Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը. տեղեկացնում են Կառավարությունից։
Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների օրակարգային հարցերը: Մենք Ձեզ հետ եւս վերջերս հանդիպել ենք Մինսկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:
Իհարկե, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական եւ հոգեւոր խորը կապերի վրա: Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել:
Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առեւտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առեւտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առեւտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի:
Իհարկե, մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` եւ՛ տրանսպորտի, եւ՛ արդյունաբերության, եւ՛ էներգետիկայի ոլորտներում: Կարեւոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր եւ միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով: Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաեւ, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:
Մենք նաեւ մեծ աշխատանք ենք տանում երկկողմ առեւտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առեւտրաշրջանառության աճին, ինչպես նաեւ վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարեւոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության:
Այսօրվա մեր հանդիպումն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Միության շրջանակում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական անկայունության հետեւանքները: Դուք եւս այդ մասին այսօր նշեցիք: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք առաջին հերթին ապահովել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը եւ, որ ամենակարեւորն է` բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը:
Շնորհակալություն»:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման կապակցությամբ: Այս հանդիպումները մեզ համար կարեւոր են այն իրավիճակների կառավարման համատեքստում, որոնք, ցավոք, հաճախ են առաջանում:
Սակայն կան նաեւ լավ լուրեր. թվերը, որոնց մասին Դուք խոսեցիք` մեր աշխատանքի շատ կոնկրետ արդյունքն է: Հիշում եմ` ապրիլին ՌԴ կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, երբ հանդիպեցինք եւ քննարկեցինք, թե ինչ պետք է միասին անենք, որպեսզի այն մարտահրավերները, որոնք առաջացել են մեր տնտեսությունների առաջ, ինչ-որ կերպ կառավարել: Շատ ուրախ եմ, որ այսօր, այս խոսակցությունն արդեն ցույց է տալիս կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Դուք ընդգծեցիք, թե որքան է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, դա ես համարում եմ մեր խոսակցությունների, մեր համատեղ ջանքերի կոնկրետ արդյունք:
Ես վերջերս զանգահարեցի Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են, մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում: Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի գործընկերների հետ շատ օպերատիվ լուծումներ գտան, որոնց արդյունքում կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է: Երկու օր առաջ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հեռախոսազրույցում եւս ընդգծեցինք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանի կարեւորությունը: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է: Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս օրերին նոր հոբելյան եւս ունենք, եւ վստահ եմ, որ այս հոբելյաններն արտացոլում են մեր հարաբերությունների մթնոլորտը: Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, եւ կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների»: