Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Խորհրդարանում երեկ՝ հուլիսի 14-ին, տեղի ունեցած խորհրդի նսիտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ խորհրդի նիստի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությանը մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցն էր։
«Անկախ ամեն ինչից՝ հարգում են ժողովրդի քվեն, որ նրանք վստահել են ընդդիմադիրներին, հետեւաբար վերջիններիս կոչ ենք անում խելոք գալ խորհրդարան ու մասնակցել աշխատանքներին»,- նշեց Ռուբինյանը։
Բացառությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի, նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի, Մարտուն Գրիգորյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գեւորգյանի (վերջին երկուսն, ի դեպ, մանդատ ստանալուց հետո դեռեւս չեն էլ երդվել խորհրդարանական ամբիոնից)՝ ՔՊ-ն առաջ էր քաշել ընդիմադիր մյուս պատգամավորներին մադատից զրկելու հարցը։ Պատճառաբանությունն այն էր, թե ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանական աշխատանքին չեն մասնակցում, պատշաճորեն չեն կատարում երեսփոխանական իրենց պարտավորությունները։ Նրանց ասածները, այո, իրականությունից հեռու չեն, բայց եթե ընդդիմադիրներն ԱԺ չեն գնում քաղաքական բոյկոտ հայտարարելու պատճառով, իշխանության ներկայացուցիչները ոչ պակաս անտարբեր ու «թռչող» են խորհրդարանի աշխատանքներից։ Այնպես որ՝ եթե կարիք լինի բացակայության հիմքով քննելու պատգամավորների մանդատազրկության հարցը, ապա դա պետք է տարածվի բոլորի վրա։
Քաղաքական իշխանութունը, փաստորեն, նման կերպով ընդդիմությանը վախեցնելու նոտա է հղում, որ եթե սեպտեմբերին խորհրդարան չվերադառնան, ապա ՍԴ դիմելու ու մանդատից զրկելու մահակը ցանկացած պահի կարող են ջարդել նրանց գլխին։ Կվերադառնա՞ն, թե՞ ոչ, դա քննարկման բոլորվին այլ հարց է, պարզ է սակայն, որ փողոցային պայքարում ձախողած ընդդիմության հետագա ասելիքը շատ դիպուկ ու հստակ պետք է լինի։
Ի դեպ, խորհրդարանն այսօրվանից արձակուրդի է մեկնում։ Պատգամավորները «վաստակած» հանգիստը տարբեր տեղերում կանցկացնեն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանում, Խուստուփի լանջերին, Սեւանում, Դիլիջանում կամ իրենց տանը։ Մեկ տարվա ընթացքում ԱԺ-ն բացի սուր քննադատություններից ու վեճերից նաեւ բռունցքներ, շշամարտեր, հայհոյանքներ ու «հաշիվ մարքրելու» տեսարաններ է տեսել։ Հուսանք՝ սեպտեմբերին՝ խորհրդարանաական նոր նստաշրջանին, պատգամավորները ջղաձգումները պարպած ու դրական լիցքերով կներկայանան։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ