Ո՞րն է կապը Սիրիայի որոշ դիրքերի վրա ԱՄՆ հարձակման եւ Թեհրանին փոխանցված Վաշինգտոնի պատասխանի միջեւ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ին Իրանը Եվրոմիության համակարգողի միջոցով ստացել է «բանակցությունների մնացյալ թեմաների կարգավորման շուրջ» ԱՄՆ պատասխանը:
Քանանիի խոսքով՝ «Թեհրանը մանրամասն քննության է առել ԱՄՆ տեսակետները, եւ քննարկումների ավարտից հետո համակարգողին կփոխանցի իրանական կողմի մոտեցումները:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ իր հերթին հաստատել է ԱՄՆ պատասխանը Եվրոմիությանը փոխանցելու մասին իրանական կողմի տարածած լուրը:
Իսկ Վաշինգտոնում լույս տեսնող «Politico» պարբերականը, վկայաբերելով «ԱՄՆ պատասխանը գաղտնազերծած անանուն անձնավորության» խոսքերը, նշում է, որ ԱՄՆ արձագանքը հիմնականում կենտրոնացած է տնտեսական երաշխիքների վրա:
Հիշեցնենք, որ ՀԳՀԾ-ի շուրջ պաշտոնական հայտարարությունների բացակայության պայմաններում վերջերս շրջանառվում էր մի վարկած, համաձայն որի, Եվրոմիության միջնորդությամբ Վաշինգտոնին փոխանցված Իրանի դիրքորոշման գլխավոր առաջարկն ու պահանջը եղել է ստորագրման ենթակա նոր փաստատթղթից ԱՄՆ ապագա նախագահների հրաժարման դեպքում Իրանին վնասի հատուցում վճարելու պարտադրանքը:
ԱՄՆ պատասխանը գաղտնազերծած վերոնշյալ աղբյուրը հավելել է, որ Թեհրանին փոխանցված պատասխանը ինչ-որ չափով կարող է չբավարարել իրանական կողմին, ուստի պետք է սպասել Թեհրանի արձագանքին՝ արդյո՞ք Իրանը կբավարարվի դրանով, թե՞ ավելի մեծ արտոնություններ ստանալու ակնկալիքով կշարունակի ճնշումներ գործադրել:
Նշենք, որ Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելը օգոստոսի 8-ին բանակցող կողմերին էր հանձնել համաձայնագրի վերջնական տեքստը, որը օգոստոսի 15-ին ԻԻՀ նախագահ Ռայիսիի գլխավորությամբ անցկացված Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտահերթ նիստում տեղի ունեցած քննարկումներից հետո, որոշակի վերապահումներով, ընդունվել եւ փոխանցվել էր բանակցությունները համակարգող Բորելին: Վերջինս էլ իրանական կողմի արձագանքը համարել էր տրամաբանական ու տեղեկացրել, որ բանակցող կողմերը հայտնել են իրենց համաձայնությունը եւ սպասում են ԱՄՆ արձագանքին:
ՀԳՀԾ-ի շուրջ Իրան-ԱՄՆ ուղերձների փոխանակման եւ օգոստոսի 24-ին Եվրոմիության միջնորդությամբ իրանական կողմին հանձնված ԱՄՆ դիրքորոշման կապակցությամբ, Իրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթը օգոստոսի 25-ի համարում «Հարձակում համաձայնության շեմին» վերտառությամբ վերլուծական հոդված է հրապարակել եւ նշել. «Սիրիայում Իրանին հավատարիմ ուժերին պատկանող դիրքերի վրա հարձակվելով ԱՄՆ հաստատում է այն ենթադրությունը, որ Բայդենը ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր զորակցությունը հայտնելով, խույս է տալիս հնարավոր քննադատություններից»:
Թեեւ հոդվածագիրը Սիրիայի ուղղությամբ օգոստոսի 24-ի ԱՄՆ հարձակման եւ ՀԳՀԾ-ի պայմանավորվածություններին վերադառնալու կապակցությամբ Վաշինգտոնի ներկայացրած (ենթադրաբար) դրական պատասխանի միջեւ ուղիղ կապ չի տեսնում, սակայն հիմք ընդունելով որոշ քաղաքական մեկնաբանների վերլուծությունը՝ կարծում է, որ Սպիտակ տունը հակված է ավարտին հասցնել Վիեննայում ընթացող բանակցությունները:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիվանագետ