ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ցանցային հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Տպավորություն է ստեղծվում, թե արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները փոքր-ինչ փոխել են Չինաստանի վերաբերյալ նորությունների մատուցման իրենց կանոնները, որոնցում այժմ գերակշռում են տեխնածին վթարների եւ վատ օդերեւութաբանական պայմանների (ցիկլոններ եւ հակացիկլոններ, հեղեղումներ եւ ձնահյուսեր) մասին լուրերը: Վերջերս այդ տեղեկատվական գործակալությունները բավական սեղմ եւ փոքր-ինչ դժկամորեն համաշխարհային հանրությանը տեղեկացրին չինական տիեզերական ծրագրի խոշոր ձեռքբերման մասին. մարսագնացով տիեզերական մոդուլը մայիսի 15-ին իջավ Մարսի մակերեսի վրա եւ դարձավ Չինաստանի առաջին տիեզերական սարքը, որը վայրէջք կատարեց մեկ այլ մոլորակի վրա:
«Երկնքին ուղղված հարցերը» շարունակվում են
Տիեզերասարքը կրում է «Թյանվեն – 1» անվանումը եւ բաղկացած է ուղեծրային մոդուլից, իջեցվող սարքից եւ մարսագնացից: Այն արձակվել է 2020թ. հուլիսի 23-ինՙ «Չանչժեն – 5» հրթիռակրով Այնան կղզու Վենչան տիեզերակայանից: Տիեզերասարքի անվանումը շատերը կապեցին չինական Թայվան կղզու հետ եւ այդ պատճառով էլ սոցիալական ցանցերում անգամ խոսակցություններ եղան ինչ-որ քաղաքական համատեքստի մասին: Բայց դա բնավ այդպես չէ, եւ որ գլխավորն էՙ փիլիսոփայական առումով շատ ավելի հետաքրքրական ու իմացական է: «Թյանվենը» չինարենից թարգմանվում է որպես «հարցեր երկնքին», եւ իր անվանումը սարքն ստացել է ի պատիվ Չինաստանի «Մարտնչող Թագավորությունների» դարաշրջանի առաջին քնարերգու Ցյույ Յուանի (մ.թ.ա. 340-278թթ.) համանուն բանաստեղծությունից, որի ստեղծագործություններն ամրագրված են գրավոր ավանդույթում: Համաձայն «արժանիների իշխանություն» ձեւավորելու չինական քաղաքական սկզբունքի, Ցյույ Յուանը ստանում է նախարարի պաշտոն արքունիքում եւ նրա կերպարը դարձել է չինական մշակույթի խորհրդանիշներից մեկը: Բանաստեղծը շատ հարցեր ուներ աշխարհաստեղծման վերաբերյալ, որոնցով նա դիմում էր երկնքին. օրինակՙ «Լույսն արեւից է, ինչո՞ւ: Ծնունդով որտեղի՞ց է լուսնի լույսը»: Այնպես որ, ժամանակակից Չինաստանում, որտեղ այսօր էլ սրբորեն հետեւում են հազարամյա իմաստության այն կանոնին, թե «պատմության մոռացությունը հավասար է դավաճանության», իրենց տիեզերասարքն անվանեցին Ցյույ Յուանի բանաստեղծության պատվին: Վերն ասվածի համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ առաջին չինական մարսագնացը ստացել է «Չժուժուն» անվանումը (կրակի աստծո անունն է հին չինական առասպելաբանությունում): Սակայն վերադառնանք չինական տիեզերական ծրագրին:
Ըստ երեւույթին, բնավ պատահական չէ (իսկ չինական քաղաքականությունում պատահականությունները հազվադեպ երեւույթ են), որ լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ նաեւ այն մասին, որ «Ռոսկոսմոսը» եւ ՉԺՀ Ազգային տիեզերական գործակալությունը նախատեսում են սույն թվականի հունիսի 16-ին իրականացնել Լուսնի վրա համատեղ միջազգային գիտահետազոտական կայանի ստեղծման ճանապարհային քարտեզի շնորհանդես: Տեղին է նշել, որ չին-ռուսական համատեղ տեխնոլոգիական նախագծերի իրականացման ավանդույթների սկիզբը դրվել է դեռեւս 20-րդ դարակեսին: Հատկանշական է նաեւ, որ համեմատաբար վերջերս Սի Ձինփինը եւ Վլադիմիր Պուտինը տեսակապի ռեժիմով տվեցին ՉԺՀ-ում գտնվող միանգամից երկու ատոմակայանների նոր էներգաբլոկների շինարարությունն սկսելու մեկնարկը:
Արեգակնային համակարգի մոլորակների ուսումնասիրության հետ միասինՙ Չինաստանը կատարելագործում է նաեւ տիեզերքի ստացիոնար հետազոտման մեթոդները. բոլորովին վերջերս «Թյանչժոու – 2» տիեզերական բեռնատարը հաջողությամբ միակցվեց ՉԺՀ «Թյանհե» ուղեծրակայանի բազային մոդուլի հետ: Այդ մոդուլն արդեն չինական երրորդ միջազգային ուղեծրային օբյեկտն է, որն կարող են այցելել տիեզերագնացներ նաեւ այլ երկրներից: Այլ խոսքով, «երկնքին հարցեր ուղղելու» գործընթացը շարունակվում է…
Այս ամենը վկայում է այն մասին, որ ՉԺՀ-ն վստահաբար մտել է այն երկրների նեղ շրջանակը, որոնք այսօր նախատեսում եւ իրականացնում են տիեզերական տարածքի հետազոտման եւ յուրացման հավակնոտ նախագծեր: Բայց «երկնքին ուղղված հարցերը» բազմաբեւեռ աշխարհում մնում են եւ վերաբերում են ոչ միայն խաղաղ (գոնե առայժմ) տիեզերական տարածքին:
«Պատերազմի աստվածը» եւ «խորամանկ վիճակագրություն»
Վերջերս ի հայտ եկան չինական «անտեսանելի» ռմբակոծչի առաջին նկարները, որը կարող է խուսափել ռադարներից եւ հարվածներ հասցնել ԱՄՆ տարածքին: Պեկինն առայժմ պաշտոնապես չի հաստատել «սթելթ» տեխնոլոգիայով իրագործված «Սյան ծ-20» ռմբակոծչի ստեղծումը, բայց պետական պաշտպանական կորպորացիայի «China North Industries Group» ամսագիրը հրապարակել է այդ ինքնաթիռի համակարգչային գրաֆիկական պատկերը: Բնականաբար, այս իրադարձությունը հատկապես հուզել էր անգլոսաքսերին, որոնք հրապարակում են իրենց փորձագետների արձագանքներն այս առիթով: Հետաքրքրական է, որ վերջիններն այդ ինքնաթիռն անվանել են «պատերազմի աստված երկնքում» եւ անթաքույց խանդով նշել, որ «Սյան ծ-20»-ը հիշեցնում է «Northrop Grumman» ընկերության Թ-2 ամերիկյան ռմբակոծիչը, որը 1997 թվականից կազմում է միջուկային զենք կրող ամերիկյան հեռահար ռազմավարական ավիացիայի հիմքը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ չինական նոր ռմբակոծչի ստեղծումը դարձել է ռազմական ոլորտում Վաշինգտոնի հետ Պեկինի մրցակցության կարեւոր գործոն:
Ներկայացված տվյալներից հետեւում է, որ ՉԺՀ-ն էապես ամրապնդել է դիրքերը գիտատեխնոլոգիական ոլորտում եւ դրանով իսկ մարտահրավեր նետել ամերիկացիներին, որոնք այս գործում մենատեր էին համարվում: Իհարկե, ոչ ոք կասկածի տակ չի դնում ԱՄՆ գիտական ձեռքբերումները: Ավելին, հարկ է ընդունել, որ հիմնականում հենց դրա շնորհիվ են նրանք ժամանակին զբաղեցրել առաջատար դիրք աշխարհում: Բայց հայտնի է, որ ուժերի հարաբերակցությունը բազմաբեւեռ աշխարհում փոխվում է սրընթաց, եւ դա երեւում է նաեւ պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծությունից:
Քաջ հայտնի է, որ ըստ 2020թ. հրատարակված տվյալների ԱՄՆ ՀՆԱ-ն գերազանցում է չինական համապատասխան ցուցանիշը մոտ 1,4 անգամ (20,93 եւ 14,72 տրլն դոլար համապատասխանաբար): Վիճակագրության համաձայնՙ ԱՄՆ-ը 1,28 անգամ գերազանցում է ՉԺՀ-ին գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերի (ԳՀՓԿԱ) գծով. աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է ($476,5 մլրդ), երկրորդումՙ Չինաստանը ($370,6 մլրդ): Բայց այստեղ մի փոքր նրբություն կա թաքնված:
Պետք է հաշվի առնել, որ ՀՆԱ մեծությամբ, որը հաշվարկված է գնողունակության պարիտետով (ԳՈւՊ), ՉԺՀ-ն ԱՄՆ-ին գերազանցում է 1,15 անգամ, այսինքնՙ ռեալ պայմաններում Չինաստանն իրականում ոչ թե 28%, այլ ընդամենը 10%-ով է զիջում ԱՄՆ-ին ԳՀՓԿԱ ծախսերի գծով: Նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ Տնտեսական եւ գործնական հետազոտությունների բրիտանական կենտրոնի (CEBR) հաշվարկների համաձայնՙ ՉԺՀ-ն կարող է ԱՄՆ-ից առաջ անցնել ՀՆԱ ծավալով արդեն 2028թ.: Սակայն այստեղ նույնպես որոշ հարցեր են առաջանում եւ այդ կանխատեսումներին պետք է որոշ թերահավատությամբ վերաբերվել: Հայտնի է, որ Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերը արդեն 2021թ. 1-ին եռամսյակում հասել են 18,3%-ի, այն դեպքում, երբ ԱՄՆ-ինըՙ 6,3%-ի, այսինքնՙ երեք անգամ ցածր չինական ցուցանիշից: Այս տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Չինաստանը ՀՆԱ ծավալով առաջ կանցնի ԱՄՆ-ից զգալիորեն ավելի շուտ, քան 2028 թվականին, ինչը իր հերթին նշանակում է, որ ԳՀՓԿԱ ծախսերի ոչ մեծ տարբերությունն այդ երկրների միջեւ շատ շուտով կվերանա: Ակնհայտ է, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը ոչ մի կերպ չի կարող ուրախացնել Չինաստանի հիմնական մրցակցինՙ ԱՄՆ-ին, որն էլ որոշել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ինչ-որ կերպ արգելակի իր մրցակցի զարգացումն ու ազդեցության սաստկացումը:
Պատերազմ քաղաքակրթության դեմ
Հայտնի է, որ Ջո Բայդենի քաղաքականությունը ՉԺՀ-ի հանդեպ առանձնապես չի տարբերվում նրանից, ինչը վարում էր Թրամփը: Այնպես որ, չարժե զարմանալ, որ Բայդենը նորից բարձրացրել է կորոնավիրուսի չինական ծագման խնդիրը: Այս անգամՙ ուժային կառույցների զեկույցից հետո, ինչը նոր ազդակ հաղորդեց այդ վարակի չինական ծագման եւ, հետեւաբար, աշխարհում տարածման անհեթեթ վարկածին: Այդ վարկածի հաստատման համար Բայդենը ներգրավել է ամերիկյան հետախուզության ողջ հնարավորությունները, որը, նրա խոսքով, «պետք է կրկնապատկի տեղեկատվության հավաքման եւ վերլուծման ջանքերը» եւ արդյունքների վերաբերյալ «զեկուցի իրեն 90 օր անց»:
«Կենսատեղեկատվական պատերազմների» ամերիկյան հայեցակարգի, չինացիների եւ արաբների դեմ ուղղված «գենետիկ ռումբի» սինթեզի նախագծերի, «Կենսավահան» ծրագրի (մի քանի միլիարդանոց բյուջեով) եւ այդ մտահղացման շրջանակում ողջ աշխարհում ամերիկյան բազմաթիվ գաղտնի կենսալաբորատորիաների ստեղծման (այդ թվում եւ Հայաստանում) մասին շատ է գրվել, եւ չարժե, որ մենք այդ ամենը կրկնենք: Բայց ի հավելումն իր կորոնավիրուսային «գաղափարների»ՙ Բայդենը չի հոգնում խոսել Վաշինգտոնի համար թայվանյան հարցի նշանակալիության մասին: Մասնավորապես, Հարավային Կորեայի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած իր հանդիպումից հետո արված հայտարարությունում նշվել էր, որ «Մենքՙ դեմոկրատիաներս, գնահատում ենք բազմակարծությունն ու անհատական ազատությունը, կիսում մարդու իրավունքների առաջմղման մտադրությունն ու օրենքի իշխանությունը տանը, թե արտասահմանում»,- ասվում էր փաստաթղթում, ինչը թերեւս կապ չունի Թայվանի խնդրի հետ:
Նման քաղաքականությունը վկայում է այն մասին, որ նեոլիբերալ գաղափարախոսությամբ համակված ամերիկյան ռազմավարությունն ապրել է իր դարը եւ հետընթացի հուսահատ ազդանշաններ է տալիս: Այնպես որ, տրամաբանական է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմն արդեն ի վիճակի չէ գտնելու իր առջեւ կանգնած խնդիրների լուծումները: Նման հետընթացի նշաններից մեկն, օրինակ, նրանց եւ նրանց դաշնակիցներիՙ օսմանյան բարբարոսական կայսրության ժառանգորդների կողմից սանձազերծված հիբրիդային «հակաքաղաքակրթական» պատերազմն էՙ ուղղված բազմադարյա մշակութային ավանդույթներ ունեցող Չինաստանի եւ Իրանի դեմ: Հատուկ նշենք, որ այդ գործողությունները ծայրահեղ բացասաբար են անդրադառնում նաեւ Հայաստանի վրա: Սակայն, ինչպես ասում են, դա արդեն այլ պատմություն է, եւ այդ թեմային մենք անպայման կվերադառնանք:
Նկար 1. Չինական հրթիռ, որն ուղեւորվում է Մարս
Նկար 2. Լուսանկար Մարսից
Նկար 3. Չինական ռմբակոծիչ H-20