«Պայքար» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Լիբանանի Հանրապետության նախագահՙ գեներալ Միշել Աունի հրամանագրով ամերիկահայ հանրահայտ գիտնական եւ ձեռներեց Նուբար Աֆեյանը պարգեւատրվել է լիբանանյան բարձրագույնՙ «Ազգային արժանյաց կարգի» շքանշանով, որը նրան հանձնվել է փետրվարի 2-ին, ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Գաբրիել Իսսայի կողմից: Շքանշանը շնորհվել է Covid-19-ի վարակի դեմ Նուբար Աֆեյանի գլխավորած Moderna ընկերության արտադրած պատվաստանյութի բռնած հաջող քննության կապակցությամբ: Այո, հակառակ Հայաստանում որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, Moderna-ի պատվաստանյութը ամերիկյան գլխավոր համաճարակաբանների կողմից արժանացել է բարձր գնահատանքի:
Հիշեցնենք, որ Ն. Աֆեյանը ծնունդով լիբանանահայ է: Ուսումնառության համար նախ գնացել է Կանադա, սովորել Մոնրեալի Մըկգիլ համալսարանում, որի ընթացքն ավարտելուց հետո անցել է Բոստոն եւ հռչակավոր MIT համալսարանում պաշտպանել դոկտորականը բիոքիմիկոսի մասնագիտությամբ, 1987 թ.ին: Այնուհետեւ, շնորհիվ իր ձեռներեցության ու նոր գաղափարների շտեմարան լինելու իրողության, հիմնադրել է շուրջ 30 մասնագիտացված ընկերություններՙ մոտավորապես 10 մլրդ դոլար ընդհանուր դրամագլխով:
Լիբանանի նախագահի այս ժեստը, որը հատուկ է լիբանանյան ավանդության, այն էՙ գնահատել ու քաջալերել այդ հողի վրա ծնված յուրաքանչյուրինՙ որտեղ որ էլ նա բնակվելիս ու գործելիս լինի, փոքրիկ, շատ փոքրիկ այդ երկիրը դարձնում է եզակի ողջ աշխարհում:
Ո՛ւր էր թե Հայաստան մեր երկիրն էլ այդպիսին լիներ:
Ընդգծենք նաեւ, որ Ն. Աֆեյանը հոգով ու սրտով հայրենասեր է, նվիրյալ իր հայրենիքին ու ժողովրդին: