականապես համոզվել է, որ իր մի շարք կադրեր արգելակում են իր գործունեությունը, նրանց մի մասը կենդանի կապ է նախկինների հետ, եւ նա որոշել է արմատապես փոխել իր թիմը: Նրա խոսնակի բուռն արձագանքն էլ ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստին, թեՙ հույս ունենք քրեական պատասխանատվությունից խուսափած կոռուպցիոներների գրասենյակներում չեն տեքստի հեղինակները, նույնպես բան էր հուշում:
Իհարկե, երբ որեւէ թիմ տարիուկես իշխանության լինելուց հետո է այդպես վարվում` վարկանիշի բնական կորստի, վատնված ժամանակի եւ տարածաշրջանային անբարենպաստությունների պարագայում` այդպիսի կտրուկ փոփոխությունները միշտ էլ ռիսկային են, էլ չասած, որ այդպիսով ստվարացնում են նաեւ ներկա իշխանությունից նեղացածների եւ իշխանության դեմ պայքարողների թիվը: Սակայն, մյուս կողմից, երբ իշխանության արած ամեն քայլը քննադատելու, ավելին` ոչնչացնելու համար պատրաստ -կանգնած են տասնյակ շրջանակներ, այդ շրջանակները եւս մեկով համալրելը առանձնապես բան չի փոխում ընդհանուր համապատկերում:
Վերադառնանք պաշտոնանկությունների շուրջ տեղեկատվության առարկայական անհամապատասխանություններին, որոնք նույնպես մեզ հակում են վերը նշված վարկածին: Նախ` հասկանալի դարձավ, որ իշխող թիմի մեծ մասը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե ինչու է , օրինակ, պաշտոնից հեռանում այնպիսի առանցքային պաշտոնյա, ինչպիսին ԱԱԾ տնօրենն էր, այն էլ այնպիսին, որ իր հիմնական բանուգործը թողած` շաբաթվա այս ու այն գլխից անվերջ հարցազրույց էր տալիս ու դարձել էր, մի անգամ գրել ենք, «կինոյի տղեն»: Ու անգամ խորհրդարանի պատգամավորների մակարդակով բացատրությունը ենթադրություններից այն կողմ չէր անցնում` ԱԺ մեծամասնությունը, փաստորեն, բանից բեխաբար է: Երկրորդ` թիմի անդամների տեղեկությունները մեկը մյուսի հետ չէին բռնում` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն (այ քեզ բան` մամուլի հետ շփվող այլ պաշտոնյա չկա՞) ասում է` վարչապետն է ազատել Վանեցյանին եւ Օսիպյանին , հնարավորություն է տալով դիմում գրելու, քանի որ նրանց աշխատանքից դժգոհ է եղել. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասում է` Վանեցյանն ինքն է ազատվել:
Դե եթե երրորդ-չորրորդ մարդ Տոնոյանն էլ չի տիրապետում տեղեկատվությանը (խոսքը ոչ թե դիվանագիտորեն լռելու մասին է, այլ` սխալ կանխավարկածի) , ուրեմն կա մի ծրագիր, որից տեղյակ են միայն մի քանի մարդ: Կիսաճշմարտությունները սովորաբար ավելի են սրում մարդկային հետաքրքրասիրությունը` իրականությունն իմանալու: Հետո արդեն Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը նույնպես կրակի վրա յուղ է լցրել, որից կարելի է ենթադրել, որ հեռացվածները լավ չէին աշխատում, խանգարում էին կոռուպցիոներների բացահայտմանը եւ այլն: Ահա.«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը:Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա», գրել է նա:
Բացի այդ` օրենսդրությամբ ոստիկանապետի եւ ԱԱԾ պաշտոնների քաղաքականացումը եւ նրանց ներկայացվող պահանջների ազատականացումը նույնպես տանում է ենթադրություների դաշտ, որ այդ պաշտոնների համար կոնկրետ մարդիկ են նկատի առնվել:
Իսկ այն վարկածը, թե Վանեցյանի հրաժարականի կոշտ որակումների տեքստը քաղաքականությամբ զբաղվելու հայտ է, իհարկե գոյության իրավունք ունի, սակայն նույնպես ունի իր ռիսկերը: Ու այդ ռիսկերը երկու պարագայում էլ հավասարապես շատ են` Վանեցյանն իշխանության գիտությա՞մբ պետք է քաղաքականությամբ զբաղվի`ընդդիմադիր դաշտից դուրս մղելով արտախորհրդարանական բոլոր անցանկալի միավորներին եւ ընդդիմադիր դաշտը եւս համապատասխանեցնելով նոր իշխանությունների պատկերացումներին, թե՞ իրոք, նա կարող է դառնալ իշխանության այլընտրանքը, միավորելով նախկիններին, եւ անելով այն, ինչ չհասցրեց անելը Սերժ Սարգսյանը` իշխանության ժառանգորդին չկարողանալով ժամանակին պատրաստել: Երկու դեպքում էլ, սակայն, ամենախանգարիչն այն է, որ բոլոր մյուս քաղաքական գործիչները կհայտնվեն անհավասար մրցակցության մեջ, քանի որ ԱԱԾ արդեն նախկին տնօրենն այնքան գաղտնիքների եւ կոմպրոմատների է տիրապետում բոլորի վերաբերյալ, որոնք ուզած պահին կարող է գործի դնել եւ չեզոքացնել մրցակցին:
Միքայել Մինասյանի կոշտ արձագանքը Վանեցյանի` Մինասյանի հետ իր անունը կապելու վարկածին եւ առհասարակ նրա ակտիվությունը վերջին շրջանում վկայում է, որ, այնուամենայնիվ, նախկինների հեռահար սցեարների մեծ մասը տապալվել են, իսկ Վանեցյանի մասով այսօր էլ դեռ ոչինչ պարզ չէ, քանի որ իշխանությունն այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտվեց, թե ինչու հրաժարվեց Վանեցյանի ծառայությունից, իսկապես նա խանգարո՞ւմ էր նախկինների վերաբերյալ գործերի քննությանը, թե, այնուամենայնիվ, դեպի ապագա միտված ծրագրերի կրող է Վանեցյանը: Ում ծրագրերի` դա եւս հարց է, քանի որ նախկինները Վանեցյանի հրաժարականը լայնորեն օգտագործեցին` իրենց հարմարությամբ մեկնաբանելու տեղի ունեցածը, անկախ Վանեցյանի` դրան եւս հակադարձելուց եւ Միքայել Մինասյանից սահմանազատվեուց: Չնայածՙ երեկ արդեն արտահոսք կար, որ Վանեցյանն անդամակցելու է, պինդ բռնեք մի ամուր բանից… «Բարգավաճ Հայաստանին», հետո էլ ընտրվելու է այդ կուսակցության վարչության անդամ: Եթե ու հանկարծ այս տարբերակը ճիշտ դուրս գա` շատ բան բացատրություն կստանա, անգամ այն բամբասանքը, որ Վանեցյանն ինչ-որ ներքին խարդավանգների մասնակից էր: Բոլոր դեպքերում Վանեցյանի` կանգ առնելու, տարերայնորեն կառավարելու մասին զգուշացումներն այդ եւ ընդհանրապես` քաղաքական համատեքստի համար նյութ տալիս են: Օսիպյանն ու Վանեցյանն էլ միաժամանակ խոսել են սպայի պատվից` բա ասեք, իմանանք, ինչ վատ բան էր լինում սպայի ձեր պատվի հետ, տնաշեններ:
Ավելացնենք, որ ընդդիմադիր առանցք ձեւավորելու օրակարգը գոյություն ունի, դա վերագրվում է մի շարք անունների, ու անգամ` վերջին մի ասեկոսեով Վանեցյանի` ԲՀԿ-ական դառնալու վարկածին: Մանավանդ` իշխանությունը իր բացահայտումներում մոտենում է ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին` «Մուլտի գրուպի» տնօրեն եւ Գագիկ Ծառուկյանի ընկեր Սեդրակ Առուստամյաի հետ կապված բացահայտումը նկատի ունենք: Մնաց` Օսիպյանը քաղաքական հայտ ներկայացնի: Առայժմ Փաշինյանն այնքան զգուշավոր է, որ երկուսին էլ բաց չի թողնում վերջնականապես` մեկը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է մնում, մյուսը` վարչապետի խորհրդական:
Զուգահեռ ընթացող ՍԴ նախագահին պաշտոնանկության հիմքեր ներկայացնելու` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը եւս կարելի է նայել մեր նկարագրած այն վարկածի համատեքստում, որ Փաշինյանը պատրաստվում է կադրային եւ գործելակերպի կտրուկ փոփոխություններ իրականացնել:
Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը մինչեւ տեղատվություն, մինչեւ անդառնալիության կետը բեկումնային եւ արդյունավետ դարձնել իր կառավարումը նոր մարդկանցով ու առաջ անցնել ընդդիմադիր բեւեռի ձեւավորումից ու իշխանության հանդեպ համակարգված դիմակայությունից, կհասցնի՞ ներքին կնճիռների հաղթահարմանը զուգահեռ` մոտիկ ապագայի տնտեսական եւ արտաքին հեռանկար գծագրել, այս հարցի պատասխանը ոչ ոք չունի, ինչպես որ չունի այն հասարակ հարցի ուղիղ պատասխանը, թե ինչու ի վերջո հրաժարական տվեց մինչեւ վերջին պահը ուռճացվող կերպար, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Այն էլ այն զուգահեռ հարթության առկայությամբ, երբ լրիվ խրվելով մեր ներքին խնդիրների մեջ, շատ հաճախ երկրորդ պլան ենք մղում արտաքին մարտահրավերները. տարածաշրջանում մեր բարեկամ ու մեր թշնամի հզորները մեր թիկունքում բան են պայմանավորվում, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարն էլ, չգիտես ինչ ազդակներից քաջալերված` հոխորտում է:
Հ.Գ. – Վարչապետի վերջին` վանաձորյան ասուլիսում, որին, ի դեպ որքան անհայտ ու անիմաստ կայք կար հրավիրել էին` ԶԼՄ-ների հետ աշխատանքի համակարգման ոլորտում էլ, երեւում է վարչապետը խնդիր ունի, մի երկու կնճռոտ հարց ի վերջո պատասխան ունեցավ, ու դրանցից մեկն Ամուլսարի վերաբերյալ էր. նրա տարբեր պատասխաններից հասկանալի դարձավ, որ ի վերջո վարչապետը միջազգային պարտավորությունների` երկրի ներդրումային վարկին խփող խզման կողմնակից չէ, այդպիսի խզման համար իրավական հիմքերի ձեռքբերմանն է կողմ: Ըստ նրաՙ հանքարդյունաբերության դեմոնիզացման միտումը հակասում է երկրի անվտանգային ու ազգային շահերին: Այսինքն` Ամուլսարը դեռ կմնա պայքարի հաջող խաղաթուղթ իշխանությանը քննադատողների համար, քանի որ երկրի բնապահպանական խնդիրների բարձրացումը եւս գոյության իրավունք ունի: