Պատերազմից հետո կյանք կա՞. կա՛: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչները հումոր են անում, քահ-քահ ծիծաղումՙ Փաշինյանի առանձնակի մասնակցությամբ, հետո նույն Փաշինյանը կառավարության նիստերին կարող է հումորներ անել: Չէ, չենք ասումՙ հումոր, կատակ չի կարելի անել, չենք ասումՙ ժպտալ-ծիծաղելը, բարձր տրամադրություն ունենալն արգելվում է, մանավանդ որ իշխանական օղակներից ներքին հրահանգ է իջեցվել, որ պետական հաստատություններում պատերազմից, Արցախից, կապիտուլյացիայից, Սյունիքից առհասարակ չխոսվի: Բայց ծայրահեղ, աննախադեպ ողբերգական այս իրավիճակում ԱԺ-ի ամբիոնից հումոր անելն ու հռհռալն առնվազն անբարոյականություն է:
Իշխանությունների «կերտած» անտարբեր իրականությանը զուգահեռ մեկ այլ իրականությունՙ Եռաբլուրը: Հայաստանի իշխանությունը գրավածների միակ ու վերջին այցը Եռաբլուր բոլորս ենք հիշումՙ Եռաբլուրի նվաճումը, Եռաբլուրի զավթումը, Եռաբլուրի օկուպացիան:
Այն ժամանակ փոքրիկ շիրմաքարերը մահարձաններ էին հիշեցնում, այն ժամանակ տղաների անուն-ազգանունները, ծննդյան-մահվան տարեթվերը խորն էին խոցում, բաց վերքի վրա աղ լցնում, մրմռացնում: Հիմա էլ է վերքն արնածոր, վերքը երբեք չի սպիանալու, որովհետեւ իշխանությունների հռհռոցները բարձր են զրնգում հերոսացած տղաների հարազատների ականջներում: Զուգահեռ իրականության մեջՙ ասես այլ մոլորակում, հերոսացած տղաների հարազատները հայերեն ողբ են ասում իրենց զավակների շիրիմներին, այն նույն հայերենով, որով հումոր են անում ու հռհռում Փաշինյնաը, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը:
Եռաբլուրը միավորել է բախտակից ծնողներին, նրանց միջավայրը, շրջապատը փոխվել է. որդի, ամուսին, եղբայր, հայր կորցնելու ողբերգությունը նրանց սրտերն ու հոգիները նույնացրել է, հարազատ դարձրել: Նրանք մեկը մյուսի որդու, եղբոր, հոր, ամուսնու ծննդյան տարեդարձերը նշում են Եռաբլուրում, միմյանց ձեռք սեղմում, միմյանց ուս գրկում, կարոտի հոգոցներն իրար խառնում:
Մոլորակի պատմության մեջ կյանքն ու մահն այս աստիճան սերտաճած, ընդելուզված չեն եղել, որքան հայ իրականության մեջՙ Եռաբլուրում:
Եռաբլուրում տղերքի տարեդարձերն են նշում: Ամեն օրՙ տասնյակ տարեդարձեր: Ո՛չ համաշխարհային գրականությունն ունի բառային համապատասխան արտահայտչամիջոցներ, ո՛չ համաշխարհային կինոյում կան էկրանային այսօրինակ պատկերներ, որ համեմատելի լինեն Եռաբլուրի տեսարանների նկարագրության հետ:
Ես տեսել եմ որդու շիրմի մոտ նստած, որդու հետ հանգիստ զրուցող, իր մտքերն ու կարծիքը որդու հետ կիսող հոր կերպարանքը, տեսել եմ եղբոր շիրիմը ծաղիկներով զարդարող, աղոթք մրմնջացող քրոջՙ արցունքից խամրած աչքերը, տեսել եմ կոնֆետի մի հատիկն իր բերանը գցող, մյուսըՙ հոր շիրմին դնող երեխայի անմեղ ժպիտը, տեսել եմ ձեռքի ափը որդու շիրմաքարի սուր անկյանը քսող ու ձեռքն արյունոտող մոր հեծեծանքը, բայց ցավի զգացողությունը, ողբը, սուգը հետզհետե այլ փուլ է թեւակոխում: Դա համակերպվելու, կատարվածի հետ հաշտ ապրելու, մեղավորին ներելու փուլ չէ. այդ փուլը երբեք չի գալու:
Դա դպրոցական նստարանից պատերազմ գնացած, մանկությանը դեռ հրաժեշտ չտված, իր ներսի չարաճճի մանկանը մի ակնթարթում սպանած ու թուրք վարձկանի դեմ առնական զինվոր դարձած, կյանքի համը դեռ չզգացած, աղջկա ձեռք դեռ չբռնած, մի կարգին շոր ու կոշիկ չմաշեցրած սերնդի չապրածը, չտեսածն ու չզգացածը լրացնելու մեծ ցանկությունն է, որ ցավն ընդգծում է աննկարագրելի դրամատիզմով ու տրագեդիայով:
Անտիկ հունական ողբերգություններում անգամ նման պատկերներ ու զգացողություններ չկան. Եռաբլուրում զոհված հերոսի 20-ամյակն են նշում: Քույրը եղբոր նկարներով շապիկներ ու կրծքանշաններ է պատվիրել բոլորի համար: Մինչեւ բանակ գնալը, եղբայրն իր ծննդյան օրերն իսկական տոնի էր վերածում. քույրը ամեն դետալ կարեւորելովՙ պատկերացրել է, թե եղբայրն ինչպես կուզենար նշել իր 20 ամյակը եւ ամեն ինչ արել է այնպես, որ եղբոր ճաշակով, նրա սրտով լինիՙ մեծ տորթՙ տանկի պատկերով, որովհետեւ եղբայրը տանկի նշանառու էր, ու հենց տանկի վրա էլ զոհվել է, նրա սիրած վարդերը, կոնֆետները, նվերները: Վերջում եղբոր դասընկերները դեպի երկինք են բաց թողնում աղավնիների, որ ճերմակ թռչուններն իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները տեղ հասցնեն: Հարազատներն արցունքների ու հոգու մղկտոցների միջից իրենց զավակի ծննդյան տարեդարձը նշում են այնպես, կարծես նա ողջ է, իրենց կողքին, տեսնում ու վայելում է բոլոր անակնկալները, հաճելի պահերը, իրեն նվիրված բոլոր արարողությունները: «Հյուրերն» անգամ բարձրաձայն արտահայտվում են, որ ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, ճաշակով, բարձրակարգՙ հոբելյարին արժանի: Տղայի ծննդյան տարեդարձին նրա շիրմի մոտ հավաքվում են ոչ միայն հարազատները, ազգականները, մտերիմները, ընկերները, այլեւ շիրմակից տղաների ծնողները: Ու շատերը, ծաղկեփնջերից բացի, նվերներով են գալիս: Նվերներՙ կամ հոբելյարին, կամ նրա որդեկորույս մորը, եղբայր կորցրած քրոջը:
Նրանք չեն գժվել, չեն խելագարվել, անափ վիշտը նրանցից չի խլել բանականությունը կամ իրականության գիտակցումը, ոչ էլ ցուցամոլ կամ քաղքենի են նրանք: Երկու պարզ ճշմարտություն է պետք հաշվի առնել ու վերջ. նախՙ նրանց զավակները ողջ են, երկրորդՙ Եռաբլուրը նրանց զավակների տունն է, ու ծննդյան արարողությունները, բնականաբար, կատարվում են ողջերի համար, ողջերի օջախներում:
Տղաների շիրիմների մոտ ափսեով խմորեղեն, քաղցրավենիք, կոնֆետներ, տնական հալվա, մրգեր, գնդակ, խաղալիք ինքնաթիռ ու ավտոմեքենա կարելի է տեսնել: Քեռին երազում էր ավտոմեքենա ունենալ, քրոջ որդին նրան իր խաղալիք ավտոմեքենան է նվեր բերել: Որդին փախլավա էր շատ սիրում, մայրը թխել է փախլավան ու մի տասը կտոր որդուն հասցրել: Համադասարանցի աղջիկն այդպես էլ չհասցրեց մի քանի տարի շարունակ իր սրտում բույն դրած սերը խոստովանել տղային, մտածել էրՙ բանակ կգնա-կգա, հետո կասի: Տետրի թղթի վրա գրել է իր թաքուն սիրո մասին, դրել տղայի շիրմինՙ վրան էլ մի քար, որ քամին իր սերը չքշի-տանի: Տղայի մայրը կգա, անանուն նամակը կկարդա, շուրջը կնայի, կփնտրի իր որդուն սիրահարված խորհրդավոր աղջկան ու չի գտնի: Ու մտքում կսկսի իր որդու ճաշակով, որդու դասարանցիների մեջ փնտրել իր «հարսնացուին», կհյուսի որդու երեւակայական սիրո պատմությունըՙ ընտանիք, հարս, թոռներ:
Նոր տարուն տղաների շիրիմների մոտ նրանց նկարներով զարդարված տոնածառեր կային. Ամանորի գիշերը Եռաբլուրը ողողված էր լույսերով, գերիշխում էր արյան գույնըՙ կարմիրը:
Սուրբ Հարության տոնին տղաների շիրիմների մոտ ծառի ծյուղեր էին դրվածՙ վրան ներկած հավկիթներ ու տղաների նկարներըՙ վաղ մանկությունից մինչեւ ուշ մանկություն, մինչեւ պատերազմը:
Հիմա Եռաբլուրում ծննդյան տարեդարձերն են հաճախակի նշվում: Արարողություններից հետո տղաները ծննդյան շքեղ տորթի, գունեղ փուչիկների, շնորհավորական բացիկների, բազում նվերների հետ մինչեւ լուսաբաց մեն-մենակ են մնում: Հարազատներն ամեն ինչ թողնում են այդպեսՙ շքեղության մեջ քարացած, անշնչացած, արցունքի ու կարոտի մեջ ամփոփված, ու գնում են, մի կերպ գիշերը լուսացում, որ առավոտյան նորից գանՙ նախորդ օրվա «ծննդյան տարեդարձի սեղանը հավաքելու»:
Նրանց կյանքը, ապրած ամեն օրը դուրս է բոլոր օրինաչափություններից: Մոլորակը նման ողբերգություն դեռ չի տեսել: Գրականության մեջ, թատրոնում, կինոյում, արվեստում մեզ հայտնի են մի քանի դասական ու ոչ դասական ժանրեր: Այս իրականությունը ո՛չ տրագեդիա է, ո՛չ դրամա, ո՛չ տրագիկոմեդիա:
Եռաբլուրում ամեն օր, ամեն վայրկյան ավելի շատ մարդ կա, քան Երեւանի ամենաբանուկ կենտրոնում: Ծնողները ոչ թե ամեն օր, այլ օրը մի քանի անգամ են այստեղ գալիս, գիշերը լուսացնում են, օրը մթնեցնում միայն մի նպատակովՙ Եռաբլուր գալու համար:
Եռաբլուրում ծննդյան տարեդարձերը հիմա հաճախ են նշվում. գիտե՞քՙ ինչու: Որովհետեւ հենց գարնանը ծնված տղաներին են ամառվա զորակոչով բանակ տարել, ու եկել է նրանց 19, 20 ամյակները նշելու ժամանակը: Վերջին ծննդյան տարեդարձը 18-ն է եղել, ընդամենը 18-րդ գարունը: Նրանք չեն հասցրել իրենց որդիներին լիարժեք ճանաչել, մի կուշտ զրուցել նրանց հետ, սրտի գաղտնիքն իմանալ, նպատակների մասին լսել, մի թանկ նվեր առնել նրանց համար, ոտքից գլուխ սիրուն հագցնել: Մինչեւ 18-ը, նրան սիրել ու գուրգուրել են երեխայի պես. բանակից հետո պիտի հասակն ու թիկունքը, խելքն ու հոգին չափեին, բազկի ուժը տեսնեին… Չհասցրին, չթողեցին, խլեցին, սպանեցին:
Հաջորդ տարիներին տղաների չապրած տարիներին տարիներ կավելանան, 19 ու 20-ը կմեծանան, բայց տղաները ծնողների համար կմնան նույն տարիքում, նույն երեխան, ինչ բանակ գնալուց ու պատերազմից առաջ էին: Տղերքի չապրած գարունները կշատանան, բայց նրանց չիրականացված երազանքները նույնը կմնանՙ ինչ մինչեւ բանակ գնալն ու պատերազմն էրՙ ավտոմեքենա, ուսում, աշխատանք, Հայաստանից բացի, մի ուրիշ երկիր էլ տեսնելու ցանկություն, մայրիկի թխած «Միկադոն» կամ «Ընկույզով տորթը», սմարթֆոն կամ մի լավ ժամացույց:
Եռաբլուրում ամեն օր ծննդյան տարեդարձեր են նշվում, բայց դրանք ոչ մի կապ չունեն զուգահեռ իրականությանՙ ԱԺ-ի կամ կառավարության ամենօրյա խրախճանքի ու խանդավառության հետ, որտեղ խեղկատակ ձեռնասունների հռհռոցների տակ անձնական ու համազգային ողբերգությունները շարունակվում են: