ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Անկարան ուզում է հենակետ ստեղծել Լիբիայում
Դեռ վերջերս, Արեւելյան Միջերկածովքի խնդիրների մասին խոսելիս, փորձագետները ուշադրությունը կենտրոնացնում էին Կիպրոսի հարցի կարգավորման առնչությամբ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող հակամարտության վրա: Նույնիսկ այն ժամանակ, երբ Կիպրոսի Հանրապետությունը հայտարարեց իր բացառիկ տնտեսական գոտում նավթի ծովային հանքավայրերի հետախուզում սկսելու մասին, Անկարան կտրականապես հանդես եկավ դրա դեմՙ հայտարարելով, որ նախ հարկավոր է հասնել Կիպրոսի խնդրի կարգավորմանը, քանի որ հակառակ դեպքում կիպրացի թուրքերը կզրկվեն Արեւելյան Միջերկրածովքում հայտնաբերված նավթային հարստություններից օգտվելու հնարավորությունից: Իսկ հետո Թուրքիան այնտեղ ուղարկեց նավթի հետախուզման նավեր եւ հարուցեց դիվանագիտական սկանդալներ Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների հետ, որոնք տվյալ դեպքում Անկարայի կողմից չէին:
Այն ժամանակ Արեւելյան Միջերկրածովքում հակամարտության թեժ կետի ստեղծումը դիտարկվում էր միայն տեսականորեն, ենթադրվում էր, որ բոլոր ճակատամարտերը կծավալվեն միայն դիվանագիտական եւ դատավարական հարթակներում: Բայց երբ 2018 թվականի փետրվարին Թուրքիան հայտարարեց, որ սկսում է մասնակցել գազային մրցավազքին եւ չի ճանաչում ծովային ծանծաղուտի բաժանմանը վերաբերող եգիպտա-կիպրական համաձայնագիրը, պարզ դարձավ, որ հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում էՙ ներգրավելով Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիային Աֆրիկայի նոր տարածքներ:
Ի հայտ եկան հակաթուրքական կոալիցիայի ստեղծման նշաններ այնպիսի երկրների մասնակցությամբ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Իսրայելը: ԱՄՆ-ը որոշ ժամանակ տատանվում էր ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց հետո դադարեց արտահայտվել Անկարայի օգտին: Դրանից հետո Բրյուսելը սպառնաց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմՙ Կիպրոսի մոտակայքում հորատման աշխատանքներ սկսելու պատճառով:
Այս տարվա նոյեմբերի 28-ին Ստամբուլում ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Թուրքիայի եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջեւ, որը նախատեսում է երկու երկրների զինվորականների փոխհարաբերությունների ամրապնդում: Երկու կողմերը ստորագրեցին նաեւ հուշագիր ծովային գոտիների սահմանազատման մասին: Տվյալ փաստաթղթի տեքստը առայժմ հրապարակված չէ, ինչը վրդովմունք է առաջացնում Եվրոմիության մայրաքաղաքներում ու Եգիպտոսում: Բրիտանական Financial Times թերթը, թուրքական աղբյուրներ վկայակոչելով, ենթադրություն է անում, թե հուշագիրը նշանակում է նոր ծովային սահման, որը կանցնի հունական Կրետե կղզուց ոչ հեռու գտնվող այն տարածքով, որին հավակնում են Հունաստանն ու Կիպրոսը: Դա կարող է ոչ միայն վտանգել Արեւելյան Միջերկրածովքից դեպի Եվրոպա գազատար նոր խողովակաշարի կառուցումը, այլեւ բարդացնել իրադրությունը պատերազմի մեջ հայտնված Լիբիայում:
Թուրքական Yeni afak հրատարակությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեպետեւ Լիբիայում երկիշխանություն է, Թուրքիան հուշագիր է ստորագրել միջազգայնորեն չճանաչված լիբիական կառավարության հետ, որը գլխավորում է Ֆաիզ Սարաջը: Ավելին, թուրքական կառավարությունը հասցրել է վավերացնել հուշագիրը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը փաստաթուղթն ուղարկել է ՄԱԿ-ի հաստատմանը: Բարդությունն այն է, որ միջազգայնորեն ճանաչված լիբիական կառավարությունը մերժել է այդ համաձայնագիրը, ինչը նշանակում է Ազգային համաձայնության կառավարության եւ խորհրդարանի դիմակայություն: Հենց այդպիսի իրավիճակում Էրդողանը հայտարարեց թուրք զինծառայողներ Լիբիա ուղարկելու պատրաստակամության մասին: Նրա խոսքերով, հենց որ լիբիական կողմը խնդրանքով դիմի Անկարային եւ կնքի ռազմական համաձայնագիր, իրենք կուղարկեն զինծառայողներ:
Ներկայումս Լիբիայիում գոյություն ունեն երկու զուգահեռ կառավարություններՙ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը եւ Աբդալլահ Աբդուրահման ատ-Թանիի ժամանակավոր կառավարութունը: Վերջինս Լիբիայի արեւելքում գործում է ֆելդմարշալ Խալիֆ Խաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերի հետ համատեղ: Այսինքն Թուրքիան պատրաստակամություն է հայտնում Լիբիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու Ազգային համաձայնության կառավարության ուժերի կողմից: Ավելին, Էրդողանը ցանկություն է հայտնել հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկի Լիբիայի իրադրությունը եւ Մոսկվային համոզի վերանայելու վերաբերմունքը Տրիպոլիին հակադրվող ֆելդմարշալ Խաֆթարի Լիբիական ազգային բանակի նկատմամբ:
Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Լիբիան կարող է վերածվել երկրորդ Սիրիայի: Ընդսմին հետաքրքրական է, որ ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողովից հետո Թուրքիայում ի հայտ եկան հրապարակումներ, որոնցում պնդում է արվում, թե 2022 2023 թթ. տեղի կունենա ՆԱՏՕ-ի մահը, իսկ Ռուսաստանը կարող է ստեղծել անվտանգության նոր ռազմավարական դաշինք, որի մեջ կմտնի նաեւ Անկարան:
Բացի դրանից, ԶԼՄ-ներում խոսվում է Լիբիայում ռուսների չհայտարարված ռազմական ներկայության մասին, իսկ այնտեղ թուրք զինծառայողների հնարավոր ներկայությունը մատուցվում է որպես սիրիական արշավանքի շարունակություն, չէ՞ որ Սիրիայում ռուսներն ու թուրքերը դաշինքի մեջ են չնայած նախագահ Բաշար Ասադի հանդեպ իրենց վերաբերմունքների տարբերությանը: Սակայն, ինչպես կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , Էրդողանը դժվար թե Արեւելյան Միջերկրածովքում նոր հակամարտություն սանձազերծի Լիբիայի տարածքից: Նախագահը պարզապես հավաստում է իր ներկայությունը մեծ տերությունների շահերի բախման խաչմերուկում, որպեսզի վերջիններս ինչ-որ ձեւով արձագանքեն դրան: Մոսկվան արդեն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով: Վերջինս նշել է, որ գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք հարկավոր է հարգել:
Աթենքը եւ Անկարան տասնամյակներ շարունակ վիճաբանում են ամբողջ Էգեյան ծովի վերահսկման առնչությամբ, բայց թուրք-լիբիական համաձայնագիրը առաջին դեպքն է, երբ Հունաստանը Կրետեի ծովում իր ինքնիշխանությանը սպառնացող վտանգի է բախվում արդեն նոր պլացդարմից: Այս դեպքում ամեն ինչ այլ տեսք է ստանում:
Արաբական «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Անկարան Տրիպոլիում իշխող Ֆաիզ ալ-Սարաջ կառավարության խնդրանքով որոշել է Լիբիա ուղարկել ռազմական տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաեւ հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներ: Դա արվել է այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը Ստամբուլում դռնփակ ռեժիմով բանակցել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար ֆաիզ Սարաջի հետ:
Դա առաջին հանդիպումն էր ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Անկարայի եւ ԱՀԿ-ի կողմից հուշագրի ստորագրումից հետո: Հանդիպման նախօրեին թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Անկարան ռազմանավեր է նախապատրաստում Լիբիայի ափերի մոտ ուղարկելու համար: Դրանք կտանեն զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հատուկ նշանակության ուժեր, ստորջրյա հարձակման եւ պաշտպանության ստորաբաժանումներ, իսկ բեռնատար ինքնաթիռները եւ ուղղաթիռները պատրաստ են թռչելու Միսրատա քաղաք: Առայժմ բանը դրան չի հասել, բայց թուրքական Yeni afak հրատարակությունը գտնում է, որ խոսքը Լիբիայում Անկարայի ռազմական գործողության առաջին փուլի մասին է: Մի խոսքով, Թուրքիան կարող է ներքաշվել եւս մեկ տարածաշրջանային պատերազմի մեջ: Հիշեցնենք, որ Լիբիայում գոյություն ունի երկու կառավարություն: Իշխանությանը հակադրվում են ֆելդմարշալ Խաֆթարի ստորաբաժանումները: Էրդողանը նրան համարում է անօրինական ներկայացուցիչ: Այդ երկու կենտրոնների շուրջը ձեւավորվել են ռազմաքաղաքական կոալիցիաներ, որոնք այս կամ այն կերպ ներքաշվելու են դիմակայության շրջապտույտի մեջ:
ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան գործում է միակողմանի կարգով: Ինչո՞ւ: Պատճառը Արեւելյան Միջերկրածովքում դիմակայության սրումն է, որը, փորձագետների կարծիքով, կապված է էներգառեսուրսների համար ծավալված պայքարի հետ: Դա խնդրի թեեւ կարեւոր, բայց ոչ միակ կողմն է: Մյուս կողմի մասին գրում է The Jerusalem Post թերթի խմբագիր Սետ Ֆրանցմանը : Նրա կարծիքով, Միջերկրական ծովի ջրատարածքի բաժաման վերաբերյալ Տրիպոլիի հետ վերջերս Անկարայի կնքած գործարքը ավելի լայնընդգրկուն այն նախագծի մասն է, որով Թուրքիան ձգտում է հարեւանների վրա ճնշում գործադրելով գերիշխող դիրք գրավել Արեւելյան Միջերկրածովքում: Այսպես, տվյալ գործարքը մեկնաբանելիս, Էրդողանը հայտարարել է հետեւյալը. «Սրանից հետո Սեւրի պայմանագիրը լիովին կորցնում է իմաստը: Թուրքիայի եւ Լիբիայի ծովային սահմանը մտահոգում է նաեւ Հունաստանին: Այդ ջրերում առկա են Թուրքիայի եւ Լիբիայի իրավունքները, եւ հարկավոր է դրանք պաշտպանել»: Տարօրինակն այն է, որ Թուրքիայի նախագահը հենց հիմա է հիշում Սեւրի պայմանագրի մասին, որը ոչ ոք չի վավերացրել:
Պատմական համառոտ տեղեկանք : Ավելի քան 350 տարի Լիբիան մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ: 1912 թ. հոկտեմբերի18-ին Լոզան քաղաքի մերձակա Ուշի բնակավայրում ստորագրվեց հաշտության պայմանագիր, ըստ որի Իտալիան Օսմանյան կայսրությունից ստացավ Տրիպոլի եւ Բենգազի վիլայեթները օսմայնան բոլոր կայազորների դուրսբերման պայմանով: Ըստ որում, Իտալիան պարտավորվեց Բ. Դռանը վերադարձնել Ռոդոս կղզին եւ Էգեյան ծովում գրավված բոլոր կղզիները: Որոշ ժամանակ անց սկսված Առաջին աշխարհամարտը Իտալիային հնարավորություն տվեց պահպանել Դոդեկանես կղզիները, որոնք 1920 թ. Սեւրի պայմանագրով պետք է անցնեին Հունաստանինՙ հարավ-արեւմտյան Անատոլիայի իտալական օկուպացման դիմաց: Հետագայում Սեւրի պայմանագրի այդ դրույթները փոխանցվեցին 1923 թ. Լոզանի պայմանագրին: Թուրքիան ճանաչեց Դոդեկանես կղզիների բռնակցումը, որոնք 1947-ին անցան Հունաստանին: Այնպես որ, ըստ տրամաբանության, Էրդողանը պետք է խոսեր ոչ թե Սեւրի, այլ Լոզանի պայմանագրի մասին:
Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել Էգեյան ծովում Լոզանի պայմանագրով Հունաստանի հետ հաստատված սահմանների վերանայման օգտին: Այդ դեպքում, Անկարան ինչո՞ւ է կառչում Սեւրի պայամանգրին: Քուրդ հրապարակախոս Ռադվան Բադինիի կարծիքով, բանն այն է, որ Սեւրի պայմանագրի 62-64-րդ հոդվածներով նախատեսվում է քրդերի ազգային կազմավորում ստեղծել Եփրատ գետից արեւելք: Անկարան վստահ է, որ Արեւմուտքը ներկայումս փորձում է իրականացնել այդ նախագիծը: Ի դեպ, Անկարան հենց Սեւրի պայմանագրի համատեքստում է ընկալում ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունումը, քանի որ այդ պայմանագրով Թուրքիան պարտավորեցվում էր ճանաչել Հայաստանի նոր սահմանները:
Վերջին հաշվով կարող ենք ասել հետեւյալը: Անկարան եւ Տրիպոլին առայժմ չեն հրապարակել Արեւելյան Միջերկրածովքին վերաբերող համաձայնագիրը: Կողմերը այն համարում են պատմական: Ավելին, թուրքական Star հրատարակության կարծիքով, փաստաթուղթը խափանեց Թուրքիայի նկատմամբ Եվրոմիության նենգ ծրագրերը, եւ Անկարային հաջողվեց վահան ստեղծել Հունաստանի, Կիպրոսի հունական իշխանության եւ Եգիպտոսի միջեւ: Հրատարակության կարծիքով, այդ երեք երկրները անկարող են իրար հետ համաձայնագիր կնքել Արեւելյան Միջերկրածովքում բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին, եւ որոշված է թուրքական իրավադատության արեւմտյան սահմանը: Ինչ վերաբերում է Լիբիային, նա իրավադատության ավելի լայն գոտի ստացավ, քան կարող էր ստանալ Հունաստանի հետ համաձայնագրի կնքման դեպքում: Այլ կերպ ասած, Անկարան վստահ է, որ իրեն հաջողվել է կանխել տարածաշրջանում իրադարձությունների իր համար աննպաստ զարգացումները: Իսկ հետագայում Թուրքիան մտադիր է Լիբիան օգտագործել որպես Աֆրիկա մուտք գործելու դարպաս, նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը :
Հայտնի չէ, թե ինչով կավարտվի Լիբիայի ճգնաժամը: Երկրում կառավարություններից եւ խորհրդարաններից յուրաքանչյուրը հավակնում է լեգիտիմության: Ճգնաժամի պայմաններում Թուրքիան պաշտպանում է հակամարտ կողմերից մեկին: Իսկ ներկա պայմաններում դժվար է իրադարձությունների զարգացման միջնաժամկետ կամ երկարաժամկետ կանխատեսումներ անել: