«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ շրջել է Արագածոտնի մարզում ու նոր ֆոտոշարքով «զմայլել» ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Վարդերի մեջ, վարդերը գրկում, «քոթուկների» վրա նստած են այս անգամվա լուսանկարները: Տիկին Աննան չի մոռացել նաև մոմ վառելու մասին, իհարկե Աստծո տուն՝ առանց գլխաշորի մտնելով: Այս ողջ ընթացքում նրան ուղեկցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչո՞ւ, ինչ կարգավիճակով:
«Որպես վարչապետի տիկին ու «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ենք ուղեկցել Աննա Հակոբյանին, ու դրա մեջ արտառոց ոչինչ չկա»,-«Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որ երկու օր շարունակ իր գործընկերների հետ մեկտեղ ուղեկցել է Փաշինյանի տիկնոջը:
Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքի ղեկավարները, որտեղ այցելել է տիկին Աննան, շունչները պահած ու գործերը թողած, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին: Աշտարակի քաղաքապետ Թովմա Շահվերդյանն է ամենից շատ երևում Աննա Հակոբյանի գրասնեյակի կողմից հրապարակված լուսանկարներում:
Գրեթե բոլոր այցերի ընթացքում տիկնոջը թիկունքից ուղեկցում է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ քաղաքապետի աթոռը զբաղեցրած ու մինչև այժմ դրա վրա հարմարավետ բազմած Շահվերդյանը:
Ուշագրավ այն պատմության մեջ այն է, որ Արագածոտնի մարզպետարանի կայքում վերջին 2 օրերին երեք նյութ է տեղադրված՝ իբրեւ մարզպետարանի գործունեություն, թե ինչպես է մարզպետը ուղեկցել վարչապետի տիկնոջը:
Աննա Հակոբյանի՝ Արագածոտն կատարած այցն, իհարկե, ո՛չ առաջինն է, ո՛չ՝ վերջինը. մինչև այս նա տարբեր այլ մարզեր էլ է գնացել, ինչի ժամանակ բոլոր մարզպետները տիկին Աննային դիմավորել ու ուղեկցել են: Դրա զուգահեռ իրականությունում սակայն ՀՀ մարզերում կուտակված այնքան խնդիր կան, որ մարզպետները գեթ մեկ րոպե ազատ ժամանակ չպետք է ունենան ամենատարբեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին զբոսավարի ծառայություն մատուցելու համար:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում