Դժվար, շատ դժվար է մոտենալ սպիտակ թղթին:
Յուրաքանչյուր անգամ, երբ հոգեհարազատ մարդու կորուստ ես ունենում, անդունդ, մեծ խոռոչ, փոս է գոյանում ներսումդ ու դրսում – բառերով աննկարագրելի զգացում:
Դատարկություն է, մի տարօրինակ դատարկություն, ուր անիվի պես պտտվում է հիշողությունը, պտտվում ետ ու առաջ: Հայությունը կորցրեց իր մտավորական լավագույն զավակներից մեկին. Մխիթարյան միաբանության ավանդույթների կրող ու հավատարիմ ծառայող, այդ ժառանգության իրավամբ տեր ու շարունակող Հարություն վարդապետ Պզտիկյանը հեռացավ մեզանից:
Հայությանՙ Հալեպից Բեյրութ, ապա եւ իտալահայերի ու ֆրանսահայերի, մինչեւ Երեւանի ու Հայաստանի ամենահեռավոր գյուղի բնակչի, յուրաքանչյուր հայ մարդու վրա տարածվում էր նրա բարեխնամ խոսքը, նրա հոգածու, բարի հայացքը: Նա աննկատ, շատ աննկատ էր թափանցում մարդու ներաշխարհ, մարդկային հոգու նուրբ գիտակ էր, կյանքի ու մարդու խրթին հարաբերությունների բանալիների տեղը լավ գիտերՙ հանդարտ ու հավասարակշիռ… գնահատում էր ու արժեք տալիս ազնվությանն ու շիտակությանըՙ «Ես քու մաքուր հոգիդ կը սիրեմ», – այսպես էր ասում:
20 տարի առաջ, երբ խմբագիրս որոշեց ինձ հանձնարարել Մխիթարյան միաբանության 300-ամյակի առիթով հարցազրույց, վարդապետ Պզտիկյանին հանդիպեցի Ալիխանյան փողոցի վրա գտնվող Մխիթարյանների հայաստանյան կենտրոնում: Սկսվեց հոգեկցական մի բարեկամություն ՙ փորձառու ավագ ընկերոջ, ուսուցչի, մտավորական մարդու հետՙ մինչեւ կյանքի վերջին օրերը, մինչեւ ապրիլչորսյան իր վերջին նամակն էլեկտրոնային:
Ինտերնետային տարբեր կայքերում յուրաքանչյուրը կարող է կարդալ Պզտիկյան վարդապետի կենսագրությունը, ծանոթանալ նրա բազմաբովանդակ գործունեությանը:
Սովորել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 50 -ականներիցՙ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում: Հռոմի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն եւ հոգեւոր երաժշտություն, Հռոմի Գրիգորյան համալսարանից ստացել է փիլիսոփայության եւ աստվածաբանության դոկտորի կոչում: Սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում: Հոգեւոր ծառայությանը զուգահեռ երկար տարիներ պատասխանատուն է եղել Միաբանության վանքում գործող թանգարանի, խմբագրապետըՙ «Բազմավէպ» հանդեսի: Դասավանդել է Մխիթարյան տարբեր կրթարաններում, տնօրենն է եղել Հալեպի վարժարանի եւ մինչեւ կյանքի վերջին օրըՙ Փարիզի (Սեւր) Սամուէլ Մուրատեան վարժարանի: Հեղինակ է հայագիտական, պատմագիտական բազմաթիվ աշխատությունների, էսսեների, ճամփորդական նոթերի, խոհագրությունների, իր ավանդն է բերել հայ եկեղեցագիտության եւ կրոնագիտության մեջ: Սա մի հակիրճ տեղեկություն է կենսագրական, սակայն մենք փնտրում ենք մարդունՙ բազմաբեղուն մտավորականի, ազգանվեր հայի, խոհուն հոգեւոր այրի, նրբազգաց արվեստագետի մեջ ամենից առաջ մենք փնտրում ենք բարեմիտ ու պարզ հայ մարդուն:
Հիշողություններն ու հույզերն այնպես են խառնվել, որ հիմնական թելը որսալ չի լինում, այնքան բազմազան են ու հետաքրքրական, եւ շատ դժվար է դառնում պատկերացնել, որ վարժարանիՙ նրա անչափ հագեցած աշխատասենյակը թափուր է հիմա, որ վաղ առավոտ չի բացելու լուսամուտըՙ դարավոր ծառերի շնչառությունն առնելու, Սենի ջրերից եկող Փարիզի հին ու նոր զրույցներն ունկնդրելու: Ու հետո չի սկսելու ամենօրյա աշխատանքը. առաջացած տարիքում, մի քանի ծանր վիրահատություններից հետո անգամ նույն ջանասիրությամբ աշխատում էր, կարգի բերում արխիվները, գրում էր, նկարում:
Վարդապետ Պզտիկյանի կապը Հայաստանի հետ զավակի ու մոր կապի պես ջերմ ու ամուր էր: Նա անգիր գիտեր մեր երկրի ամեն անկյուն, բոլոր` եւ հատկապես մոռացության մատնված հնավայրերն ու եկեղեցիները: Թե ինչ գորովանքով էր մոտենում մեր սրբավայրերին, երկյուղածությամբ դիպչում հնամյա գրություններին, ինչ հոգատարությամբ էր սրբում մամռակալած խաչքարերը, մեկիկ- մեկիկ հավաքում անփութորեն թափված դրանց կտորտանքները, վերցնում հետըՙ մասունքի պես պահպանելու. ով եղել է իր հետ, կվկայի: Որպես մի ուխտավոր էր նա շրջում Հայաստանով մեկ, լուսանկարչական ապարատով արձանագրում ամեն դիտարժան պատկեր, ամեն անկյուն, միայն հնավայրեր, պատմամշակութային վայրեր չէ, որ այցելում էր: Նրա դիտողունակ աչքից ոչինչ չէր վրիպում, ոչ մի մանրուքՙ քաղաքային առօրեական կյանք լիներ, մշակութային թե մարդկային հարաբերություններ, արձանագրում էր, դրվատում լավը, պախարակում անմշակը, վատը, սակայնՙ խնդրին պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու, դրանք փոխելու, շտկելու բարեմիտ ցանկությամբ: Մեր կյանքի վավերագիրն էր նա, ժամանակագիրը: Եվ իհարկեՙ իր բարեհոգի հայացքը խաչքարերից ու հնավայրերից անպայմանորեն դարձնում էր մարդուն, նրա հոգսերին, շատ լավ գիտեր մեր կյանքն ու մեր դժվարությունները: Ամեն այցելության օգնություն էր բերում կարիքավոր ընտանիքների, անհայր երեխաների, այցելում գյուղաբնակների, հյուրընկալվում նրանց հարկի տակ, գյուղական մթերք էր գնումՙ զուտ օգնելու համար: Սիրում էր այցելել Վերնիսաժ, նկարներ գնում էր հատկապես ավելի կարիքավորներիցՙ նրանց օգնելու համար: Շատ զգայուն էր մտավորական մարդկանց, շնորհալի երիտասարդներին, արվեստագետներին գնահատելու, աջակցելու առումով: Վարդապետը գեղագետ էր, արվեստի գիտակ. նկարիչ էր: Մի յուրատեսակ աշխարհ էր ստեղծում նրա վրձինը. եւ հատկապես վերջին գործերը այս տարիների մենության, երբ լիովին տրված էր հոգեւոր խոկումների, իր ներքին պայծառացումների գունային արտանետումներն ենՙ վերացարկումներն առարկայական աշխարհից դեպի մտային ոլորտներ, դեպի խորքեր ու խորքեր… դեպի առեղծվածայինն ու անշոշափելին:
Իմ բարեկամն այնքան թանկ հիշողություններ ուներՙ հատկապես շատ հետաքրքրական պատմություններ էր պատմում 60-70-ականների կեսերի փարիզյան արվեստային մթնոլորտից, երբ ինքըՙ երիտասարդ վարդապետ, հայտնվում է մի այդպիսի միջավայրում, որը նա համարում էր Փարիզի ոսկե ժամանակներ: Ֆրանսիական մտավորական ընտրանին էր հավաքվում, արվեստագետներ, արտիստներ: Ասում էրՙ «Ես անհայտ մեկն էի, երտասարդ մի վարդապետ, բայց ես փիլիսոփայություն, աստվածաբանություն գիտեի, սա իմ առավելությունս էր, անոնք արտիստներ էին, այդ բաները չգիտեին, ես ուշադրություն գրավեցի»: Ամեն անգամ երբ ասում էիՙ «Վարդապետ, հուշեր ինչո՞ւ չեք գրում», մեղմ ժպտում էր, թեՙ «Դա իմ կյանքս է, իմ անձնական հարստությունս, այլոց ինչ կհետաքրքրե: Բախտը,- ասում էր,- շռայլ գտնվեց իմ հանդեպ…»: Բախտըՙ բախտ, բայց եւՙ կյանքում այդպիսի բաները պատահական չեն լինում, դրանք վաստակում են ու նաեւ շարունակություն են մի ուրիշ, հեռավոր անցյալի…
…Ահա եւ օրվա դատարկության մեջ պտտվում է հիշողության անիվն ու կանգ առնում մի կադրի վրա, անշարժանումՙ ինչպես լուսանկար: 2019 թվական, հունվարի 5: Սոսկալի ցուրտ է Փարիզում: Սեւրի Սամուէլ Մուրատեան վարժարանի բակում ենքՙ հարազատացած, հյուրընկալ կրթօջախ: Վարդապետը ինձ անծանոթ մեկի հետ կանգնած է վարժարանի դռների մոտՙ ձեռնափայտով, հողաթափերըՙ բաց ոտքերին, զայրացած, շփոթված, մտահոգ: Անհայտ անձինք այս էլ որերորդ անգամ ներխուժել էին վարժարանի տարածք, ջարդուփշուր արել ապակիներ, վնասել ներսում եղած գույքը: Նա միտում էր տեսնում, վանդալիզմ, վարժարանի գոյությանը սպառնացող վտանգ: Երբ աշակերտները պակասեցին ու գրեթե այն որպես կրթարան չէր գործում, մտահղացում եղավ շենքը վերածելու եվրոպահայերի մշակութային կենտրոնիՙ թանգարանային, գրադարանային, արխիվային բաժիններով, ցուցասրահներով, դասախոսությունների համար նախատեսված լսարաններով, հյուրերի համար կացարանով: Կային մի քանի նախագծեր, նա աջակիցներ էր որոնում, նամակագրություններ, հանդիպումներ ունենում: Երազանքը, ծրագրերը սակայն մնացին չիրականացած: …Երբ ներս մտանք, վարժարանը առաջվանը չէր. լքված էր, անխնամ, ճնշող էր տպավորությունը, չկային նախկին ուրախ ձայներն ու անցուդարձերը, շենքը չէր ջեռուցվում, իր սենյակում տաքացնող մի սարք էր միացրած, խնայում էր, նյութական սուղ վիճակ էր: Ինքը մեն-մենակՙ ֆրանսիական միջնադարի պատմական ծանր շինության պատերի մեջ նվիրյալ մի պահապան էր, բերդապահը հայոց կրթարանի: Մինչեւ վերջին շունչը հավատարմորեն ծառայեց Մխիթարյան սուրբ ուխտին, դիմացավ, տոկաց, աշխատեց:
Անցած աշնան արցախյան պատերազմը, Հայաստանի աղետալի վիճակը վերջին հարվածն էր, որ ստացավ: Ծանր էր տանում մեր պարտությունը, հազարավոր երիտասարդ մարդկանց կորուստը, այս ընդհանուր բարոյալքումը: Մտահոգ գերեվարված մեր զավակների ճակատագրով, տագնապում, բայց հույսը չէր կորցնում, առաջարկներ էր անում, խորհուրդներ տալիսՙ պահպանելով հավատն առ հայրենին, առ հայ մարդը: Հավատն առ Աստված: Վերջին գրառումը Սուրբ Հարության տոնի օրն էր, ապրիլի 4-ին, շնորհավորեց հայերինՙ իր սիրելիներին ու հեռացավ:
…Մենք չգիտենք, չենք կարող իմանալՙ ինչ ապրում, ինչ հույզ է ունենում հեռացողը, բայց գիտենքՙ ինչ կտրատող ցավ, մրմուռ է զգում մնացողը: Երեւի թե կարոտն է…