Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Վայ Մոնթե, Մոնթե. ինչպես է անցել պատմության ուսուցչի դատը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով դատական նիստը։

Գործը գտնվում է ապացույցների հետազոտման՝ վկաների հարցաքննության փուլում։

Այսօր դատարան էր եկել Նիկոլ Փաշինյանի «մոլի» աջակից Մոնթե Մախսուդյանը: Նա այն երիտասարդն է, որը 2021թ.-ի մայիսի 9-ի գիշերը ձու էր նետել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաստառի վրա ու այդ մասին պատմող տեսանյութ տարածել համացանցում:

Մոնթեի մայրը՝ Ալինան, կիսվել էր որդու տարածած տեսանյութով ու կից գրել էր. «Վայ Մոնթե Մոնթե` սա էն պահն ա որ ասում ա կամ պետք ա խբեմ կամ պետք ա քրֆեմ, կամ էլ ձվով հարվածեմ, առավոտ Ռոբը ձվաձեղ կուտի…» (գրառումը միտումնավոր խմբագրված չէ (խմբ.)։

Արարատի մշակույթի տան աշխատակից Մախսուդյանը դատարանում է վկայի կարգավիճակով: Նա ևս տարածել է պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի մասնակցությամբ ձայնագրությունը: «Չեմ հիշում, թե որտեղից եմ ձեռք բերել ձայնագրությունը, գուցե համացանցից ու տարածել եմ»,- դատարանում ասաց վկա Մոնթեն:

Ակնհայտ է, որ ձայնագությունը համացանցում է հայտնվել իշխանամերձ շրջանակներից. համոզված է  պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա վկային հարց ուղղեց, թե նա ի՞նչ կապերի մեջ է ներկայիս քաղաքական իշխող ուժի հետ:

«Ես բոլոր ոլորտների մարդկանց մեջ ունեմ ընկերներ, նույնիսկ հարազատներ»,- պատասխանեց Մոնթեն՝ փաստացի անպատսխան թողնելով Մելիքյանի հարցը:

Վկա Մախսուդյանը ոչ միայն մանկավարժի ձայնագրությունն է տարածել, այլև կոչով դիմել է ուսանողներին և աշակերտներին: Նրա ուղիղ խոսքը դատարանում մեջբերեց Ռուբեն Մելիքյանը. «Սիրելի ուսանողներ, սիրելի աշակերտներ, եթե ձեր դասախոսները ձեզ կսկսեն քարոզել ինչ-որ նմանատիպ բաներ, ինչ- որ քաղաքականությունից կսկսեն խոսել ձեր հետ, ձայնագրեք ուղարկեք ինձ: Ես նշում եմ իմ «Ֆեյսբուքն» էլ, իմ «Իստագրամն» էլ, իմ էջերը նշում եմ: Ուղարկեք անպայման, որ սրանք բոլորն էլ պետք է պատասխան տան իրենց արածների, նաև չարածի համար»:

Իսկ ի՞նչ է նկատի ունեցել Մենթեն, երբ ասել է, որ պատասխան պետք է տան նաև չարածների համար՝ հարցրեց պաշտպանը:

«Հիմա պիտի գլուխ գովամ, բայց ևս մեկ անգամ հպարտանամ, որ փորձել եմ օգնել էդ ժամանակ ուսանողներին կամ աշակերտներին, որը որ շարունակելու եմ անել: Հիմա որ ստեղից դուրս գամ, շարունակելու եմ նույն բանը, ինչը որ արել եմ: Բացարձակ ոչ մի բան չի փոխվել իմ մոտ: Իսկ ինչ վերաբերվում է էդ գրածին, չի կարելի փոքր երեխաներին, փոքր վախտվանից քարոզել, որ քո պետության ղեկավարի դեմ դուրս արի: Պետք չի երեխաներին ագրեսիվացնել պետության դեմ՝ ագրեսիվացնում ենք դատարանի դեմ, ոստիկանության դեմ:  Ագրեսիվացնում ենք բոլոր էն մարդկանց դեմ, ովքեր կապ ունեն պետության հետ, երկրի հետ, պաշտպանում են պետության շահերը»:

Վկան նաև հայտնել էր, որ կարող է լուծել այդ խնդիրը: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդով կարող եք լուծել այդ խնդիրը: Արդյո՞ք իշխող քաղաքական ուժի հետ ձեր ունեցած կապերի միջոցով, որը ո դուք չհերքեցիք՝ հարցրեց Մելիքյանը:

«Ոչ, ես կապ չունեմ քաղաքական բարձր գործիչների հետ: Ինձ ոչ մեկ չի ասել «գազ» տուր, ըտենց բան չի եղել»,- ասաց Մոնթեն:

Վկա Մախսուդյանը որոշել էր 50 հոգանոց ոստիկաններով այցելել նրանց, ովքեր որևէ ձայնագրությունից հետո կփորձեին «հաշիվներ» պարզել ուսանողների կամ աշակերտների հետ:

«Ու երբ հանկարծ, Աստված չանի, ձեզ էս ձայնագրությունների վրով, ուսանողներ, աշակերտներ ջան, կփորձեն ինչ -որ բան ասել, ձայնագրեք, բերեք ինձ ու ես անպայման մի 50 հոգանոց բանակով կգամ ձեզ մոտ, ու կտեսնենք էդ ովքեր են, էդ ինչ են ուզում ձեզանից»,- նրա խոսքերը մեջբերեց Ռուբեն Մելիքյանը:

Վկայի հարցաքննությամբ նիստն ավարտվեց ու հաջորդը նշանակվեց սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226,2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Ըստ նախաքննական մարմնի՝ պատմության ուսուցիչը համաձայն չի եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, աշակերտների ներկայությամբ, իբր, հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Նախաքննության ընթացքում Գրիգորյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարվածի համար։