Միջազգային քաղաքականության գլխավոր թեման ներկայիս նոր աշխարհակարգի ձեւավորումն է, որի հաստատման պայքարի զարգացումներն ու պայքարները առավել ուժգին են զգացվում Կովկասում։ Վերջերս երկու կարեւոր գագաթաժողովներ տեղի ուեցան, մեկը՝ Թեհրանում, նախագահներ Էբրահիմ Ռաիսիի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, իսկ մյուսը՝ Սոչի (Ռուսաստան) կուրորտային քաղաքում՝ միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։ Սիրիան, Հայաստանն ու Ուկրաինան չէին մասնակցում, բայց նրանց ճակատագրերը բանակցությունների քննարկման օրակարգում էին։ Քննարկումների եւ որոշումների մեծ մասը վերաբերում էր Ուկրաինայում ընթացող պատերազմին եւ նրա հետեւանքներին՝ տարածաշրջանում, որտեղ աշխարհագրականորեն գտնվում է Հայաստանը։
Թեհրանի գագաթաժողովի ընթացքում Հայաստանն ստացավ Իրանի անվերապահ զորակցությունը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որն սպառնում է իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իրանի իսլամական հանրապետության հոգեւոր առջանորդ Ալի Խամենեին հստակ նախազգուշացրեց նախագահներ Պուտինին եւ Էրդողանին, որ կտրականապես դեմ է Հայաստան-Իրան սահմանների որեւէ փոփոխության, քանի որ դրանք «դարավոր պատմությամբ» են ամարապնդված։ Վերջերս կայացած Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահն անդրադարձել էր Խամենեի նշած Իրանի կարմիր գծերի նախազգուշացումներին։
«Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ իրանագետ Էմմա Բեգիջանյանը նշել էր, որ Իրանի նախագահի խոսքերն ինքը մեկնաբանում է հետեւյալ կերպ, որ սահմանների որեւէ փոփոխություն, այսինքն որեւէ խոսք այսպես կոչված «միջանցքի» մասին համարվում է կարմիր գիծ Իրանի համար, եւ իրենք ամեն գնով հակադարձելու են դրան։ «Ընդհանուր առմամբ սա նշանակում է, որ Իրանը չի բացառելու անգամ ռազմական միջամտությունը», ասել էր նա հավելելով, որ այդ «միջանցքի» կարիքը հիմա ավելի շատ Թուրքիայի նախագահ Էրդողանն է զգում։
Այո, սա է տարածաշրջանի քաղաքականության բնույթը։ Անկարան բանակցում է Ադրբեջանի անունից, Ռուսաստանը բանակցում է Հայաստանի անունից, եւ հիմնականում նրանք կարիքը չունեն լսելու կարծիքները իրենց գործընկերների, որոնց բախտը աճուրդի է հանված։
Ցարդ Իրանն է, որ ամենավճռական ձեւով դեմ է «միջանցքի» հարցին, բայց մնում է տեսնել, թե իրո՞ք Թեհրանը ռազմական ուժի օգնությանը կդիմի պաշտպանելու համար իր դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է Սիրիայի հարցին, Թեհրանն արդեն բավական հեռու է գնացել ընդդիմանալու համար Անկարայի ծավալապաշտական ջանքերին, որոնցով վերջինս ցանկանում է եւս 30 կմ կորզել այդ երկրի տարածքից։ Այդուհանդերձ Թեհրանը զգուշացրեց Էրդողանին, որ իբր «քրդական ուժերի սպառնալիքը վերացնելու» քողի տակ ծավալած իր նոր արկածախնդրությունը Սիրիայում, կարող է բախվել իրանական զորքերի ներկայությանն այնտեղ։ Այսպիսով, Վաշինգտոնից եւ Մոսկվայից բացի, Թեհրանից էլ նման զգուշացում ստանալուց հետո, Էրդողանը դադարեցրել է իր ծրագրի իրականացումը, չնայած արտգործնախարար Մեւվլուտ Չավուշօղլուն շարունակում է պնդել, որ «Թուրքիան ոչ ոքի թույլտվության կարիքը չունի իրականացնելու համար իր գործողությունները»։
Մեկից ավելի պատճառներ կան, որ Իրանը չէր մասնակցել Սոչիի գագաթաժողովին։ Նախ, որովհետեւ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները համապատասխանում են միմյանց, չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատ նշել էր, որ Հայաստանը պահպանելու է իր ինքնիշխանությունը միջանցքի հարցում եւ որեւէ «երկիմաստություն» չպետք է փնտրել այդտեղ։ Երկրորդ, որովհետեւ արեւմտյան պատժամիջոցների բեռից ազատվելուց հետո, Իրանը դառնալու է լուրջ մրցակիցը Ռուսաստանի՝ համաշխարհային էներգետիկայի մատակարարման շուկայում։
Իրանի հաստատ կողմնորոշմանն արձագանքելով, Մոսկվան Սյունիքում՝ Իրանի հետ Հայաստանի սահմանին մոտիկ հինգ ռազմակայան է տեղակայել այն կեղծ պատճառաբանությամբ, թե իբր Իրանից ահաբեկչական խմբեր են ներթափանցում Հայաստան։ Ավելին, Սյունիքի մարզում իր ներկայությունը ավելացնելու նպատակով Ռուսաստանը նաեւ անցակետեր է տեղադրել Հայաստանի քաղաքացիների համար, որոնք իրենց հայրենիքում մի քաղաքից մյուսն են տեղաշարժվում։ Եվ հարց է, թե արդյոք Ռուսաստանը համաձայնեցրե՞լ է իր այս գործողությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Իր հերթին, իրադարձություններին ավելի մոտիկից վերահսկելու նպատակով Իրանը Կապանում բացել է իր երկրի հյուպատոսարանը։
Վերոնշյալ գործողությունները առավել համոզիչ կլինեին, եթե Ռուսաստանը, միենույն եռանդով ինչ Սյունիքում, իրագործած լիներ իր խաղաղապահպանական առաքելությունը Ղարաբաղում։ Ավաղ, վերջին շաբաթներում մենք ականատես ենք լինում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային բախումների, որոնց հետեւանքում 4 զինվոր է զոհվել եւ 20-ը վիրավորվել։ Երբ Հայաստանը բողոքարկեց ռուսական զորքերի պասիվությունը, Մոսկվան խոստովանեց, որ խաղաղապահները լիազորված չեն սաստելու Ադրբեջանի զինուժի գործողությունները։ Նրանք ուժ կարող են գործադրել միայն ինքնապաշտպանություն իրականացնելու դեպքում։
Չնայած ագրեսորը Ադրբեջանն էր, Չավուշօղլուն հայկական կողմին մեղադրեց՝ հորդորելով զերծ մնալ սադրանքներից։ Շրջափակման մեջ հայտնված հայկական զորքերը, վստահ կարելի է ասել, որ որեւէ դրդապատճառ չունեն սադրանքների դիմելու, հատկապես որ դրանց քանակը բավական մեծ է։ Բայց զայրացուցիչն այն է, որ Վաշինգտոնն ու Եվրոմիությունը դարձյալ երկու կողմերին են կոչ արել զսպվածություն դրսեւորել։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պահանջել էր, որ Հայաստանի զորքերը դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, որին ընդառաջ գնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական զորքերը դուրս են բերվել Ղարաբաղից եւ այնտեղ մնացել են միայն Արցախի պաշտպանական ուժերը, որոնց Ադրբեջանը մերժում է ճանաչել։ Նման պաշտպանական ուժերի պահպանումը լիովին արդարացված է՝ հաշվի առնելով Ադրբեջանի սադրանքների եւ մարդասպանական հարձակումների բազմաթիվ փաստերը։ Այդ զորքերը այնտեղ են, որպեսզի կանխվեն 1990-ական թվականներին Բաքվում եւ Սումգաիթում տեղի ունեցած պոկրոմների կրկնությունները։
Ադրբեջանը մերժում է հավատարիմ մնալ 2020 թվի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթներին, որոնք կոչ են անում ազատ արձակել հայ ռազմագերիներին, բայց հայկական կողմին է մեղադրում պարտազանցության մեջ։ Մյուս կողմից, Բաքուն արդեն իսկ այլընտրանքային ճանապարհ է կառուցել դեպի Ղարաբաղ, որպեսզի վերահսկի Ղարաբաղ մուտք գործող հայերի տեղաշարժումը, մինչդեռ նոր ճանապարհը պետք է ծրագրվեր հայտարարության ստորագրումից հետո երեք տարիների ընթացքում եւ կառուցվեր միայն փաստաթուղթը ստորագրող երեք կողմերի համաձայնությունն ստանալուց հետո։
Այդ նոր միջանցքի շահագործումը ռուս խաղաղապահ զորքերի վերահսկողությունից դուրս է թողնում գազի եւ էներգակիր խողովակները, ինչը նշանակում է Ղարաբաղի բնակիչների կյանքը հանձնել ադրբեջանցի իշխանավորների քմահաճույքին։ Սա սոսկ վերացական վտանգ չէ, քանի որ անցյալ մարտին Ադրբեջանը երկու անգամ իսկապես զրկեց ղարաբաղցիներին գազի պաշարներից, այն էլ հատկապես ձմեռային սարսափելի ձյունամրրիկից հետո։
Մինչ Բաքվի ղեկավարության ռազմական սադրանքներն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի շարունակվում են, չեն դադարում նաեւ հռետորաբանական սպառնալիքները։ Պատասխանելով Ադրբեջանում հարցազրույցի ժամանակ նախագահ Ալիեւի հնչեցրած ակնարկներին, մասնավորապես այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը ոչ կարգավիճակ են ունենալու, ոչ անկախություն եւ ոչ էլ որոշակի առանձնաշնորհումներ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նախ շնորհակալություն է հայտնել Ալիեւին իր անկեղծության համար, ապա ավելացրել. ոչ Ադրբջեանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբեք որեւէ մեկից չեն թաքցրել իրենց ծրագրերը Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Այո, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենալու, որովհետեւ Ղարաբաղն ի՛նքը չի լինելու ընդհանրապես։ Ավելին, Արցախի համար որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները որեւէ վարչական տարածք զբաղեցնել նացիստական Գերմանիայում։
Ալիեւի հայտարարությունները սպառնում են ոչ միայն Ղարաբաղի բնակչությանը, այլեւ մարտահրավեր է նետված ողջ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս լուծված չէ խաղաղ բանակցությունների ձեւաչափով, ինչը կարգավորման հասնելու միակ ընդունելի միջոցն է։ Ռուսաստանը որպես այդ կազմակերպության Մինսկի խմբի համանախագահ, մերժում է համագործակցել մյուս երկու՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հետ, դրանով իսկ ծառայություն մատուցելով ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային։
Ժամանակը այդ երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի օգտին չի աշխատում։ Երկուսն էլ շտապում են պատմական պայմանագրեր կնքել Հայաստանի հետ։ Թուրքիան ցանկանում է օրինականացնել 1921 թվի Կարսի պայմանագիրը, որն օրինական տեսակետից ամուր հիմքերի վրա չի գտնվում։ Ադրբեջանն էլ, իր հերթին, մտադիր է Հայաստանի տարածքից մի կտոր պոկել եւ դրանով կապն ապահովել Նախիջեւանի հետ մի կողմից եւ Հայաստանի ինքնիշխանությունը հավիտենական կախման մեջ թողնել՝ մյուս կողմից։
Հայաստանը դժվար ժամանակների միջով է նավարկում։ Թշնամիները շատ են, բարեկամները՝ հազվագյուտ, իսկ արջի ծառայություն մատուցողները՝ բազմաթիվ։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. Բնագրից թարգմ.՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)