Մինչ Հայաստանը մտահոգված է Կովկասում Ադրբեջանի միջոցով ընթացող թուրքական ծավալապաշտական նկրտումների, իսկ եվրոպական երկրները տագնապածՙ հունական եւ կիպրական ջրային տարածքներում Թուրքիայի արկածախնդրությունների պատճառով, Անկարան իր շոշափուկներն է երկարում դեպի Լիբանան, որտեղ շուրջ մեկ հարյուրամյակ արդեն գոյություն է ունեցել հայկական բարգավաճ մի համայնք:
Հայերն այդ երկրում ապահով ապաստան էին գտել Ցեղասպանությունից հետո եւ դպրոցների, եկեղեցիների, մշակութային կենտրոնների, թերթերի եւ մարզական ակումբների լայնածավալ, բայց կազմակերպված ցանցի միջոցով կազմավորել էին ինքնաբավ մի համայնք, որն ուներ նաեւ իր քաղաքական կշիռը եւ ներկայությունը երկրի պետական ղեկավարման կառույցներում: Ավելին, լիբանանահայությունը կարողացել էր կրթական եւ մշակութային իր ներուժը նաեւ արտահանել արեւմտյան երկրների այլ հայկական համայնքներ:
Այժմ, այդ ամենը փշրված է, ընդհատված, որպես հետեւանք նախ այդ երբեմնի բարգավաճ երկրի ինքնակործանման, եւ երկրորդՙ Թուրքիայի չարագուշակ ներկայության:
Ցույց տալու համար, թե ինչքան է փոխվել քաղաքական կյանքը Լիբանանում, բավական է հիշել, որ նախկինում, երբ հայերն այնտեղ ապրիլի 24-ին ամեն տարի նշում էին Ցեղասպանության տարելիցը, ամբողջ երկիրն էր միանում նրանցՙ փակելով բոլոր խանութներն ու կառավարական գրասենյակները: Հիմա, երբ հայազգի հեռուստահաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը ամռան սկզբին քննադատեց տարածաշրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անօրեն քաղաքականությունը, նա հայտնվեց դատարանում: Ավելին, հաղորդումից անմիջապես հետո իր հեռուստակայանը շրջապատվեց վրդովված ամբոխի կողմից, որ թուրքական դրոշներ ծածանելով սկսեց սպառնալ հայերին: Նրանք իրենց «Մարդինլի» էին անվանում եւ երդվում հավատարիմ մնալ Թուրքիային: Թուրքական կառավարությունը վրդովմունք արտահայտեց նաեւ այն ժամանակ, երբ Լիբանանի նախագահ Միշել Աունը բարձրաձայնեց, որ օսմանյան կառավարիչները 1915-ին արհեստական սով էին առաջացրել Լիբանանումՙ սպանելու համար նրա քաղաքացիներին:
Երկար ժամանակ է, ինչ Թուրքիան Լիբանան է ներթափանցում առեւտրի, հեռուստատեսային ծրագրերի եւ այսպես կոչված բարեգործական աշխատանքների միջոցով:
Լիբանանը միշտ էլ բաց հարթակ է եղել ինչպես միջին-արեւելյան բոլոր մրցակից արաբական երկրների, այնպես էլ քաղաքական հակամարտությունների, եւ 1982-ից ի վեր նաեւ Իսրայելի համար, երբ վերջինս զավթեց Հարավային Լիբանանը: Գլխավոր հակամարտություններից մեկը սուննի մահմեդականների եւ շիաների միջեւ է, մի տարաձայնություն, որը բորբոքվում է մասնավորապես Արեւմուտքի կողմից, շեղելու համար արաբների բարկությունը Իսրայելից դեպի Իրան: Արեւմտյան լրատվամիջոցները արդեն բավական ժամանակ է, ինչ փորձում են համոզել արաբներին, որ իրական թշնամին Իրանն է, ոչ թե Իսրայելը, չնայած վերջինս է, որ զավթել է Արեւմտյան ափն ու Գազան, Գոլանի բարձրավանդակն ու Լիբանանի օդային տարածքը:
Հեգնական թվացող շրջադարձ էր, երբ Իսրայելի գաղտնի գործակալությանՙ Մոսադի տնօրեն Յոսի Քոհենը , ըստ լոնդոնյան «Թայմս» պարբերականի, տեղեկացրեց Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ էմիրությունների հետախույզներին, որ «Իրանի հզորությունը դյուրաբեկ է, իսկ իսկական սպառնալիքը Թուրքիան է»:
Մինչ օրս Թուրքիան օգտվել է սուննիների եւ շիաների միջեւ առաջացած կրոնական հակասություններից միշտ, իհարկե, ձգտելով գերակայությունը տալ առաջիններինՙ սուննիներին եւ ստանձնել տարածաշրջանի ղեկավարությունը, մի հանգամանք, որն իր հերթին զայրույթն է առաջացրել Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի, որոնք իրե՛նք են ցանկանում այդ դափնիին տիրանալ: Իրանն, իհարկե, Հզբոլլահի միջոցով վերահսկում է շիաներին:
Բեյրութի նավահանգստի օգոստոս 4-ի պայթյունից ի վեր բազմաբնույթ օգնություն տեղափոխող ինքնաթիռներ Լիբանան են ժամանում աշխարհի տարբեր վայրերիցՙ Եգիպտոսից, Մարոկկոյից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Հայաստանից եւ 30 այլ երկրներից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջին պետական գործիչն էր, որ ժամանեց եւ ավերված շրջաններում շրջագայելով հանդիպեց ժողովրդի հետ: Տեսարանը ամենայն հավանականությամբ վրդովեցրեց Էրդողանին, որ նույն օրն իսկ փոխնախագահ Ֆուատ Օքթային եւ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ուղարկեց դեպքի վայր: Նրանք խոստացան վերակառուցել նավահանգիստը եւ քաղաքացիություն շնորհել բոլոր նրանց, ում նախնիները թուրք կամ թյուրքմեն են:
Տեղ հասնող ամեն մի օգնություն չէ, սակայն, որ անհատույց է տրվում: Դրանցից ոմանք, հատկապես վերակառուցման ծրագրերին մասնակից պետությունների կողմից ուղարկվածները, որոշակի պարտավորությունների դիմաց են տրվում, իսկ վերակառուցման համար նախատեսվում է մոտ 100 միլիարդ:
Սաուդյան Արաբիան, որ Լիբանանի ֆինանսական օժանդակություն տրամադրելը դադարեցրել էր նախկին վարչապետ Սաադ Հարիրիի հետ որոշ անհամաձայնություններից հետո, որոշել է առատաձեռնորեն միանալ վերակառուցման աշխատանքներին, որպեսզի արգելակի Թուրքիայի ներկայությունը Լիբանանում:
Թուրքիայի կառավարության կրոնական թեւը հանդիսացող «Դիյանեթը» ծրարների մեջ կանխիկ փող է բաժանել սուննի համայնքի անդամներին: Ակնհայտ է, որ կողմերը փորձում են շահագործել Լիբանանի ժողովուրդի դժբախտությունը: Թուրքիան առաջին հերթինՙ գործի դնելով ներթափանցելու իր վաղեմի միջոցները, որոնք արդյունավետ ձեւով օգտագործել էր Իրաքում եւ Սիրիայում, զինում է իր վարձկաններին եւ ոճրագործներին, որոնք ավերեցին Սիրիան եւ հիմա ավերում են Լիբիան: Թուրքիան ամուր քաղաքական հենակետեր է ստեղծել հյուսիսային Լիբանանի Տրիպոլի եւ Աքքար քաղաքներում: Վերջերս արված լուսանկարները ցույց են տալիս, որ Թուրքիայի «բարեգործական» միջոցառումները դեպի ներքեւ սողոսկելով հասել են Ջունիե, որտեղ թուրքական բեռնատար նավերն են խարիսխ գցել «օգնելու» համար տեղի անտեսված էլեկտրականության համակարգին: Ջունիեն հիմնականում քրիստոնյաներով բնակեցված վայր է Անթիլիասի հայոց կաթողիկոսարանի հյուսիսում: «Օգնությունը» ներառում էր նաեւ զենքի բաժանում, որի առթիվ թուրքական ծանոթ ձեռագրին անդրադառնալով անգլերենով հեռարձակվող «Էլ-Արաբիյե» լրատվամիջոցը հաղորդել է. «Մենք խիստ մտահոգված ենք այն ամենով, ինչ կատարվում է: Թուրքերը անհավատալի քանակությամբ զենք են տեղափոխում հյուսիս»: Հաղորդման ընթացքում մեջբերվել են լիբանանյան բանակի հետախուզական աղբյուրների տվյալները:
Հենց այս նույն ձեւով Թուրքիան պատերազմ հրահրեց Սիրիայում, ներթափանցելով այդ երկիրը եւ իր վարձկաններին զենք մատակարարելով: Դա աչք ծակող արտաքին ներխուժում էր, որ արեւմտյան մամուլը, Թուրքիայի հետ լուռ պայմանավորվածությամբ, որակեց «քաղաքացիական պատերազմ»:
Ըստ երեւույթին միեւնույն սցենարն է գործի դրվում Լիբանանում, որտեղ այնքան էլ դժվար չէ քաղաքացիական պատերազմ հրահրելը: Դա տեղի է ունեցել արդեն մի քանի անգամՙ 1958-ին եւ հետո նաեւ 1970-ականներին, որը տեւել է 15 տարի եւ ավարտվել Սաուդյան Արաբիայում 1989-ին ստորագրված «Թա՛եֆի համաձայնությամբ»: Լիբանանի ներսում թե դրսում գտնվող որեւէ խմբավորում կարող է մի եկեղեցի կամ մի մզկիթ պայթեցնել իր հետախուզական ծառայությունների միջոցով եւ մեղադրել հակառակորդ խմբակցությանը կամ համայնքին: Իսկ հաջորդ քայլն արդեն միմյանց կոկորդ կրծելն է: Բանակն իր հերթին բաժանվում է կրոնական պատկանելիության հիման վրա եւ, խնդրեմ, փոթորիկը սանձազերծված է:
«Ջերուսալեմ փոստ» պարբերականում անցյալ շաբաթ հրատարակված մեկնաբանությունը նշում էր. «Մի մարդ, որ ժառանգել էր ամերիկյան եւ եվրոպական աջակցությամբ կառուցված մի խոստումնալից տնտեսություն, այժմ իր երկիրը դեպի սնանկացում է առաջնորդում: «Օսմանյան ժառանգությունը» վերականգնելու իր մոլուցքի մեջ արյուն եւ ավերածություն է պատճառում ոչ միայն իր սեփական ժողովրդին, այլեւ արաբական երկրների հարյուրավոր անմեղ քաղաքացիներին: Էրդողանը, որ խոստացել էր իր երկրում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, մեջքով շրջվել է Թուրքիայի ժողովրդավարական հաստատություններից եւ դրանց զետեղել «Մահմեդական եղբայրների» նման կազմակերպությունների ամուր սեղմակի մեջ»:
Օսմանյան ժառանգության հետապնդումը Հայաստանին եւ հայերին սպառնացել է բոլոր ճակատներումՙ երեկ հարեւան Ղարաբաղում, իսկ այսօրՙ Լիբանանում:
Արաբական աշխարհում, հանրային կարծիքի համաձայն, Էրդողանի նպատակն է տարածել իր իշխանության ազդեցությունը ոչ միայն Լիբանանում, այլեւ դրանից այն կողմ: Այդ ընթացքում, անշուշտ, հայկական համայնքն է կրելու անուղղակի հարվածի առաջին վնասները:
Սիրիական պատերազմի ժամանակ Էրդողանի թիրախը Բաշար էլ-Ասադի իշխանությունն էր, բայց իր կողմից լիազորված վարձկանները մեծ ջանք գործադրեցին ռմբակոծելու Հալեպում գտնվող հայկական թաղամասերը, ամբողջովին ավերելու Դեր Զորն ու Քեսաբ քաղաքը:
Եթե Էրդողանը օսմանյան երազանքի մոլուցքով է տարված, ապա նրա մտքում պետք է որ դրոշմված լինեն օսմանյան ղեկավարների նպատակները: Երբ, օրինակ, ժամանակին ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաուն հարցրել էր Թալեաթ փաշային , թե ինչու անմեղ հայ երեխաներին էլ են կոտորում, վերջինս պատասխանել էր ցինիկաբար, «որովհետեւ նրանք կարող են մեծանալ եւ իրենց հայրերի վրեժը լուծել»:
Այդ ուղերձը շարունակում է իր մտքում զրնգալ Սեւրի համախտանիշի տեսքով: Որեւէ հայ, որ իր սահմանումով «սրի ավելցուկ» էՙ հիշեցնելու է նրան այդ վրեժի մասին, որից Թալեաթը վախենում էր:
Լիբանանում Էրդողանը հույսը դրել է քաղաքական զարգացումների երկու սցենարների վրա: եթե Լիբանանը դուրս գա ճգնաժամից եւ շարունակի ղեկավարվել 18 դավանանքային խմբավորումների կողմից, ապա ինքը կարող է այդ իշխանությանը մաս կազմել իր օսմանամետ համախոհների միջոցով: Իսկ եթե Լիբանանը խրվի քաղաքացիական պատերազմի մեջ եւ արդյունքում մասնատվի, մի հանգամանք, որ որոշ հարեւաններ կանխատեսում են, ապա ինքն իր ծրագրերը կիրականացնի հյուսիսում իր մարտունակ վարձկանների միջոցով:
Լիբանանում ծայր առած վերջին քաղաքացիական պատերազմի ժամանակ հայերը խելամտորեն չեզոք դիրք էին բռնել, չմիանալով կողմերից ոչ մեկին: Այս անգամ էլ նրանք այլընտրանք չունեն եւ պարտավոր են շարունակել իրենց այդ քաղաքականությունը:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
Խմբ. կողմից.- Տեղեկացնենք, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը օրերս հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել երկրի համակարգը, որը նշանակում է ազատվել համայնքային դրությունից եւ անցնել համաժողովրդական կառավարման մոդելի, որի պարագայում երկրի քաղաքացիների մեծամասնությունը կազմող շիաները հստակ հաղթանակած դուրս կգան հետագա ընտրություններում: Ուստի, նախագահի առաջարկը այժմվանից կարելի է գնահատել անիրագործելիՙ մնացած համայնքների ընդդիմության պայմաններում: