Արեւիկ Քեշիշյան
Պարենի համաշխարհային մատակարարումները կարող են խաթարվել կորոնավիրուսի պատճառով, նախազգուշացրել են պարեն արտադրող խոշորագույն ընկերությունները «Մեծ յոթնյակի» եւ «Մեծ քսանյակի» երկրներին հասցեագրած նամակում։ Եթե կառավարությունները անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն, ապա աշխարհում մոտ ժամանակներս սովյալների թիվը կարող է կրկնապատկվելՙ հասնելով 1,6 միլիարդի։
Նամակի տեքստը հրապարակել է բրիտանական The Guardian թերթը։ Նամակի տակ ստորագրել են մասնավորապես Unilever, Nestle, PepsiCo ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Հիմնադրամը, ֆերմերային ընկերակցությունները, ինչպես նաեւ մի շարք գիտաարտադրական միավորումներ։
Ուղերձի հեղինակները երկրների կառավարություններին կոչ են անում շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կորոնավիրուսի հետեւանքով չառաջանա համաշխարհային պարենային եւ հումանիտար ճգնաժամ։ Նրանք խնդրում են ապահովել գյուղմթերքների առեւտրի ազատությունը եւ չփակել նավահանգիստներն ու սահմանները այդ արտադրանքի առջեւ։ Պարեն արտահանող խոշոր երկրները իրենց հերթին պետք է ապահովեն լիարժեք մատակարարումները համաշխարհային շուկայում։
Փաստաթղթում նաեւ կոչ է արվում ներդրումներ կատարել պարենի տեղային արտադրության եւ նոր տեխնոլոգիաների մեջ, ֆերմերների ու սննդարդյունաբերության մյուս աշխատողների ուսուցման մեջ։ Դիմումի մեջ հարուստ երկրներին կոչ է արվում տվյալ հարցերում օգնել աղքատ երկրներին։