Հայաստանի կառավարությունը ցանկանում է կնիքով ամրապնդել, որ երկրի բնակչության մի հատվածի արյունը շատ ավելի կապույտ է, քան մյուսներինը: Մերօրյա իշխանավորները օրենքի ուժով են ցանկանում ամրագրել, որ հարուստների ու ավելի լայն հնարավորությունների տեր անձանց զավակները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
E-draft էլեկտրոնային հարթակում շրջանառված նախագիծը, որը ենթադրում է պետական բյուջե 24 մլն դրամ վճարել եւ զինված ուժերում ընդամենը 4.5 ամիս ուսումնական գործընթաց անցնել, իշխանությունն է շրջանառել: Սա ոչ այլ ինչ է, քան պարտադիր զինվորական ծառայությունից օրինական ձեւով ազատվելու տարբերակ՝ «վճարում ես դու, ազատում է պետությունը» սկզբունքի մոտիվներով:
Պաշտպանության նախարարությունը, փաստացի, առաջարկում է մոտ 60 հազար դոլար վճարել, ծառայել ընդամենը 4.5 ամիս ու հրաժեշտ տալ զինվորական համազգեստին: Եվ սա մի երկրում, որ դեռ անգամ չի թոթափել 44-օրյա պատերազմից առաջացած ամեն տեսակի հետեւանքները՝ ռազմականից մինչեւ բարոյահոգեբանական: Ի՞նչ է ասում իշխանությունը. քանի որ պետությունը փող չունի ու չի կարողանում վճարել սպաների աշխատավարձը, հետեւաբար, մեկնաբանել են ՊՆ փորձագետները, նրանց վճարը թող հարուստ կամ կարող ընտանիքները վճարեն:
Սա, իհարկե, նոր բան չէ. նմանատիպ չգրված օրենք գոյություն է ունեցել ՀՀ երրորդ Հանրապետության անկախության ստեղծումից ի վեր: Ու եթե նախկին իշխանությունների ժամանակ «պապայի բալա»-ներն անգամ այդ 4.5 ամիսն էլ չէին ծառայում ու զինվորական պարտադիր ծառայությունից ազատվում էին ավանդական մեթոդներով՝ ԽԾԲ-ի հովանու ներքո կամ կլորիկ կաշառքի դիմաց, այժմ, փաստորեն, նախկին «նորմին» իրավական ուժ են տալիս:
Երկրի պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցելու սահմանադրաիրավական պարտականությունը խեղաթյուրված է եղել Երրորդ Հանրապետության ծննդյան պահից սկսած:
Այո, պետք է ազնիվ լինել ու ասել, որ ի տարբերություն խորհրդային ժամակաշրջանի, երբ բանակում չծառայած տղային աղջիկ չէին տալիս, նորանկախ Հայաստանում ծառայությունից խուսափելը «լավ տղա» կամ «լավ պապայի բալա» լինել է նշանակել, ծառայելն` անճարություն, խեղճուկրակ լինելու խարան:
Հայ հասարակության մեծամասնության մոտ սակայն բանակում ծառայելը դրսեւորվում ու ներկայացվում է պաթոսային-բոցաշունչ կենացներով, ու դա հիմնականում անում են նրանք, որ կարողացել են իրենց տղաներին ազատել բանակից, իսկ ՊՆ-ի կողմից հրապարակ բերված աղմկահարույց օրինագիծն ընդամենը վերը նշվածի հայելին է:
Հայաստանի Հանրապետությունում, իհարկե, ավելի կամ պակաս արտոնյալ քաղաքացիներ չպետք է լինեն, ավելին՝ ՀՀ որեւէ քաղաքացի չպետք է ստորադասված լինի մյուսի նկատմամբ: Բայց սոցիալական անարդարության մասին կոկորդ պատռող ներկա «հեղափոխականները», փաստորեն, այդ ամենը ոչ միայն չեն վերացնում, այլեւ դրա վրա պետական կնիք դնել են ցանկանում:
Զինված ուժերի ամեն մի զինծառայող՝ շարքայինից մինչեւ սպա, պետք է ապահովված լինի սոցիալ-կենցաղային՝ միջինից բարձր պայմաններով, որովհետեւ հենց նրանք են, որ արեւ-անձրեւի տակ, բավականին ծանր, բարդ պայմաններում ապահովում են պետության ու անձամբ մեր անվտանգությունը: Պետական մսխումներից ու շռայլություններից խնայված միջոցներով կարելի է հասնել այդ մակարդակին, բայց ո՛չ՝ օրինականացված կաշառակերությամբ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ