Արեւիկ Քեշիշյան
Սննդամթերքների, դռան բռնակների, փողերի վրա․ կորոնավիրուս կարելի է հայտնաբերել ամենուրեք։ Վարակից առավել հուսալիորեն պաշտպանում է երեք բան․ պահպանել հեռավորություն, լվանալ ձեռքերը եւ չդիպչել երեսին։ Բայց նպատակահարմա՞ր է արդյոք պահպանել ապահովության նաեւ այլ միջոցներ, հարց է տալիս գերմանական Die Zeit թերթը։
Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները նոր Sars-CoV-2 վիրուսի առանձնահատկությունները համեմատել են 2003 թվականին Ասիայում համաճարակ առաջացրած Sars-CoV-1-ի հետ։ Փորձարարության շրջանակներում նրանք վիրուսի հեղուկ լուծույթը քսել են պլաստիկի, ստվարաթղթի եւ մետաղի վրա եւ դիտարկել են, թե որքան ժամանակ այն կպահպանի իր վտանգավորությունը։ Չժանգոտող պողպատի եւ պլաստիկի վրա լաբորատոր պայմաններում դա պահպանվել է երեք օր։ Տվյալ փաստը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ պլաստիկը եւ մետաղը հաճախ օգտագործվում են հիվանդանոցներում։ Սակայն առօրյա կյանքում տվյալ գիտափորձի նշանակությունը սահմանափակ է։ Բացի դրանից, քիչ հայտնի է, թե որքան պետք է լինի վիրուսի վարակիչ չափաբաժինը։
Օրեր առաջ չին գիտնականները Lancet գիտական հանդեսում հրապարակել են մի փոքրիկ հետազոտություն։ Նրանք նույնպես ուսումնասիրել են լաբորատոր պայմաններում Sars-CoV-2 վիրուսի կայունությունը պողպատի եւ պլաստիկի վրա, ինչպես նաեւ թղթադրամների եւ վիրաբուժական դիմակների վրա։ Նրանք նաեւ ուսումնասիրել են, թե լաբորատոր եւ սովորական կյանքից հեռու պայմաններում վիրուսը ինչպիսի ջերմաստիճանում է ավելի լավ պահպանում իր վտանգավորությունը։ Բջջային կուլտուրայի միջավայրում եւ 4 աստիճան ջերմության պայմաններում կորոնավիրուսից մնացած մասնիկները հայտնաբերվել են 14 օր անց։ 56 աստիճանի պայմաններում վիրուսը անհետացել է կես ժամվա ընթացքում, 70 աստիճանումՙ 5 րոպեում։
Առավել հետաքրքրական հետեւությունն այն է, որ վիրաբուժական դիմակների արտաքին ու ներքին մակերեսների վրա վիրուսներն ավելի երկար են պահպանվել, քան ապակու եւ թղթադրամների վրա, ասում է Բերնհարդ Նոխտի անվան բժշկական ինստիտուտի վիրուսաբաններից մեկը։ Բայց այս հետազոտությունը եւս բավարար համոզիչ հետեւությունների հիմք չի ծառայում մեզ շրջապատող առարկաների վերաբերյալ։ Առավել հիմնավոր տեղեկություններ ստանալու համար հարկ կլիներ շարունակ վիրուսակիրներին հետեւել իրենց կացարաններում, անալիզներ կատարել եւ միաժամանակ պարզել, թե որքան վարակիչ վիրուսներ կան նրանց վերին շնչառական ուղիներում, նշում է վիրուսաբանը։ Ինքըՙ փորձագետը, մրգերն ու բանջարեղենը մշտապես լվանում է մի փոքր աման լվալու հեղուկով։
Տրանսպորտում եւ սուպերմարկետում դիմակ կրող անձինք պարտավոր են դիմակ դնելուց առաջ եւ հետո ախտահանել ձեռքերը։ Գործվածքային դիմակները հարկավոր է լավ չորացնել օդում։ Հենց որ դրանց վրա խոնավություն է հայտնվում, դրանք դառնում են անօգուտ։ Այդ դիմակները կարելի է արդուկել։
Քաղաքական գործիչները պետք է որոշ քայլեր ձեռնարկեն խանութի կամ աշխատավայրի ճանապարհին մարդկանց ավելի լավ պաշտպանելու համար։ «Իմ կարծիքով, ամեն անկյունում, յուրաքանչյուր գնացքում, խանութում, ամեն մի լուսակրի մոտ ճիշտ կլիներ տեղաբաշխել ախտահանիչներ», ասում է Ֆրայբուրգի բժշկական վիճակագիր Գերդ Անտեսը։