ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Մեր թերթում հետեւողականորեն անդրադարձել ենք թուրքական ապրանքների մեծածավալ ներմուծմանը Հայաստան եւ ընդգծել դրա վտանգավոր հետեւանքները: Միանշանակ է, որ թուրքական ապրանքներով Հայաստանի շուկայի հեղեղված լինելը, առանց չափազանցության, ազգային անվտանգության խնդիր է: Ներմուծելով եւ գնելով թուրքական արտադրության ապրանքները, առաջին հերթին խրախուսում ենք թշնամի երկրի արդյունաբերությունը, փաստացի ներդումներ կատարում դրա մեջ, ստեղծում աշխատատեղեր եւ մեր կողմից համալրում Թուրքիայի պետական բյուջեն: Բացի դրանից, վտանգի ենք ենթարկում մեր կյանքն ու առողջությունը, քանի որ բացառված չեն թունավորումներն ու այլ թշնամական գործողությունները այդ ապրանքների միջոցով: Եվ վերջապես, դժվարություններ ստեղծում այն ապրանքների արտադրության ստեղծման եւ զարգացման համար, որոնց տեղում արտադրելու հնարավորություններն առկա են: Ցավալի է, բայց թուրքական ներմուծումն արգելելու որոշումն ընդունվեց միայն այն բանից հետո, երբ սպառնացող վտանգը սկսեց գործելՙ սանձազերծվեց ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմ Արցախի եւ ամբողջ հայ ժողովրդի դեմ:Այսպիսով, կառավարությունը որոշեց 2021 թ.-ի հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Թվարկենք Հայաստան ներմուծվող թուրքական հիմնական ապրանքախմբերըՙ հագուստՙ 69,4 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներՙ 35,3 մլն դոլար, նավթ եւ նավթամթերքՙ 24,3 մլն դոլար, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքՙ մաքրող-լվացող միջոցներ, կոսմետիկա եւ այլնՙ 23,6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրերՙ 21,6 մլն դոլար, ցիտրուսային մրգեր 10,3 մլն դոլար, շինանյութ: 2019 թ.-ին ընդհանուր առմամբ ներմուծվել է մոտ 268 մլն դոլարի ապրանք: Հաշվի առնելով, որ արգելվելու է ներմուծել ապրանքների բազմազան տեսականի, մի քանի հարցեր եւ մտահոգություններ են առաջանում:Առաջինըՙ հնարավո՞ր է տեղական արտադրության կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքներով փոխարինվեն թուրքական ապրանքները: Անշուշտ: Եթե ոչ բոլոր թուրքական ապրանքների դեպքում ունենք տեղական արտադրության փոխարինող ապրանքներ, ապա այլ երկներից ներմուծվածը հիմա էլ ունենք: 2015 թ.-ին Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նոր հնարավորություններ է ընձեռում նմանատիպ ապրանքներ ներմուծել այդ միության անդամ երկրներից: Այսինքն, Թուրքիայից ներմուծվող ոչ մի ապրանք բացառիկ եւ անփոխարինելի չէ, ընդ որումՙ ոչ գնային, ոչ որակական առումով : Գոյություն ունեցող թյուր տեսակետը, թե թուրքական ապրանքը էժան է, չի համապատասանում իրականությանը: Ավելին, թուրքական ապրանքներից շատերի գներն այնքան բարձր են, որ հասնում են զարգացած երկրներից ներմուծված համանման ապրանքների գներին:Միաժամանակ, հարկ է պետության կողմից աշխատանքներ տանել մատչելի եւ որակական հատկանիշներով թուրքական ապրանքներին առնվազն չզիջող ապրանքներ արտադրող երկրներից ներմուծման հնարավորություններ ստեղծելու համար: Խոսքը հատկապես բրենդային ապրանքների պատենտավորմամբ հայտնի երկրների մասին էՙ Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Բանգլադեշ, Բիրմա, Հնդկաստան, Նեպալ եւ այլն: Ի դեպ, այդ երկրներից, օրինակՙ Վիետնամը ԵԱՏՄ-ի հետ բարենապաստ առեւտրային ռեժիմի մասին պայմանագիր ունի:Հաջորդ հարցը, որ ծագում է, այն է թե հնարավո՞ր է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը սոցիալական հավելյալ խնդիրներ ստեղծի մեր երկրում: Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ հենց սոցիալական գործոնը հաշվի առնելով Հայաստանի իշխանությունները ոչ միայն չէին արգելում թուրքական ապրանքների ներմուծումը, այլ անգամ չէին դնում սահմանափակումներ տեղական շուկան պաշտպանելու համար: Այն դեպքում, երբ Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանումն այդ երկիրը փաստացի արգելել էրՙ 1000 տոկոս մաքսատուրք կիրառելով մեր ապրանքների նկատմամբ: Բացատրությունն այն է, որ մի քանի հազար մարդ զբաղված էին այդ ոլորտումՙ գործարարներ եւ աշխատակիցներ եւ «ընտանիք են պահում»: Նրանց համար այս արգելքը, այդուհանդերձ, լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել, քանի որ առնվազն երկու ամիս ժամանակ է տրված վերակողմնորոշվելու եւ այլ երկներից ապրանքներ ներմուծելու կամ գուցե տեղական արտադրություններ ստեղծելու համար: Միաժամանակ, հարկ է նշել, որ արդեն իսկ Հայաստան ներմուծված թուրքական ապրանքները պետք է սպառվեն, այլապես դրանք ներմուծողները ֆինանսական լուրջ կորուստներ կունենան:Շատերի մոտ մեկ այլ հարց էլ է ծագում, արդյո՞ք մենք այն ծավալի ապրանքներ ենք ներմուծում Թուրքիայից, որ դրանցից հրաժարվելը լուրջ վնասներ կառաջացնի այդ երկրի տնտեսության համար: Այս հարցին միանշանակ պատասխանել չի կարելի: Տոկոսային առումով թուրքական արտահանման 0,15 տոկոսն է Հայաստան գալիս: Գումարային առումով 250-300 մլն դոլարը անգամ Թուրքիայի տնտեսության ծավալներ ունեցող երկրի համար փոքր գումար չէ: Սակայն, այս հարցի պատասխանը փնտրելուց առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, որ առնվազն մենք չենք մասնակցի մեր դեմ մղվող պատերազմին եւ չենք նպաստի թշնամի երկրի տնտեսության զարգացմանը: Ցավոք, այդ գիտակցությունը բավականին ուշացումով հասավ մեզ: |