Լիբանանի ֆինանսական ու քաղաքական սնանկացումը սկսվել էր օգոստոսի 4-ի ավերիչ պայթյունից շատ առաջ: Սակայն դրա սաղմերը դրվել էին որպես անկախ հանրապետություն 1943 թ. նոյեմբերի 22-ին իր հիմնադրման օրից, երբ ֆրանսիացիների տնօրինությամբ երկրի կառավարման հիմքում դրվեց համայնքային-դավանանքային սկզբունքը, որը թեեւ հարմար էր երկրի գլխավոր համայնքների, այդ թվում հայ համայնքի համար, սակայն արգելակեց երկրում պետականության միասնական գաղափարի գերակայության արմատավորումը: Լիբանանցի մարոնիթը առ ասօր նա՛խ մարոնիթ է եւ ապա լիբանանցի, սուննինՙ նախ սուննի, շիիթըՙ նախ շիիթ, հայըՙ նախ հայ, եւ հաջորդաբար մյուս համայնքները:
Անշուշտ եղել են ժամանակներ, երբ այդ համայնքները գոյակցել են հրաշալիորենՙ գրգռելով առաջին հերթին հարեւան Իսրայելի նախանձը, բայց նաեւ Սիրիայի, Իրաքի, փողատեր արաբական երկրների, իսկ վերջին երկու տասնամյակներինՙ Իրանի շահագրգռությունները: Միջհամայնքային եւ նույնիսկ ներհամայնքային մրցակցությունը գրգռել են նաեւ համաշխարհային խաղացողներըՙ Մ. Նահանգները, Եվրոպան եւ Սովետական Միությունը Սառը պատերազմի տարիներին եւ այնուհետեւ:
Օտար մայրաքաղաքներից հրահրվող միջհամայնքային հակամարտությունները զինված ընդհարման են հանգել երկու անգամՙ 1958-ին եւ, առավել կործանարար, 1975-1990 քաղաքացիական պատերազմների ժամանակ: Վերջինը ավարտվել է Թաեֆի (Սաուդյան Արաբիա) համաձայնությամբՙ ընդմեջ հակամարտ գլխավոր կողմերի (առանց հայկական կողմի, որը սկզբից որդեգրել էր ամենաօրինակելի կեցվածքըՙ կառուցողական չեզոքությունը ներլիբանանյան կռիվներում): Հոգնած էին կռվազանները, տանջահար էր եղել ողջ ժողովուրդը, քանդուքարափՙ տնտեսությունը: Սաուդցիների համար ճիշտ ժամանակն էր իրենց խաղաղասիրական նախաձեռնությունը քաղաքական դրամագլխի վերածելուՙ հանձին լիբանանցի-սաուդցի մեծահարուստ Ռաֆիկ Հարիրիի, որի վարչապետության շրջանը բնորոշվեց վերաշինության լայնածավալ աշխատանքներով ու բարօր կյանքի վերադարձով, մինչեւ նրա սպանությունը մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում:
Թաեֆի համաժողովը սակայն չկարողացավ լուծել մի քանի կարեւոր հարցՙ 1948 թվականից Լիբանանի տարբեր մասեր ապաստանած շուրջ 1 միլիոն պաղեստինցի փախստականների խնդիրը, Իսրայելի շարունակական ոտնձգությունների զսպումը, Դամասկոսի ուղղակի եւ անուղղակի հակաքայլերը, ինչպես նաեւ լիբանանյան կռիվներին մասնակից եւ հանցագործ ռազմաբարոնների (եթե կարելի է այսպես թարգմանել անգլերեն War Lords արտահայտությունը) չեզոքացման խնդիրը:
Վերջինները, փոխանակ պատերազմի ոճրագործ ճանաչվելու, կառավարության պետի պաշտոնում եղերաբախտ հորը հաջորդած Սաադ Հարիրիի ժամանակաշրջանում ուղղակի կողոպտեցին երկիրը, որի գլխավոր բանկերը այդ ժամանակ ուղղակի պայթում էին «Արաբական գարնան» դողէրոցքի մեջ հայտնված երկրների տերերի ապօրինի փախցրած գումարների առատությունից: Միաժամանակՙ սիրիական պատերազմից փախուստ տվող շուրջ մեկ միլիոն սիրիացիների հավելման եւ Իրան-Իսրայել հակամարտության սրման պայմաններում, Լիբանան երկրում հզորացած շիա համայնքի իրանամետ «Հըզբոլլա» կիսառազմականացած կառույցը դարձավ «կառավարությունՙ կառավարության մեջ», որի պատճառով, շուրջ երեք տարի առաջ, նույն սաուդցիները առեւանգեցին վարչապետ Սաադ Հարիրիին եւ ստիպեցին նրան հրաժարական տալՙ միաժամանակ կտրուկ դադարեցնելով իրենց ներդրումները երկրում:
Սկսվեց բանկերը դատարկելու, գումարները Շվեյցարիա եւ օֆշորային կենտրոններ ուղարկելու մի խուճապ, որը պատճառ դարձավ ազգային դրամանիշի թավալգլոր անկման, համատարած գործազրկության, տնտեսության քայքայման, որի ֆոնին, նաեւ թագավարակի պայմաններում, պատահեց աղետալի պայթյունը, որի գլխավոր պատճառը, անկախ փորձագիտականՙ դեռեւս ընթացող հետաքննության արդյունքից, իշխանությունների հանցավոր անփութությունն է: Տապալվեց նաեւ հերթականՙ տեխնոկրատներից կազմված կառավարությունը համաժողովրդական կատաղի ցույցերի ճնշման տակ: Եվ այժմ, մինչ երկիրը IMF-ին ունի շուրջ 20 մլրդ դոլարի պարտք, դեռ 10 օր առաջ երկրից դուրս բերվեց եւս 4 մլրդ դոլարի չափ գումար, վախենալով, որ միջազգային որեւէ մարմին կարող է բռնագրավում հայտարարել այդ գումարների վրա: Հատկանշական է, որ աղետից հետո երկիր այցելած նախագահ Մակրոնին փողոցում երախտագիտական համբույրներ տվող քաղաքացիները խնդրում էին որեւէ գումար չտալ իրենց իշխանություններին:
Այժմ երկրի վերականգնման որեւէ հույս չկա, մանավանդ այն պայմաններում, ուր ամբողջովին կործանված է Միջերկրականի մեծագույն նավահանգիստներից մեկը, որը երկրի թոքերն է հանդիսանում: Հուսահատությունը կատարյալ է կենսասեր ու գործունյա այդ ժողովրդի մոտ:
Փյունիկյան վերածննդի հրաշքը կկրկնվի՞ արդյոք: Կասկածելի է: Քանզի ողջ տարածաշրջանին է սպառնում բեկորացումըՙ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի տակ, եւ նորանոր «պայթյուններ» են ակնկալվում:
Լիբանան. պետությունՙ որը չի կարողանում պաշտպանել իր սահմանները, չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անդորրը, չի կարողանում կերակրել իր ժողովրդին, որը չի կարողանում աշխատանքով ապահովել մարդկանց, որը մխրճված է կոռուպցիայի, անհաշվետվողականության ու պարտքերի մեջ, որը մասնատված է քաղաքականապես եւ բաժանված օտարերկրյա ազդեցության գոտիների, դատապարտված է կործանման, այս պարագայումՙ ինքնակործանման: