Պատերազմի ամենաթեժ օրերին, հոկտեմբերի կեսերին, Նիկոլ Փաշինյանն իր հերթական «լայվերից» մեկում «բացահայտեց» մի բան, որը քաղաքական դիտորդներին հայտնի էր ավելի շուտ: Նա հայտնեց, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր տեղակայել Արցախում եւ ավելացրեց, որ Հայաստանը դեմ չէ այդ ցանկությանը: Սակայն անմիջապես, սեփական «խորաթափանցությունը» շեշտելո՞ւ, թե այլ մղումով, ապշեցուցիչ նախապայման դրեցՙ «եթե հակառակորդ կողմը նույնպես համաձայն լինի»: Թե ո՞ր սատանան էր Նիկոլին դրդել «հակառակորդ կողմի» պաշտպան փաստաբանությունն ստանձնելուՙ երեւի միայն ինքը գիտի, մեկ էլՙ սատանան: Եվ բանը բանից անցնելուց, մարդկային ու տարածքային ահռելի կորուստներից հետո, ինչպես ասում ենՙ «հոգուն վրա հասան» ռուսական խաղաղապահ ուժերը նոյեմբերի 8-ի գիշերը եւ «Էրեբունի» օդակայանից Նախիջեւանի սահմանի եզրագծով արշավասույր սլացան դեպի Արցախՙ առանց ընկրկելու Նախիջեւանից արձակված հրթիռով իրենց ուղղաթիռի խոցումից, առանց հարցնելու Նիկոլի կարծիքը, որի միակ պարտականությունը եղել էր կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելը:
Դիտորդների ուշադրությանը չարժանացած վերեւի դրվագը ընդամենը մեկն է կորսված այն պատեհություններից, որոնք պատերազմի առաջին օրերից, նույնիսկ դրանից դեռ շատ առաջ ներկայացան Նիկոլին ու նիկոլականներին, որոնք մարտնչող ապիկարության, քաղաքական ու ռազմական տգիտության եւ հետագայում դեռ բացահայտելի այլ պատճառներով անտեսվեցին, նույնիսկ մերժվեցին: Հետեւանքը եղավՙ սեփական սխալներով ու տարածաշրջանային նոր պայմանների պարտադրանքով հյուսված սարդոստայն, որում այժմ հայտնվել են մեր երկիրը, ժողովուրդը, պետությունը: Բայց առաջին հերթինՙ ինքնակործան իշխանությունըՙ Նիկոլի գլխավորությամբ: Ապացույցՙ նոյեմբերի 9-ից մինչեւ հունվարի 11-ը եւ այնուհետեւ մեր երկրում պարզված պետականազուրկ վիճակը, որի մասին խորաթափանց վերլուծությամբ մեր ներկա համարի 4-րդ էջում հանդես է եկել Երվանդ Ազատյանը:
Բայց հարցերի հարցը մնում է նույնըՙ ինչպես դուրս գալ սարդոստայնից: Ընդդիմությունը, ի դեմս «Հայրենիքի փրկության շարժման», դնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը: Արդար եւ իրավացի պահանջՙ որի սահմանադրական ճանապարհով իրականացումը ներկա պահին անիրագործելի է ոչ թե եւ ոչ միայն Նիկոլի համառության պայմաններում, որքանՙ Մոսկվա-Բաքու-Անկարա եռակողմ հզոր պաշտպանությամբ նրան սարդոստայնի մեջ պահպանելու պատճառով, յուրաքանչյուրն իր կամքը թելադրելու շահագրգռվածությամբ:
Այդ եռյակի ամենակարեւոր անդամը, հասկանալի է, մնում է Ռուսաստանը, որի նախագահը հունվարի 11-ի եռյակ հանդիպման ավարտին չէր թաքցնում իր գոհունակությունը տարածաշրջանում անփոխարինելի թելադրողի իր դիրքերի ամրապնդման փաստից, առանց ուշադրություն դարձնելու Նիկոլի գանգատներինՙ գերիներ, անհետ կորածներ, Արցախի կարգավիճակ, եւայլն: Արդարեւ, Վլադիմիր Պուտինը նպատակասլաց իրականացնում է Հայաստանն ու Արցախը ռազմաքաղաքական ամրակուռ վահանի վերածելու, նոր ռազմաբազաներ ստեղծելու, Ադրբեջանը ԵԱՏՄ ակումբ բերելու եւ, ի մեջ այլոց, Վրաստանը շրջանցելու ծրագրերը:
Նկատի ունենալով այս պահին այլընտրանքային տարբերակներից մեր երկրի զրկված լինելու փաստը, որոշ շրջանակներ, ինչպես նաեւ հասարակության մի կարեւոր շերտ, առաջ են քաշում Ռուսաստանի հետ դաշնային հարաբերություններ (կոնֆեդերացիա) հաստատելու նպատակահարմարությունը, որի մասին մեր թերթի ներկա համարի 3-րդ էջում հանգամանորեն անդրադարձել է մեր մշտական հեղինակներից, քաղաքագետ Արամ Սաֆարյանը: Այստեղից հետեւում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը», որի ներկայացուցիչներից ոմանց Մոսկվայում խորհուրդ էին տվել Երեւանը Մայդանի չվերածել, այսինքնՙ Նիկոլի պաշտոնազրկումը չդարձնել գլխավոր նպատակակետ, պետք է նախաձեռնողականություն հանդես բերի եւ այլ տարբերակների հետ լրջորեն քննարկի Ռուսաստանի հետ դաշնային հարաբերություններ ստեղծելու խնդիրըՙ ի խնդիր պետականությունը ի սպառ չկորցնելու առաջնահերթության: Այլ խոսքովՙ որդեգրել սարդոստայնից ինչ-որ կերպ դուրս պրծնելու թերեւս վերջին ձեւըՙ իր անպատեհություններով եւ առավելություններով հանդերձ:
Մինչ այդՙ մոռացած ե՛ւ գերիներին, ե՛ւ անհետ կորածներին ու դեռեւս չհայտնաբերված զոհերին, Նիկոլն այս օրերին շոգեպինդ լծված է հունվարի 11-ի հայտարարության մեջ նախատեսվողՙ այսպես կոչված ճանապարհային-հաղորդակցային հարցերի ժամկետներին հասնելու գործին: Արտակարգ ոգեւորությունՙ որը ներկա փուլում Հայաստանին չի կարող որեւէ լավ բան խոստանալ, թերեւս միայն կօգնի Նիկոլինՙ իր քաղաքական հոգեվարքը երկարաձգելու: Եվ ընդհանրապես իզուր է այդ ոգեւորությունը, քանզի Վաշինգտոնից հասնող տեղեկությունները խոստանում են վերջ տալ Անկարա-Մոսկվա սիրախաղին. կազմավորման փուլում գտնվող նախագահ Բայդենի վարչության մեջ Թուրքիան չի ունենալու այն գործակիցներին, որոնք Թրամփի օրոք օգնում էին Էրդողանին, որպեսզի խրխնջացող նժույգի վրա նստած արշավի աջ ու ձախ: Հաստատ կարելի է ասել, որ Բայդենի Ամերիկան դուրս է գալու թրամփյան ինքնապարփակվածությունից եւ Անկարային ստիպելու է շարքի կանգնել իր հետՙ հակառուսական ճակատում: Դրան սպասում են Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Իսրայելը եւ Ֆրանսիան: Անշուշտ մենք չենք կարող դուրս գալ պայմանավորվածությունից, բայց կարող ենք ձգձգել, օրինակՙ Թուրքիայից Ցեղասպանության հարցում իր հանցագործության ճանաչում եւ հատուցում պահանջելով:
Սակայն դրա համար հարկավոր է արիություն, հաշվենկատություն եւ կամք: Բաներՙ որոնք պակասում են Նիկոլին եւ նիկոլականներին: Ժամ առաջ պետք է երկիրը որեւէ կերպ դուրս բերել սարդոստայնից: Նիկոլը կարող է մնալ այնտեղ: Մեկ էՙ ի վերջո Սարդը ուտելու է նրան: